July-14

Գլխավոր | Հրաշքներ | Քրիստոսի աշակերտը պետք է ունենա հոգևոր խնամակալ

Քրիստոսի աշակերտը պետք է ունենա հոգևոր խնամակալ

Սիրելի՛ բարեկամ, այսօր ուզում եմ հատուկ ուղերձով դիմել քեզ։ Այսօրվա գրառումը տարբերվելու է մյուս օրերի գրառումներից։ Ես սիրում եմ անձնապես շփվել «Քո հրաշքն՝ ամեն օր» ուղերձների ընթերցողների և ունկնդիրների հետ։ Շատ եմ ուրախանում, երբ ինձ նամակ են գրում և կիսվում «Քո հրաշքն՝ ամեն օր»-ի բերած օրհնություններով և փոխակերպված կյանքի վկայություններով։ 

Հենց այս նամակագրություններից էր, որ հասկացա, որ իմ սիրելի ընթերցողների մեջ բավականին շատ են Աստծուն անկեղծորեն հավատացող այն մարդիկ, որոնք այս կամ այն պատճառով զուրկ են հոգևոր խնամակալությունից։ Դրա պատճառը կարող են լինել ընտանեկան խնդիրները, եկեղեցու ներսում գայթակղությունների ու հիասթափությունների բախվելը, ֆիզիկապես հեռավոր վայրերում և օտար երկրներում ապրելը, Աստծուց հեռացած լինելու արդյունքում Նրան վերադառնալու հարցում մեղավորության զգացումը կամ պարզապես հոգևոր անկման փուլում գտնվելն ու հոգևորապես սառած լինելը։

Անկախ նրանից, թե վերը նշված պատճառներից որի միջով ես անցնում կամ գուցե հեռացել ես եկեղեցուց և Աստծո ժողովրդի հետ հաղորդակցությունից մեկ այլ պատճառով, որը ես չնշեցի, ուզում եմ այսօր հատուկ կերպով քաջալերել քեզ։ Աստված չի՛ ուզում, որ դու՝ Իր համար այդքան թանկ անձնավորությունը, դուրս մնաս հոգևոր այն խնամակալությունից, որը Նա հոգացել է քեզ համար։ Այո՛, եկեղեցին՝ տեղական եկեղեցին, հենց իմ և քո հանդեպ Աստծո հոգատարության ապացույցն է։ 

Եթե սիրտդ կոտրված է որևէ եկեղեցու ծառայողների պատճառով և այնպիսի վերքեր ես ստացել իրենց ծառայող ու առաջնորդ կարծող մարդկանցից, որ այլևս չես էլ ուզում եկեղեցու անունը լսել, ապա խնդրում եմ՝ մի պահ հայացքդ ուղղիր դեպի Տերը՝ այն Տերը, Ով խաչվեց քեզ համար, և նաև այն Տերը, Ով Ինքն է կարգել, որ ամեն հավատացյալ լինի որևէ տեղական եկեղեցու մասնիկը։ 

Մեծ փափագ ունեմ, որ այսօր ժամանակ գտնես ու լսես իմ կիրակնօրյա պատգամներից մեկը, որը երկու տարի առաջ եմ քարոզել Էջմիածնի Էմմանուել եկեղեցում։ Ահա այն՝ https://youtu.be/dYtDn8i4IVw 

Պատգամը կրում է «Դա դո՞ւ ես կարծում, թե՞ Աստված է ասել» վերնագիրը։ Եվ ուզում եմ, որ Աստծո Խոսքը զորավոր կերպով հպվի քո սրտին։ Ուզում եմ և աղոթում եմ, որ յուրաքանչյուրս մեր կյանքի որոշումների ժամանակ տանք մեզ այս կարևորագույն հարցը՝ սա ե՞ս եմ կարծում, թե՞ Աստված է ասել։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, հատուկ ուզում եմ տեղեկացնել, որ մենք մեր եկեղեցու ծառայողներով մի կառուցվածք ենք մշակել, որի միջոցով հոգ ենք տանում առանց խնամքի մնացած հավատացյալների համար։ Մենք բազմաթիվ վկայություններ ունենք, որոնք վերաբերում են թե՛ այնպիսի մարդկանց, ում ճնշել են ընտանիքներում հավատքի համար, թե՛ եկեղեցուց գայթակղված ու հիասթափված մարդկանց, որոնք այժմ վերականգնվել են և ծառայում են Աստծուն, և թե՛ այնպիսի մարդկանց, որոնք ապրում են արտերկրում և ֆիզիկապես չեն մասնակցում որևէ եկեղեցական պաշտամունքի։ 

Մենք ունենք ծրագրեր, որոնց մեջ կարող են ներգրավվել բոլոր այն հավատացյալները, որոնք չունեն եկեղեցի և հոգևոր առաջնորդ։ Այո՛, մենք պատրաստ ենք ծառայելու քեզ։ Իսկ դու պատրա՞ստ ես մի կողմ դնելու քո սեփական պատկերացումները հավատքի կյանքի մասին և հնազանդվելու Տեր Աստծու դրած կարգին։ Չկա ո՛չ մի պարտավորություն։ Ուղղակի կարող ես միանալ մեր առցանց ծառայություններին և ծանոթանալ մեր աշակերտական խմբերի ընթացքին։

Հնազանդության մեջ օրհնություն կա։ Աղոթում եմ, որ Աստված առատապես օրհնի քո կյանքի բոլոր ոլորտները և Իր բարությամբ ծածկի քո կյանքը։ Մենք սիրով կծառայենք քեզ, որպեսզի աճես հոգևորապես և մի օր էլ Աստված քո միջոցով մյուսներին փոխանցի կյանքեր փոխակերպող Ավետարանի ուղերձը։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: