March-30

Գլխավոր | Հրաշքներ | Քրիստոսի հարությունը հավիտենական կյանքի խոստում ունի իր մեջ

Քրիստոսի հարությունը հավիտենական կյանքի խոստում ունի իր մեջ

Տեր Հիսուս Քրիստոսի խաչելությունը, մահը և հարությունը խոսում են մահվան վրա Նրա ունեցած իշխանության մասին և հիմք են հանդիսանում Նրա կողմից Իրեն հավատացողներին հավիտենական կյանքի պարգևը տալու համար։ Հավիտենական կյանքի պարգևն ընդունելուց ավելի կարևոր բան չկա՛ և չի՛ կարող լինել այս ժամանակավոր կյանքում ապրող ցանկացած մարդու համար։ Եվ այս մեծագույն և կարևորագույն պարգևն ընդունելու բանալին հավատքն է։ 

Սիրելի՛ բարեկամ, իսկ դու հավատո՞ւմ ես Տեր Հիսուսի ուսուցումներին այն մասին, որ մարդու երկրային կյանքի ավարտն, իրականում, սկիզբն է նրա հավիտենական կյանքի։ Հավատո՞ւմ ես արդյոք Տեր Հիսուսի ուսուցումներին այն մասին, որ Իր Խոսքերի հանդեպ քո վերաբերմունքն է որոշելու, թե որտե՞ղ ես անցկացնելու հավիտենությունը։ Նրա խոսքերի հանդեպ քո հավատքը քեզ շնորհելու է Երկնքում Տիրոջ ներկայության մեջ ապրելու երանությունը։ Իսկ եթե Նրա խոսքերի հանդեպ անհնազանդության և ապստամբության վերաբերմունք ունենաս, ապա հայտնվելու ես կրակե լճի հավիտենական տանջանքների մեջ։ Դու հավատո՞ւմ ես այս ճշմարտություններին։ 

«Հիսուսը նրան ասաց. «Ես եմ հարությունը և կյանքը. ով հավատում է Ինձ, թեկուզ և մեռնի, կապրի։ Եվ ամեն ոք, ով կենդանի է ու Ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի։ Սրան հավատո՞ւմ ես» (Հովհաննես 11.25-26):

Տեր Հիսուսը հստակ սովորեցնում էր, որ Իրեն հավատացողը, թեկուզ և մահանա էլ, ապրելու է հավիտյան։ Տերը Ինքն է հարությունը և կյանքը։ Նա կարող է հարություն տալ մարդուն և կյանք պարգևել, քանի որ հաղթել է մահին Իր հարությամբ։ Հավատքը մահից զորավոր է։ 

«Նրան Աստված հարություն տվեց՝ մահվան կապանքները քանդելով, քանի որ անհնար էր, որ մահն իշխեր Նրան» (Գործք Առաքելոց 2․24):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, մահը չի կարող իշխել Քրիստոսին հավատացող և Նրա կամքին հնազանդ մարդկանց վրա։ Հավատքը հաղթում է մահին։ Իսկ գիտե՞ս, թե ինչու։ Մահը մեղքի հետևանքն է։ Այն մեղքի պատիժն է և կա միայն այնտեղ, որտեղ առկա է մեղքը (տե՛ս Հռոմեացիս 6.23 խոսքը)։ Եվ քանի որ Քրիստոսին սրտանց հավատացող մարդու մեղքերը ներվում են Գողգոթայի խաչի վրա վճարված թանկ գնի շնորհիվ, ապա ներված մարդը չի կարող կրել մեղքի պատիժը։ 

Թեև մեր երկրային մարմինը մաշվում է և մի օր դադարելու է գործելուց, մեր հոգին չի կրելու մեղքերի պատժի հետևանքները՝ այն չի վնասվելու երկրորդ մահից։ 

«Բնավ մի՛ վախեցիր այն բանի համար, որ պիտի չարչարվես։ Ահա բանսարկուն ձեզանից ոմանց բանտ է նետելու, որպեսզի փորձվեք, և տասն օր նեղություն եք ունենալու։ Հավատարի՛մ եղիր մինչև մահ, և կյանքի պսակը կտամ քեզ։ Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. “Հաղթողը երկրորդ մահից չպիտի վնասվի”» (Հայտնություն 2․10-11):

Այսօր աղոթում եմ քեզ համար, որ քո հավատքը լինի կենդանի հավատք Տեր Հիսուսի ուսուցանած ճշմարտությունների հանդեպ։ Աղոթում եմ և խնդրում Տիրոջը քեզ համար, որպեսզի հավատարիմ լինես Նրան ու Նրա փոխանցած սկզբունքներին մինչև մահ և լինես հաղթանակող՝ Քրիստոսով բոլոր հոգևոր ճակատամարտերն ու պատերազմները, գայթակղություններն ու կասկածները հաղթող և հաղթահարող մեկը։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: