«Աղը լավ բան է, իսկ եթե աղն իր աղիությունը կորցնի, ինչպե՞ս այն կվերագտնեք։ Ձեր անձի մեջ ա՛ղ ունեցեք․․․» (Մարկոս 9․50):
Սիրելի՛ բարեկամ, Տեր Հիսուսն ասում էր, որ Իր աշակերտները պետք է այս երկրի աղը լինեն։ Իսկ հնարավո՞ր է, որ աղը կորցնի իր աղիությունը։ Սովորաբար ո՛չ, եթե աղն իրական աղ է։ Սակայն, քանի որ Տեր Հիսուսի ժամանակներում աղը բավականին թանկարժեք ապրանք էր, մարդիկ այն կեղծում էին՝ դրան հավելելով նմանատիպ այլ զանգված, ինչի հետևանքով էլ աղը կորցնում էր իր համը։
Աղը պետք է լիներ մաքուր, իրական ու չկեղծված։ Հենց այսպիսի մաքուր ու իրական հավատացյալ և Քրիստոսի հավատարիմ աշակերտ քրիստոնյաներ մենք պետք է լինենք այս աշխարհում։ Հովհաննես 15․3 խոսքում Տերն ասում է Իր աշակերտներին հետևյալը․ «Դուք արդեն մաքրվել եք այն խոսքի միջոցով, որ ձեզ ասացի» (Հովհաննես 15.3):
Տեր Հիսուսի կամքը քո կյանքի համար այն է, որ դու ո՛չ միայն լիանաս կյանքի համ ու հոտով և վայելես այն, այլև՝ որ քո առատ կյանքը աղի ազդեցություն թողնի քո շրջապատի մարդկանց կյանքերի վրա։
Աղը բազմաթիվ որակներ ունի, որոնք Տեր Հիսուսը կամենում է տեսնել մեր մեջ․
- Աղը համ է տալիս։ Աղը կերակուրը համեղ է դարձնում։ Մենք կանչված ենք այն մարդկանց կյանքերի վրա դրական ազդեցություն թողնելու համար, որոնց համար կյանքը կորցրել է իր համն ու հոտը։
- Աղը մարդկանց մոտ ծարավ է առաջացնում։ Տերն ասում էր՝ երանի՜ նրանց, որ սոված ու ծարավ են արդարության։ Տեր Հիսուսը մեր կյանքերի համը վերականգնեց և մեր մեջ Աստծու հանդեպ ծարավ առաջացրեց։ Աստծու հանդեպ մեր այդ ծարավը տեսնելով՝ մյուս մարդիկ նույնպես ծարավ են զգում Նրա հանդեպ։
- Աղը օգնում է պահպանել սնունդը՝ այն պահելով փչանալուց։ Հոգևոր առումով աղիություն ունենալը նշանակում է հարատևել Աստծու Խոսքին հնազանդության մեջ և ունակ լինել մերժելու գայթակղության ու մեղքի ապականությունը։
- Աղը մաքրում է և հակաբորբոքիչ ազդեցություն թողնում։ Աղի պարունակության չափը մեր կյանքում չափվում է Աստծուն փառավորող կյանք ապրելու մեր ունակությամբ։ Աստվածաշնչի բնորոշմամբ դա կոչվում է սրբություն, առանց որի ոչ ոք Աստծուն չի կարող տեսնել։
Աղի համը կորցրած քրիստոնյաները այն մարդիկ են, որոնք իրենց շրջապատի վրա սրբության ազդեցություն չեն թողնում։ Նրանք ներկայանում են որպես հավատացյալներ, սակայն Քրիստոսի աշակերտի կյանքով չեն ապրում։ Ես հասկանում եմ, որ այս բառերը տարօրինակ ու խորթ կարող են հնչել բազմաթիվ քրիստոնյաների ականջներին։ Սակայն այսպիսին է Աստվածաշնչի փոխանցած ճշմարտությունը։
«Համը կորցնել» խոսքերն ասելով՝ Տեր Հիսուսը նկատի ունի, որ անմտություն է լինել քրիստոնյա, բայց չապրել Իր աշակերտի կյանքով։ Նաև անմտություն է ասել, թե հետևում ես Նրան՝ առանց անձը ուրանալու Նրա պատվերը կյանքի կոչելու։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե քեզ թվում է, թե կորցրել ես Քրիստոսի աշակերտ լինելու քո համը կամ չես էլ ունեցել այն, ապա հորդորում եմ աղոթքով գնալ Տեր Հիսուսի մոտ։ Նա երբե՛ք չի կորցնում մյուսների կյանքերի վրա ազդեցություն թողնելու Իր զորությունը։ Նա կարո՛ղ է քեզ փոխակերպել ու դարձնել Իր հավատարիմ ու նվիրյալ աշակերտը։ Նրա հետ հաղորդակցվելով և Նրա ներկայության մեջ լինելով՝ դու կնորոգվես ու կվերածնվես։
Դավիթի նման դու էլ կարող ես ասել Նրան. «Մաքուր սի՛րտ ստեղծիր իմ մեջ, ո՜վ Աստված, և ուղիղ հոգի՛ նորոգիր իմ ներսում» (Սաղմոս 51.10):
Մովսեսի Օրենքի ժամանակ զոհաբերվող կենդանին պետք է աղով աղանվեր։ Մենք ապրում ենք Քրիստոսի Օրենքի ժամանակաշրջանում, որը նաև Շնորհքի ժամանակաշրջան են անվանում։ Աստծո Խոսքն ասում է, որ մենք կենդանի զոհեր պետք է լինենք և ճանաչենք ու կատարենք Աստծո բարի, հաճելի և կատարյալ կամքը։ Սա նշանակում է, որ մեր կյանքերում մենք պետք է աղ ունենանք՝ աղի ազդեցություն մյուսների կյանքերի վրա։ Եթե դու հավատում ես Տեր Հիսուս Քրիստոսին, ուրեմն դու պետք է այս երկրի աղը լինես․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը