October-8

Գլխավոր | Հրաշքներ | Մի՛ վախեցիր և մի՛ հուսահատվիր

Մի՛ վախեցիր և մի՛ հուսահատվիր

«Ահա պատվիրում եմ քեզ, զորացի՛ր և քա՛ջ եղիր, մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ գնաս» (Հեսու 1.9

Սիրելի՛ բարեկամ, Տերը գիտի մեր զգացողությունները, և Նա գիտի, որ մենք կարող ենք նաև վախեր ու անհանգստություններ ունենալ: Նա գիտի, որ մենք կարող ենք թաքնվել վախի հետևում, երբ Տեր Աստծո ծրագրերը մեզ համար չափազանց մեծ են թվում:

Մեր ապաստանը ո՛չ թե վախը պետք է լինի, այլ Աստված:

Վախը մեղքի պատճառով Տեր Աստծուց մեր բաժանման առաջին հետևանքներից մեկն է․ «Պարտեզում Քո ձայնը լսեցի և վախեցա, որովհետև մերկ էի, և թաքնվեցի» (Ծննդոց 3.10

Սատանան պարտված թշնամի է։ Սակայն Նրա հիմնական մարտավարությունը այն է, որ ստի միջոցով մեր մեջ վախ ներշնչի։ 

  • Վախը կաթվածահար է անում մարդուն։
  • Վախը խեղաթյուրում է իրականությունը։
  • Վախը մեզ խանգարում է ճիշտ որոշումներ կայացնել։
  • Վախը մեզ ստիպում է նահանջել, այլ ոչ թե առաջ գնալ:
  • Վախն արգելում է մեզ մտնել այն հրաշալի ծրագրի մեջ, որն Աստված ունի մեր կյանքերի համար:

Հե՛նց վախն էր մեկ քանքար ստացած ծառայի հիմնական խնդիրը․ «Եվ վախենալով գնացի, քո քանքարը հողի մեջ թաքցրի. ահա քոնը» (Մատթեոս 25.25

Այսպիսով, ինչպե՞ս կարող ես հաղթահարել քո վախերը.

  1. Սկսիր՝ վախերիդ աղբյուրը բացահայտելով: Գուցե մարդկանցի՞ց ես վախենում և չափից շատ ես կարևորում նրանց կարծիքը․․․ Այն, թե ինչ նրանք  կասեն խանգարում է քեզ ապրելու այն կյանքով, որ Աստված է պատրաստել քեզ համար: Ահա թե ինչ է հայտարարում Աստված. «Ես, Ե՛ս եմ ձեզ մխիթարողը. դու ո՞վ ես, որ սարսափում ես մահկանացու մարդուց, մարդու որդուց, որը նման է խոտի» (Եսայիա 51.12
  1. Հետո խոստովանի՛ր քո վախերն Աստծուն: Մի՛ մոռացիր, որ վախը վախենում է Աստծո Խոսքից: Վախը ոչ միայն վախենում է, այլև փախչում է, երբ տեսնում է Աստծո և Աստծո Խոսքի հանդեպ անսասան հավատք։ Եթե խոստովանես քո վախերն Աստծուն և Նրանից Իր Խոսքի օգնությունը խնդրես, ապա Տերը հաղթելու է քո բոլոր վախերին, քանի որ Նա՛ է քեզ զորացնող Տերը:

«Ամեն մի գործիք, որ շինված է քո դեմ, հաջողություն չպիտի ունենա, և ամեն լեզու, որ դատաստանի է ելնելու քո դեմ, պիտի դատապարտվի։ Ա՛յս է Տիրոջ ծառաների ժառանգությունը, և Ինձնից է գալու նրանց արդարացումը»,- ասում է Տերը» (Եսայիա 54.17

Այս հրաշալի խոստումը քո կյանքում ընդունելու պայմանը Տիրոջ ծառա դառնալն է։ Ցավոք, շատերն են ուզում ազատվել վախերից, տագնապներից ու անհանգստություններից, սակայն քչերն են գիտակցում, որ այս խոստման իրականացման կարևորագույն քայլերից մեկը Քրիստոսի հավատարիմ աշակերտ դառնալու որոշումն է։ 

Դու կարող ես նաև օգտագործել փառաբանության  և երկրպագության հզոր զենքը։ Երբ երգը միայն մեղեդի ու բառեր չէ, այլ հավատքի հաղթական ցնծություն և Աստծո Խոսքի հանդեպ վստահության դավանություն, ապա այն հերթական հարվածն է հասցնում թշնամուն և ազատում մարդուն նրա բոլոր վախերից։ 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր աղոթում եմ, որ դու հավատքի քաջություն ունենաս ընդունելու, որ քո պատերազմը վախի ու անհանգստությունների դեմ պատկանում է Աստծուն և այլևս ոչ քեզ: Վստահի՛ր Տիրոջը՝ Դու կարո՛ղ ես առանց վախի կանգնել Աստծո խոստումների մեջ և առաջ ընթանալ այս կյանքով խրոխտ ու հաղթական կերպով։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: