August-26

Սիրելի բարեկամ, այսօր գրառումների մի նոր շարք ենք սկսում, որը կոչվում է «Ազատվել տագնապի զգացողությունից»։ Այն հիմնված է իմ սիրելի աստվածաշնչյան խոսքերից մեկի՝ Փիլիպեցիս 4․6-7 հատվածի ուսումնասիրության վրա։ 

Թո՛ղ որ Տիրոջ Խոսքով և Սուրբ Հոգու զորոթյամբ այս շարքն օգնի քեզ, որպեսզի ազատվես քո բոլոր տագնապներից։ Ես հավատո՛ւմ եմ Աստծո զորությանը և լիահույս եմ, որ գրառումների այս շարքի օգնությամբ հավատքդ ավելի ամուր կդառնա և դու վերջապես կհաղթես քո կյանք այցելած տագնապի, վախի ու անհանգստության մտքերին։ 

Աստվածաշնչում կարդում ենք․ «Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի» (Փիլիպեցիս 4․6-7

Իսկ ի՞նչն է քեզ անհանգստացնում։  

  • Ֆինանսակա՞ն խնդիրները,
  • Ուսմա՞ն հետ կապված խնդիրները,
  • Քո կամ երեխայիդ առողջությո՞ւնը,
  • Երկրի անկայուն իրավիճա՞կը,
  • Համավարակի կամ պատերազմի լուրե՞րը,
  • Գուցե ապագայի անորոշությո՞ւնը։

Ես, օրինակ, բավական երկար ժամանակ անհանգստանում էի, թե ի՛նչ կմտածեն մարդիկ իմ մասին․․․

Հիմա ուզում եմ մեկ այլ հարց տալ քեզ՝ ինչպե՞ս կփոխվեր կյանքդ, եթե չանհանգստանայիր ոչ մի բանի համար։ Եվ սա ասելով՝ ես ի նկատի չունեմ չմտածված, անհեռատես որոշումներ կայացնելը կամ ընդհանրապես անգործությանը տրվելը, այլ պարզապես ապրելը՝ չմտահոգվելով այն բաների համար, որոնք մեր վերահսկողությունից դուրս են։

Տեր Հիսուսն այնքա՜ն պարզ է սա մեզ ներկայացնում Իր Խոսքում․ «Դրա համար ասում եմ ձեզ. ձեր կյանքի համար հոգ մի՛ արեք, թե ի՛նչ եք ուտելու, ոչ էլ ձեր մարմնի համար, թե ի՛նչ եք հագնելու․․․։ 

Ձեզանից ո՞վ կարող է մտահոգվելով իր հասակի վրա մի կանգուն ավելացնել․․․։ Սակայն Աստծու Արքայությո՛ւնը փնտրեք, և այդ բոլորը ավելիով կտրվի ձեզ» (Ղուկաս 12․22, 25, 31

Դժվարություններն արտաքին երևույթներ են, մինչդեռ տագնապները ներքուստ են մեզ տանջում։ Գուցե դո՞ւ էլ ինձ նման տրվում ես մտքերիդ հարձակմանը։ Մենք տագապները սխալ ենք ընկալում՝ իբրև բնազդ, իբրև կանխազգացում, մինչդեռ դրանք ընդամենը փորձում են մեզ փոխանցել աղավաղված իրականությունը։ 

Իմ ամենօրյա աղոթքներում ես խնդրում եմ, որ Տեր Աստված ինձ ազատի տագնապներից։ Առանց Տիրոջ օգնության ես անկարող եմ դա անել։ Մտահոգվելու փոխարեն ես նախընտրում եմ․

  • Անել այն ամենն, ինչն իմ հնարավորության սահմաններում է․ ես դիմում եմ Տիրոջ օգնությանը և անում այն, ինչ կարող եմ տվյալ իրավիճակում։
  • Մնացածը՝ անհնարինը, հանձնել Աստծուն և թողնել Նրա հայեցողությանը․ այն, ինչ ես չեմ կարող անել, քանի որ իմ հնարավորությունները շատ սահմանափակ են։ 

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, ես աղոթում եմ, որպեսզի դու իսկապես կարողանաս անել ամեն հնարավոր բան քո հնարավորություների սահմաններում, իսկ մնացածը՝ անհնարինը, թողնես Աստծուն և այլևս չմտահոգվես ու հոգս չանես դրանց համար․․․ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: