October-25

Գլխավոր | Հրաշքներ | Ազատվիր քննադատության հոգուց

Ազատվիր քննադատության հոգուց

Սիրելի՛ բարեկամ, այս աշխարհում ամենադժվարին բաներից մեկը սեփական սխալը տեսնելն ու ընդունելն է։ Եվ, հատկապես, դժվար է այն գիտակցել, երբ մենք քննադատելու սովորություն ենք զարգացրել և հայտնվել այդ ծուղակի մեջ։ Նման դեպքերում մենք ունենում ենք բոլոր հիմնավորումներն ու արդարացումները այդ վիճակի մեջ մնալու համար։ Սակայն, Աստվածաշունչը զգուշացնում է մեզ. «․․․որովհետև ինչ դատաստանով որ դատեք, նրանով պիտի դատվեք, և ինչ չափով որ չափեք, նրանով էլ ձեզ կչափվի» (Մատթեոս 7.2

Իսկ ինչպե՞ս է ձևավորվում քննադատելու սովորությունը: Հիմնականում, քննադատելու կապանքի մեջ են հայտնվում այն մարդիկ, ովքեր իրենց կյանքում բախվել են անարդարությունների, վատ վերաբերմունքի, դավաճանության  և բռնության են ենթարկվել մանկության տարիներին կամ ավելի հասուն տարիքում։ Մյուսներին դատելը որոշակի առումով դառնում է վրեժխնդրության կամ ինքնապաշտպանության ենթագիտակցական դրսևորում։ Մյուսների հանդեպ մեր վերաբերմունքի հարցում մենք դառնում ենք անողորմ, քանի որ ժամանակին ոչ ոք մեր հանդեպ չի եղել ողորմասիրտ։

Անշուշտ, մեզ շրջապատող աշխարհը լի է թերություններով։ Մենք գրեթե ամեն օր ականատես ենք լինում սխալների ու անվայել պահվածքի թե՛ մեզ շրջապատող մարդկանց մեջ, թե՛ մեր ընտանիքներում, թե՛ հասարակության մեջ և թե՛ անգամ հոգևոր կյանքում։ Քննադատող հոգին այս ամենը տեսնում է որպես դժգոհելու և դառնության խոսքերի հերթական «արդարացված» տարափը տեղալու հրաշալի առիթ։ Իսկ ողորմասիրտ մարդը մարդկանց սխալներն ու անվայել պահվածքն ընդունում է որպես նրանց համար բարեխոսելու և, հնարավորության դեպքում, նաև օգնություն ցուցաբերելու՝ Աստծուց տրված հնարավորություն։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այս նկարագրություններից ո՞րն է ճշմարիտ քո պարագայում։ Ինչպե՞ս ես դո՛ւ արձագանքում մյուսների սխալ պահվածքին և քո շրջապատում տեղ գտած անարդարություններին։ Արդյոք դրանք տեսնո՞ւմ ես որպես աղոթքի և մարդկանց ծառայելու հնարավորություն, թե՞ նրանց դատելու, քննադատելու և «արդար» դժգոհության հերթական ալիքը տարածելու առիթ․․․

Ուզում եմ մի կարևոր ճշմարտություն փոխանցել քեզ։ Քննադատության հոգին վանում է մարդկանց։ Անկախ նրանից՝ արդարացվա՞ծ է քո քննադատությունը, թե՞ ոչ, հիմնվա՞ծ է ճշմարտության վրա, թե՞ հորինվածքի, մարդիկ սկսելու են հեռու մնալ քեզնից։ Սա, անշուշտ, ընկճում է և մղում քեզ տրտմության, քանի որ, ինչպես արդեն ասացի, դու չես էլ զգում, որ դատում ես, քննադատում ու դժգոհում ամեն հնարավոր առիթով։ Չես զգում, թե ինչու են մարդիկ հեռու մնում քեզնից։ Արդյունքում, շատ դժվար է դառնում մարդկանցից ընդունել այն սերը, կարեկցանքն ու աջակցությունը, որն անհրաժեշտ է քո զգացմունքային առողջության համար։

Աստված մեզ արարել է սիրելու և սիրված լինելու պահանջմունքով։ Երբ մենք վանում ենք մարդկանց մեզնից, ապա սկսում ենք ապրել մշտական տրտմության վիճակում՝ ավելի շատ խորանալով քննադատության մեջ՝ դժգոհելով, որ մարդիկ չեն գնահատում մեզ, չեն ուզում շփվել կամ համապատասխան հարգանքի արժանացնել մեզ, և այլ։ 

Շատ կուզեմ, որ այս խոսքերը սխալ լինեն քո պարագայում, և դու ոչ թե քո դժգոհությամբ ու քննադատությամբ մարդկանց վանող մեկը լինես, այլ քո ողորմասիրտ ու կարեկից բնավորությամբ, ինչպես նաև մյուսներին քաջալերելու և օգնելու պատրաստակամությամբ լինես նրանց դեպի քեզ ձգող անձնավորություն։ Սակայն ամեն դեպքում ուզում եմ մի քանի խորհուրդներ փոխանցել քեզ այսօր։ 

1․ Հետևի՛ր մտքերիդ և քո շուրթերից դուրս եկող խոսքերին։ Աստվածաշունչն ասում է, որ դրանք պետք է համեմված լինեն քաղցրությամբ և հոգևոր ամրություն պարգևեն դրանք լսողներին (տե՛ս Առակաց 6.24 և Տիտոս 3.2 խոսքերը)։

2․ Խնդրի՛ր Աստծուն, որ բժշկի քեզ քո անցյալի վերքերից և քեզ ողորմասիրտ դարձնի, ինչպիսին Ինքն է քո և մյուսների հանդեպ (տե՛ս Ղուկաս 6.36 խոսքը)։

3․ Շնորհակալություն հայտնի՛ր Տեր Աստծուն, որ քեզ տվել է մյուսների թերությունները տեսնելու պարգևը, բայց նաև խնդրի՛ր, որ այդ պարգևը դառնա նրանց ծառայելու և նրանց համար աղոթելու, այլ ոչ թե դատելու կամ դժգոհելու առիթ։

4․ Ջա՛նք արա և փոխարինիր քո քննադատությունը բարեխոսությամբ, իսկ դժգոհելը՝ օգնություն առաջարկելու պատրաստակամությամբ (տե՛ս Եփեսացիս 4.29 խոսքը)։

5․ Քաջալերի՛ր մարդկանց, եղի՛ր դրական և ողորմասիրտ մյուսների թերությունների ու սխալների հանդեպ։

Այսօր հատուկ աղոթում եմ, որ ազատվես մարդկանց դատելու և դժգոհության ծուղակից, որպեսզի կարողանաս դառնալ այնպիսին, ինչպիսին Աստված է ուզում քեզ տեսնել:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: