July-21 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Ազատող, հոգատար և խրատող Աստված

Ազատող, հոգատար և խրատող Աստված

Մենք ավարտում ենք ուղերձների շարքը, որը կրում էր «Լավագույն մաղթանքը» անվանումը։ Ընթերցե՛նք Բ Կորնթացիս 13․13 խոսքում տեղ գտած մաղթանքը, որի շուրջ կառուցված էին այս շարքի բոլոր ուղերձները․ «Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծու սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ բոլորիդ հետ։ Ամեն» (Բ Կորնթացիս 13․13):

Սիրելի՛ բարեկամ, աստվածաշնչյան այս ուղերձի մեջ ամփոփված է միակ ճշմարիտ Աստծու հոգատարությունն ու խնամքը Քրիստոսի յուրաքանչյուր հավատարիմ աշակերտի հանդեպ։ Աստված սիրում է քեզ։ Աստված հոգ է տանում քեզ համար։ Աստված անտարբեր չէ քո կյանքի և քո ապրումների հանդեպ։ Տերը գիտի քո տառապանքների մասին, քո ապրումների և քո պայքարների մասին։

Քո կյանքի բոլոր դժվարությունների մեջ քեզ անհրաժեշտ են Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Հայր Աստծու սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը։ Քրիստոսի շնորհը զորացնելու է քեզ։ Հայր Աստծու սերը քեզ վստահություն է տալու, որ դու Նրա զավակն ես, և այս տիեզերքի ամենահզոր Անձը քո թիկունքում է ու պաշտպանում է քեզ։ Իսկ Սուրբ Հոգու հաղորդությունը քեզ լցնելու է իմաստությամբ և կյանք տվող ջրերով է հագեցնելու քո կյանքի անապատային վիճակը։

«Տերը Հոգին է, ու որտեղ Տիրոջ Հոգին է, այնտեղ է ազատությունը» (Բ Կորնթացիս 3․17):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված ուզում է, որ դու ապրես իրական ազատության մեջ։ Նա կամենում է, որ դու ազատ լինես ամեն մեղքի ու կապանքի գերությունից, ամեն վախի ու տագնապի բերած մտքի փոթորիկներից, մարդկային կարծիքների գերությունից, ինքնադատապարտությունից ու աշխարհի տարբեր ճնշումներից։ Եվ Նա քեզ համար հոգացել է ամեն բան։

«Նրա աստվածային զորությունը մեզ շնորհեց կյանքին և աստվածապաշտությանը վերաբերող ամեն ինչ՝ ճանաչեցնելով Նրան, Ով մեզ կանչեց փառքով ու առաքինությամբ, որոնցով ամենամեծ ու պատվական խոստումներ են մեզ տրված, որպեսզի դրանցով աստվածային բնությանը հաղորդակից լինեք՝ աշխարհիկ ցանկության ապականությունից խուսափելով» (Բ Պետրոս 1․3-4):

Աստված քեզ շնորհել է ամեն բան, որը պետք է քեզ այս կյանքի և աստվածապաշտության համար։ Քեզ պետք է ճանաչել Նրան և վստահել՝ քո կյանքի ամեն իրավիճակում ընտրելով Նրա բարի, հաճելի ու կատարյալ կամքին հնազանդվելը։ Որտեղ Տիրոջ Հոգին է, այնտեղ է ազատությունը։ Սուրբ Հոգու մշտական ներկայության և Նրա հետ հաղորդակցության համար մենք պետք է փախչենք աշխարհիկ ցանկությունների ապականությունից։

Եթե մենք նվիրվենք հոգևոր աճին ու հասունությանը և մեր որոշումներով ու վարքագծով չտրտմեցնենք Աստծու Սուրբ Հոգուն, ապա Նա մեր կյանքում բերելու է այն երանելի ազատությունը, որին այդքա՜ն շատ ենք փափագել և փափագում մեր կյանքի դժվարին իրավիճակներում․․․ «Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծու սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ բոլորիդ հետ։ Ամեն»:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։վ

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: