December-21

Գլխավոր | Հրաշքներ | Քո առաջնահերթությունների ցանկը վստահի՛ր Տեր Հիսուսին

Քո առաջնահերթությունների ցանկը վստահի՛ր Տեր Հիսուսին

Սիրելի՛ բարեկամ, մեր կյանքը խառնաշփոթի կարող է վերածվել, եթե չկարողանանք առանձնացնել մեր կյանքի առաջնահերթությունները և հատուկ ուշադրության արժանացնել դրանց։ Հույս ունեմ, որ դու էլ ինձ նման ունես «առաջնահերթությունների ցանկ»… Ոմանք դա պահում են համակարգչի մեջ, ոմանք հեռախոսի, ոմանք, ինչպես ես, գրում են թղթի վրա, ոմանք էլ պահում իրենց մտքում։ «Առաջնահերթությունների ցանկը» օգնում է մեզ ճիշտ կանոնակարգել օրվա մեջ մեր անելիքները, կենտրոնանալ կարևոր գործերի վրա ու խուսափել ժամանակ վատնող ու անկարևոր գործերից։

Սակայն որքան էլ մենք ջանք անենք, առանձնացնենք առաջնահերթությունները, հատուկ դասընթացների մասնակցենք, որտեղ մեզ կսովորեցնեն ժամանակի կառավարման հմտությունները կամ կփոխանցեն կարգապահության ու ջանասիրության մասին գիտելիքներ, միևնույնն է, մենք պետք է հիշենք ու երբե՛ք չմոռանանք, որ առանց Տեր Աստծու օգնության և օրհնության մենք անկարող ենք լինելու գտնել իրական խաղաղություն և ունենալ արդյունավետ ու բավարարված կյանք։ 

«Եթե Տերը չշինի տունը, զուր են աշխատում նրա շինարարները. եթե Տերը չպահպանի քաղաքը, զուր է անքուն լինում պահապանը» (Սաղմոս 127․1):

Որքան էլ հմուտ և խելացի կերպով կազմակերպես օրդ, Տեր Աստծու հետ քո ունեցած հարաբերությունից է կախված՝ կմնա՞ս արդյոք Աստծո խաղաղության մեջ, թե՞ կկորցնես այն:

Սրտանց և երախտագիտությամբ մոտեցիր այն ամենին, ինչը տեղի է ունենում քո օրվա ընթացքում։ Անգամ եթե որոշ բաներ չեն համապատասխանում քո ակնկալիքներին ու պատկերացումներին, միևնույնն է, դու կարող ես գոհանալ այն դասերի համար, որ սովորում ես դժվարին իրավիճակների և մարդկանց վատ վերաբերմունքի արդյունքում։ Կենտրոնացումդ պահի՛ր Տեր Հիսուսի վրա, Ով վերահսկում է քո կյանքը։ Խորհի՛ր քո կյանքի համար Նրա ունեցած ծրագրի շուրջ: Վստահի՛ր Նրան քո «առաջնահերթությունների ցանկը» և Նրա օգնությամբ փորձի՛ր կարգավորել ու կարգուկանոնի բերել քո օրը։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, խաղաղությունը գալիս է ո՛չ թե մեր ունեցածից և ո՛չ էլ մեր հանդեպ մարդկանց ունեցած վերաբերմունքից։ Իրական խաղաղությունը գալիս է Տեր Աստծու կամքի մեջ ապրելուց և Նրա սիրտը մեր որոշումներով ու վարքագծով ուրախացնելուց։ Արդյունավետ կյանքը գալիս է ո՛չ թե մեր ջանքից ու ձգտումներից, ո՛չ թե մեր հմտություններից ու շատ աշխատելուց, այլ երբ այդ ամենին գումարվում է Տիրոջ օրհնությունը՝ Նրա բարեհաճությունն ու շնորհքի փոխանցած զորությունը։ 

Առաջարկում եմ աղոթել ինձ հետ միասին այս աղոթքով․ «Տե՛ր, իմ ամեն օրը ես ընդունում եմ որպես Քեզնից տրված մի յուրահատուկ պարգև։ Խնդրում եմ՝ սովորեցրո՛ւ ինձ գոհանալ իմ կյանքում տեղի ունեցող ամեն իրադարձության համար և իմաստություն տուր ինձ, որպեսզի կարողանամ ճիշտ կազմակերպել օրս Քո Սուրբ Հոգու առաջնորդությամբ։ Ես ուրախանալու եմ ամեն ինչով, ինչ կպատահի ինձ հետ այսօր և ամեն օր: Ես հավատում եմ ու ընդունում եմ, որ Դու ինձ համար լավագույնն ես անում, իմ բարի Տե՛ր, և ուրախությամբ Քեզ եմ վստահում իմ կյանքի բոլոր առաջնահերթությունները։ Թող դրանք բխեն Քո սիրտը ուրախացնելու ամենակարևոր առաջնահերթությունից և Քո բարեհաճությանն արժանանալու իմ մեծ փափագից։ Նաև աղոթում եմ, որ իմ բոլոր երազանքները լինեն Քո կամքի մեջ և իրենց մեջ հավիտենական արժեքներ կրեն: Աղոթում եմ և խնդրում Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: