Սիրելի՛ բարեկամ, կյանքում մենք կարող ենք շատ դժվարությունների բախվել ու կանգնել անելանելի թվացող իրավիճակների առջև։ Կարող ենք ողբերգական կորուստներ ունենալ, մանկության տարիներից խորը վերքեր կրել մեր սրտում և հասուն տարիքում էլ ապրել վախերի ու անհանգստությունների ճնշման ներքո։ Այո՛, կյանքը կարող է այնպիսի խնդիրների առջև կանգնեցնել մեզ, որ մենք անկեղծորեն հարցնենք ինքներս մեզ․ «Արդյոք կարո՞ղ եմ անցնել այս ամենի միջով»։
Արդյոք կարո՞ղ եմ, երբ ուրախություն ճառագող դեմքս խամրում է դժբախտության իրականության առջև։ Արդյոք կարո՞ղ եմ, երբ իմ սիրելիները չեն փոխվում տարիներ շարունակ նրանց համար իմ աղոթքներից հետո։ Կարո՞ղ եմ, երբ տարիքս կառնեմ ու կավարտվի կյանքիս բուռն աշխատանքներով լեցուն ընթացքը։ Կարո՞ղ եմ, երբ այլևս ոչ ոք առաջվա պես չի հաղորդակցվի ինձ հետ կամ առաջվա պես չի սիրի ինձ։
Այսօր գուցե դու առնչվում ես նմանատիպ իրավիճակների։ Հնարավոր է նաև, որ քեզ համար դրանք բացարձակապես այլ բնույթ ունեն։ Գուցե մտահոգ ես, թե արդյո՞ք բավարար չափով խելացի ես, տաղանդավոր, գրավիչ, հոգևոր, ամրակազմ, գործունյա, սիրալիր, ուժեղ կամ որևէ մեկ այլ բան։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե այսօր որևէ ոլորտում վախեր ու անհանգստություններ ունես կամ բախվել ես կյանքի բարդագույն իրավիճակների, ապա կցանկանայի քաջալերել քեզ ու սփոփել Աստծո Խոսքով, որպեսզի ամուր բռնես երկնային անխախտ խոստումները, որոնք անձնապես քեզ համար են, եթե դու որոշել ես ապրել Քրիստոսի աշակերտի կյանքով։ Ահա դրանցից մի քանիսը․
- Նրա աստվածային զորությունը [կատարելապես] շնորհել է քեզ [հասուն հոգևոր] կյանքին և աստվածապաշտությանը վերաբերող ամեն ինչ՝ ճանաչեցնելով քեզ Նրան, Ով կանչեց քեզ փառքով ու առաքինությամբ (ըստ Բ Պետրոս 1․3 խոսքի)։
- Եվ քո ամբողջականությունն այժմ Նրա մեջ է գտնվում։ Դու կատարելապես լցված ես Աստծով, քանի որ Քրիստոսի ամբողջ լիությունը քո մեջ է բնակվում։ Նա է ամեն իշխանության և պետության գլուխը (ըստ Կողոսացիս 2․10 խոսքի)։
- Որովհետև Աստված է, որ քո մեջ է, ներգործում է կամենալն ու կատարելը՝ ըստ Իր բարեհաճ ծրագրի (ըստ Փիլիպպեցիս 2․13 խոսքի)։
Կարևոր չէ, թե ինչ կյանքով ես ապրել, ինչեր ես արել, ինչ ես զգում կամ ինչի միջով ես անցնում։ Քրիստոսի շնորհիվ դու ունես այն ամենն, ինչի կարիքն ունես։ Դու թերի կամ կիսատ մարդ չես։ Դու ամբողջական ես Նրա մեջ և ամեն բան կարող ես անել Նրա շնորհիվ (Փիլիպպեցիս 4․13)։
Եվ նույնիսկ հիմա՝ հենց այս օրերի մեջ, Աստված տալիս է քեզ մեծ ցանկություն, ինչպես նաև ուժ ու զորություն, որպեսզի անես այն ամենն, ինչը հաճելի է Իրեն և համահունչ է Իր կամքին։ Այլ կերպ ասած՝ հարություն առած Քրիստոսի շնորհիվ դու միշտ ունենալու ես քո կարիքի համար բավարար միջոցներ և օգնություն։
Եթե կյանքումդ այնպիսի ժամանակներ գան, որ սկսես կասկածել այս ամենի առումով, ապա խորհուրդ կտամ ընթերցել ու հավատալ աստվածաշնչյան այս խոսքերին, որովհետև դրանք այն ճշմարտություններն են, որոնք վահանի պես պաշտպանում են քեզ․ «Աստծու ամեն մի խոսքը փորձված է. Նա վահան է Իրեն ապավինողների համար» (Առակաց 30․5)։
Քրիստոսի հարությունը նոր կյանքի հեռանկար է բացում Նրան հավատացող յուրաքանչյուր մարդու համար։ Շնորհակալությու՛ն Աստծուն՝ Իր անսահման սիրո և մեզ հաղթական կյանք ապրելու հնարավորություն ընձեռելու համար։
Եղի՛ր օրհնված և այսօրվանից որոշում կայացրու ապրել հավատքի հաղթական կյանքով։ Եվ եթե չես պատկանում որևէ եկեղեցու և չունես հոգևոր առաջնորդ՝ հոգևոր ընթացքի մեջ քեզ ուղղորդելու, առաջնորդելու և աջակցելու համար, ապա մենք սիրով կծառայենք քեզ։ Գրի՛ր մեզ անհատական նամակով, և մենք կապ կհաստատենք քեզ հետ։ Անկախ այն բանից, թե աշխարհի ո՛ր ծայրում ես կամ ինչպիսի՛ իրավիճակում, մենք սիրով կծառայենք քեզ և Աստծո զորությամբ կօգնենք հարություն առած Քրիստոսի հետ մտերմանալու և հավատքի հաղթական կյանք ապրելու հարցում։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը