Գուցե քո առջև նոր հնարավորություն է բացվել․․․, գուցե կանգնած ես նոր մարտահրավերների առջև կամ քեզ նոր աշխատանք են առաջարկել, և դու տատանվում ես, քանի որ քեզ բավականաչափ ուժեղ չես տեսնում և անվստահ ես զգում նոր ընթացք սկսելու համար։ Աստվածաշնչում կարդում ենք հետևյալ տողերը․ «Յուրաքանչյուր ոք ինչ շնորհ ընդունել է, այն իրա՛ր մատակարարեք որպես Աստծու զանազան շնորհների բարի տնտեսներ» (Ա Պետրոս 4․10):
Սիրելի՛ բարեկամ, դու Տեր Աստծուց հնարավորություններ, պարգևներ ու տաղանդներ ես ստացել, որպեսզի օգտագործես դրանք մյուսներին ծառայելու համար:
Եվ եթե դու քեզ դեռ չես կարողանում պատկերացնել Աստծուն արդյունավետ ու պտղաբեր կերպով ծառայող մարդու կերպարում, ապա այսօր ուզում եմ քեզ քաջալերել աստվածաշնչյան երկու օրինակով։
Ինչպիսի՞ն էր Դավթի սկիզբը: Նա սկսեց՝ հսկա Գողիաթի դեմ դուրս գալով իր պարսատիկով։ Հետո նա դարձավ զորահրամանատար, իսկ ավելի ուշ՝ թագավոր։ (Կարդա՛ Դավթի պատմությունը՝ սկսած Ա Թագավորաց 17-րդ գլխից)։
Իսկ ի՞նչ կասես Մովսեսի մասին։ Մինչ նա փախուստի մեջ էր և թաքնվում էր իր աներոջ մոտ, Աստված կանչեց նրան, որպեսզի դառնա Իր ժողովրդի մեծ ազատարարը։ Հետագայում Աստված նրա միջոցով մարդկությանը փոխանցեց Տասը Պատվիրանները… Նա նույնիսկ Տեր Աստծու կողմից կոչվեց Նրա բարեկամ: (Կարդա՛ Մովսեսի պատմությունը՝ սկսած Ելից 3-րդ գլխից)։
Երբ Աստված հավատքի այս հերոսներին կանչում էր Իր ծրագրի մեջ դերակատարում ունենալու և մեծագույն հանձնարարություններ էր տալիս, նրանք նույնպես իրենց անզոր, անկարող ու անօգնական էին զգում։ Թե՛ Մովսեսի, թե՛ Դավթի և թե՛ հավատքի մյուս հերոսների հաջողվածության գաղտնիքը իրենց կարողության մեջ չէր, այլ՝ իրենց կանչող Տիրոջ ամենակարողության մեջ։ Միակ տարբերակիչ հատկությունը, որ ունեին այս մարդիկ մյուսներից, հավատքն էր, Տեր Աստծուն վստահելը և Նրա կամքին անմնացորդ հնազանդությունը։
Աստված քեզ նույնպես ուզում է մեծ պատասխանատվություն վստահել։ Աստված քո կյանքի համար ծրագրեր ունի։ Նրա միտքն ու ձեռքերն են քեզ արարել։ Նա է որոշել քո կարողությունը, հնարավորությունը, պարգևներն ու տաղանդները։ Աստված երբե՛ք չի սխալվում Իր ընտրության մեջ։ Նա գիտի, որ դու կարո՛ղ ես իրականացնել այն, ինչի մեջ կանչում է քեզ։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, որպես Տեր Աստծու նվիրյալ ու զորավոր ծառայող կայանալը մի երկար ու դժվարին գործընթաց է, որը պահանջում է համբերություն և հավատարմություն։ Ճիշտ ինչպես Մովսեսի պարագայում, ճիշտ ինչպես Դավթի պարագայում, այնպես էլ քո պարագայում Աստծու կամքին հնազանդության յուրաքանչյուր քայլ, որը համարձակորեն կիրագործես, կմոտեցնի քեզ ավելի արդյունավետ, ավելի հասուն ընթացքի, որովհետև Աստված Ինքն է ստանձնել քեզ հոգևոր պատերազմի համար մարզելու, զինելու ու նախապատրաստելու գործը։ Նա սովորեցնում է քեզ և ձևավորում որպես հավատքի նվիրյալ զինվոր:
Զորացի՛ր, որովհետև դու Աստծու երազանքը քո կյանքում իրականացնելու ճանապարհին ես:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը