
Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Սաղմոս 34-ի գանձերը» անվանումը։ Այսօրվա ուղերձը կարծես նախորդ ուղերձի թեմայի շարունակությունը լինի։ Աստվածավախությունը Տեր Աստծու հետ մտերմության բանալին է։ Եվ հե՛նց այդ մտերմությունից են բխում Տեր Աստծու օրհնություններն ու Նրա շնորհած ապահովությունը։
«Առյուծի կորյունները կարիքի մեջ են և սոված, բայց Տիրոջը դիմողները ոչ մի բարիքի պակասություն չունեն։ Եկե՛ք, որդինե՛ր, լսեցե՛ք ինձ. ես Տիրոջ երկյուղը կսովորեցնեմ ձեզ» (Սաղմոս 34․10-12):
Սիրելի՛ բարեկամ, Տիրոջ երկյուղը բնածին հատկանիշ չէ։ Այն սովորում են։ Սաղմոսերգուն վերը բերված համեմատությամբ ուզում է մեր մեջ տպավորել աստվածավախ մարդկանց առանձնահատուկ տեղը Տերը Աստծու հոգատարության և պաշտպանության տիրույթում։ Անգամ կենդանական աշխարհի արքա առյուծի կորյունները կարիքի մեջ կարող են լինել ու սոված մնալ, բայց Աստծուն ապավինած և Աստծու երկյուղն ունեցող մարդը ոչ մի բարիքի պակասություն չի ունենա։
«Սիրելի՛ս, աղոթում եմ քո բոլոր հաջողությունների և քո առողջության համար, ինչպես քո հոգին է հաջողության մեջ» (Գ Հովհաննես 1.2):
Մարդու հոգևոր կյանքի առողջ կամ հիվանդ կարգավիճակը, նրա հոգևոր ընթացքի հաջողված կամ ձախողված լինելը որոշում է մարդու թե՛ հաջողությունների և թե՛ առողջության վիճակը։ Հոգևորապես առողջ ու հաջողված լինելու չափանիշը աստվածավախությունն է։
«Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, Ամենասուրբի ճանաչողությունը՝ ըմբռնողություն։ Որովհետև քո օրերն Ինձանով կշատանան, և քո կյանքի տարիները կավելանան» (Առակաց 9․10-11):
«Տիրոջ երկյուղն ավելացնում է օրերը, իսկ անիրավների օրերը կկարճանան» (Առակաց 10․27):
«Տիրոջ երկյուղը դեպի կյանք է տանում, և մարդ նրանով գոհացած կհանգչի և ձախորդության չի հանդիպի» (Առակաց 19․23):
«Ահա Տիրոջ աչքն Իրենից երկյուղածների վրա է և նրանց վրա է, որոնք սպասում են Նրա ողորմությանը, որ նրանց անձերն ազատի մահից և կերակրի նրանց սովի ժամանակ» (Սաղմոս 33․18-19):
«Նա կատարում է Իրենից վախեցողների կամքը և լսում է նրանց աղաղակը ու փրկում է նրանց» (Սաղմոս 145․19):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տիրոջ երկյուղի բերած օրհնությունների և ապահովության մասին այս շարքը կարելի է անվերջ շարունակել։ Իրապես մեծ ու զորավոր խոստումներ կան Աստծու Խոսքի մեջ աստվածավախ մարդկանց համար։
Որքա՜ն բան են կորցնում այն մարդիկ, որոնք չգիտեն Տիրոջ երկյուղի մասին։ Որքա՜ն անպաշտպան ու խոցելի են հոգևոր կյանքում այն մարդիկ, որոնք չեն ուզում սովորել Տիրոջից երկյուղ ունենալ կամ իրենց ականջը տալիս են մոլորեցնողների քարոզներին ու ու ուսուցումներին, որոնք մերժում են աստվածավախության կյանքը և քարոզում աշխարհասիրություն։
Օրհնություն և ապահովություն կա Տեր Աստծու հետ մտերմության հարաբերություն ունեցող հավատացյալների համար, իսկ Աստծու հետ մտերմությունն անհնարին է առանց աստվածավախության։ Սովորե՛նք Տիրոջից երկյուղել և ապրե՛նք Տեր Աստծուն հաճելի կյանքով․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:

Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը