March-8

Գլխավոր | Հրաշքներ | Քրիստոսինն է ողջ իշխանությունը Երկնքում և երկրի վրա

Քրիստոսինն է ողջ իշխանությունը Երկնքում և երկրի վրա

Երբ Աստված քո կյանքի Թագավորն է և դու Նրա զավակն ես ու հնազանդվել ես Նրա իշխանությանը, այն ողջ իշխանությունը, որ Նա ունի ազգերի ու ժողովուրդների վրա, նաև քոնն է որոշակի իմաստով։ Ինչո՞ւ որոշակի իմաստով։ Որովհետև երբ մենք իշխանության տակ ենք և մեզ վստահված է իշխանություն, ապա այն սահմանափակվում է մեզ իշխանությամբ օժտողի տված հանձնարարությամբ։

Սիրելի՛ բարեկամ, ապաշխարության և վերստին ծնունդի արդյունքում Տեր Աստծու զավակը դառնալը մեզ օժտում է մեր երկնային Հոր իշխանությամբ։ Իսկ Նրա ունեցած իշխանությունն անսահմանափակ է։ Դա չի նշանակում, որ մեր իշխանությունը նույնպես անսահմանափակ է։ Մեզ տրված իշխանությունը սահմանափակվում է Տեր Աստծու կամքին մեր հնազանդությամբ։ Աստվա՛ծ է որոշում՝ ինչպես և ինչի համար մենք պետք է օգտագործենք Նրա շնորհած իշխանությունը, այլ ոչ թե՝ մենք։ 

«Ծա՛փ տվեք, բոլո՛ր ժողովուրդներ, ցնծության ձայնով աղաղակե՛ք Աստծուն, որովհետև Տերը Բարձրյալ և ահեղ է. մեծ Թագավոր է ամբողջ երկրի վրա։ Ժողովուրդներին նա մեզ է հպատակեցնում և ազգերին մեր ոտքերի տակ դնում։ Նա մեզ համար ընտրում է մեր ժառանգությունը՝ Հակոբի փառավորությունը, որին Նա սիրում է» (Սաղմոս 47․1-4)։

«Ժողովուրդներին նա մեզ է հպատակեցնում և ազգերին մեր ոտքերի տակ դնում»։ Ժողովուրդներին մեզ հպատակեցնելը և ազգերի վրա մեզ իշխանությունը շնորհելը չի նշանակում, որ քրիստոնյաները դառնալու են այս աշխարհի տերերն ու տիրակալները։ Դա նշանակում է, որ Աստված մեզ իշխանություն է շնորհել ազգերի ու ժողովուրդների մեջ Իր գործը ողջ զորությամբ իրականացնելու համար, և ոչ մի ուժ կամ իշխանություն ի զորու չէ կագնեցնելու Տեր Հիսուս Քրիստոսի Մեծ Հանձնարարականի իրագործումը, եթե մենք՝ Նրա աշակերտներս, գործենք Նրա կամքի մեջ և Նրա հանձնարարության շրջանակներում։ 

«Հիսուսը մոտեցավ, խոսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա։ Արդ գնացե՛ք, աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը» (Մատթեոս 28.18-20):

Տեր Հիսուս Քրիստոսին է պատկանում ողջ իշխանությունը Երկնքում և երկրի վրա։ Սրանք Նրա խոսքերն են և բացարձակ ճշմարտություն են։ Իսկ հանձնարարությունը, որի պարագայում այս իշխանությունը գործելու էր նաև աշակերտների կյանքում, գնալն էր ազգերի մեջ և նրանց Քրիստոսի աշակերտները դարձնելն էր։ Այս պարագայում Տերը խոստանում է, որ լինելու է Իր յուրաքանչյուր աշակերտի հետ ամեն օր մինչև աշխարհի վերջը։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, հրաշալի չէ՞ արդյոք այս խոստման ժառանգակիցը դառնալը։ Տերն ասում էր, որ երկինքն ու երկիրը կանցնեն, բայց Իր խոսքերը չեն անցնի (տե՛ս Մատթեոս 24․35 խոսքը):

Միա՜յն պատկերացրու․․․ Տերը քեզ հետ է ամեն օր։ Նա ուղղորդում է քեզ, պաշտպանում, սովորեցնում ու խրատում, խաղաղեցնում ու մխիթարում, իմաստություն տալիս և զգուշացնում վտանգներից և այլն։ Ինչպիսի՜ հրաշալի կյանք Տեր Հիսուս Քրիստոսի քաղցր ու կենդանի ներկայության մեջ։ 

Սակայն նման կյանքով ապրելու համար դու նախ պետք է Տիրոջը դարձնես քո կյանքի Թագավորը՝ ճանաչելով Նրա կամքը և հնազանդվելով Նրա պատվիրաններին։ Իսկ հետո պետք է քո ողջ սրտով փափագես այս երկրի վրա Նրա հանձնարարությունը կատարելու և Նրա սիրտն ուրախացնելու ընթացք ունենալուն։ 

«Սա է այն վստահությունը, որ Նրա նկատմամբ ունենք, թե ինչ որ ըստ Նրա կամքի խնդրում ենք, լսում է մեզ։ Եվ եթե գիտենք, որ լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք նաև, որ Նրանից ստանում ենք մեր խնդրածները» (Ա Հովհաննես 5.14-15):

Քրիստոսինն է ողջ իշխանությունը Երկնքում և երկրի վրա։ Եվ դու այդ իշխանության կրողն ես՝ որպես Նրա ներկայացուցիչ այս երկրի վրա՝ քո ընտանիքում, քո համայնքում, քո եկեղեցում, քո երկրում և քո երկրի սահմաններից դուրս։ Եվ այդ զորավոր իշխանության կիրառության բանալին Նրա կամքի մեջ գործելն է։ 

Դու աննկարագրելիորեն սքանչելի մի կյանք կապրես, եթե նվիրվես Տեր Աստծու կամքը ճանաչելու և Նրա կամքի ու հանձնարարությունների շրջանակում գործելու օրհնյալ ընթացքին։ Եվ արժե՛ այս ամենի համար ցնծության փառաբանություն բարձրացնել՝ ծափերով ու ցնծության ձայնով երկրպագել մեր բարի, ողորմած, արդար ու մեզ անսահման մեծ սիրով սիրող Աստծուն։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: