Քրիստոնեական միաբանությունը Ավետարանի տարածման կարևորագույն գործոններից մեկն է։ Տեր Հիսուսը սովորեցնում էր, որ Իր ճշմարիտ աշակերտների միաբանությունը տեսնելով՝ մարդիկ հավատալու են Իրեն։ Քրիստոնեական միաբանությունը՝ միմյանց հանդեպ սիրո, հարգանքի և հոգատարության վերաբերմունքը, վկայություն է աշխարհին, որ Քրիստոս է բնակվում հավատացյալ մարդու ներսում և որ մենք ապրում ու գործում ենք այնպես, ինչպես Տերը կգործեր, եթե Ինքը լիներ մեր փոխարեն։
Սիրելի՛ բարեկամ, ուղերձների այս շարքի նպատակն է, որ ես և դու սկսենք խորհել, թե ինչո՞վ կարող ենք նպաստել Իր աշակերտների մեջ Տեր Հիսուսի համար այնքա՜ն կարևոր միաբանության ձևավորմանը։
Իրականում, միաբանությունը բխում է մեր՝ իրար հանդեպ ունեցած վերաբերմունքից։ Մարդիկ տարբեր են՝ տարբեր դաստիարակությամբ, տարբեր նախասիրություններով, տարբեր պատկերացումներով և տարբեր բնավորություններով։ Միաբանության խնդիրն ավելի է բարդանում, եթե հաշվի առնենք, որ մենք պետք է ձգտենք միաբան լինել, այսինքն՝ սիրել, ներել և հոգ տանել բացարձակապես օտար մարդկանց։
Եվ Աստված հրաշալի մի լուծում է պատրաստել նման իրավիճակների համար։ Նա մեզ միաբանություն է սովորեցնում նախ մեր ամենահարազատ մարդկանց շրջանում։ Քրիստոնեական միաբանությունը սկսվում է մարդու ընտանիքից։ Միաբանության հիմքը ո՛չ թե իշխելն է, այլ՝ ծառայելը։ Եթե որևէ մեկը պահանջում է դիմացինից, որ հարմարվի իրեն, որպեսզի լինեն միաբան, ապա վստահաբար կարելի է ասել, որ այդ մարդը չի կարող որևէ մեկի հետ հասնել միաբանության։
Եվ եթե դու չես կարողանում ծառայել քո ընտանիքում, ապա, վստահաբար, չես կարող ծառայել եկեղեցում։ Աստվածաշունչը մեզ հստակ կերպով փոխանցում է, որ մարդու ծառայության կարգավիճակն իր ընտանիքում որոշում է նրա ծառայությունը եկեղեցում։ Ստորև բերված երկու հատվածներն Աստվածաշնչից խոսում են նախ՝ տղամարդու և հետո՝ կնոջ՝ ընտանիքում ունեցած պարտականությունների կարևորության մասին։
«․․․բայց եթե մեկն իր տանը վերակացու լինել չիմանա, նա ինչպե՞ս է հոգալու Աստծու եկեղեցուն» (Ա Տիմոթեոսին 3․5)։
«Սակայն եթե մեկը յուրայիններին ու մանավանդ ընտանիքին հոգ չի տանում, նա հավատն ուրացած է և անհավատից էլ վատ է» (Ա Տիմոթեոսին 5․8)։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, երբևէ մտածե՞լ ես, որ քո պարտականությունների ճիշտ և աստվածահաճո կատարումը քո ընտանիքում միջոց է Տեր Աստծու ձեռքին, որ սեր և միաբանություն բերի քո իսկ ընտանիքում։ Եվ եթե մենք մեր ամենահարազատ մարդկանց շրջանում չենք կարողանում դա անել, ապա ինչպե՞ս ենք դա անելու ոչ արյունակից մարդկանց շրջանում, թեև նրանց Քրիստոսով եղբայրներ և քույրեր ենք ընդունում։
Եվ ինչպե՞ս կարող ենք մյուսներից միաբանություն ակնկալել կամ պահանջել, եթե ինքներս դեռ կաղում ենք մեր ընտանիքներում միաբանության և սիրո մթնոլորտ ձևավորելու հարցում։ Ես գիտեմ, որ կան բարդագույն իրավիճակներ շատ ընտանիքներում, սակայն արդյոք կարո՞ղ ենք կանգնել ու Տեր Աստծու առաջ ասել, որ ամեն բան, որքանով որ մեզնից է կախված, անում ենք՝ հանուն մյուսների հետ խաղաղության և միաբանության։
«Միմյանց նկատմամբ նույն վերաբերմո՛ւնքն ունեցեք. մեծամիտ մի՛ եղեք, այլ խոնարհների հե՛տ շփվեք. ինքներդ ձեզ իմաստուն մի՛ համարեք։ Որևէ մեկին չարի դիմաց չար մի՛ հատուցեք. բոլոր մարդկանց առաջ բարիք անե՛լ խորհեք։ Եթե հնարավոր է, որքան ձեզանից է կախված, բոլոր մարդկանց հետ խաղաղությա՛մբ մնացեք» (Հռոմեացիս 12․16-18):
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը