Այսօր ավարտում ենք ուղերձների շարքը, որը կրում էր «Հավատքը պետք է ողջամիտ լինի» վերնագիրը։ Հուսով եմ՝ այս շարքի նախորդ ուղերձներն օգնեցին քեզ գիտակցել ողջամիտ հավատք ունենալու կարևորությունը և մղեցին դեպի քրիստոնեական հավատքի խոհեմությանն ու առողջ միտք ունենալու գործնական քայլերին։ Այս ուղերձի մեջ անդրադառնալու ենք դեպի ողջամիտ հավատք տանող գործնական քայլերից մի քանիսին։
Սիրելի՛ բարեկամ, հավատքի ողջամտության կորուստը տեղի է ունենում, երբ մարդը հավատում է չարի ստություններին՝ լինեն դրանք մեղքի գայթակղությանը վերաբերող մտքերը, կասկածի ու երկմտության մտքերը կամ մոլորեցնող ուսուցումները։ Սուտը թմրեցնող ու հմայող ազդեցություն ունի։ Իսկ ի՞նչն է ազատում մեզ ստության կապանքներից ու բերած թմրությունից։ Պատասխանը Տեր Հիսուսի խոսքերի մեջ է։
«Եթե դուք հավատարիմ մնաք Իմ խոսքին, Իմ ճշմարիտ աշակերտները կլինեք։ Կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհաննես 8․31-32):
Դեպի ողջամիտ հավատք տանող առաջին քայլը ճշմարտությունը ճանաչելն է։ Ճշմարտությունը Տեր Հիսուսն է։ Ճշմարտությունը Տեր Հիսուսի խոսքերի և փոխանցած ուսուցումների մեջ է։ Եթե մարդը փնտրում է ողջամտություն․․․, եթե ուզում է ազատվել չարի ստությունների թմրությունից ու հմայությունից, ապա պետք է իր պատկերացումներն ու մոտեցումները կառուցի Տեր Հիսուսի փոխանցած սկզբունքների և ուսուցումների վրա։ Գործնական քայլը Տիրոջ խոսքերին հավատարիմ մնալն է։
«Փորձե՛ք այն, ինչ Տիրոջը հաճելի է։ Եվ խավարի անպտուղ գործերին մասնակից մի՛ եղեք, ավելին՝ քննե՛ք դրանք» (Եփեսացիս 5․10-11)։
Դեպի ողջամիտ հավատք տանող երկրորդ քայլը Տեր Հիսուսի համար հաճելի և տհաճ վարքագիծը տարբերելն է։ Սա շատ կարևոր քայլ է, քանի որ մարդիկ սեփական պատկերացումներն ու ընկալումներն ունեն ճիշտ և սխալ արարքների վերաբերյալ։ Այնինչ, իրականությունը չի փոխվում մեր պատկերացումների կամ ընկալումների արդյունքում։ Տեր Հիսուսն Իր Խոսքի մեջ հստակ ու բացահայտ հայտնել է, թե ի՛նչն է Իրեն հաճելի և ինչը՝ տհաճ ու անգամ՝ ցավ պատճառող։
«․․․քանզի մեր մարտի զենքերը մարմնավոր չեն, այլ զորավոր են Աստծով՝ բերդեր քանդելու. մենք դրանցով քանդում ենք ծածուկ մտքերը և ամեն բարձունք, որ Աստծու գիտության դեմ է գոռոզանում, ու գերում ենք ամեն միտք՝ Քրիստոսին հնազանդեցնելու համար» (Բ Կորնթացիս 10․4-5):
Դեպի ողջամիտ հավատք տանող երրորդ քայլը Աստվածաշնչի միջոցով Տեր Աստծու փոխանցած գիտության՝ Իր բնույթի և Իր սկզբունքների, Իր կատարած գործի և մեզնից ունեցած Իր ակնկալիքների մասին ճշմարտություններին դեմ կամ դրանց հակասող մտքերը գերի բռնել սովորելն է։ Պողոս առաքյալն ասում է, որ գերի է բռնում նման մտքերը և դրանք հնազանդեցնում է Քրիստոսին։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ողջամիտ հավատք ունենալու համար դու նախ պետք է տիրապետես Տեր Աստծու հոգացած հոգևոր զենքերին։ Դրանք ուղղված են ստության, գայթակղության ու մոլորությունների դեմ։ Մերժի՛ր Քրիստոսին անհնազանդ մտքերի ցանկացած դրսևորում։ Սովորի՛ր ասել «Գրվա՛ծ է» արտահայտությունը։ Մենք սթափ, հաստատուն ու հաղթանակող հավատացյալներ կլինենք, երբ հավատանք Աստվածաշնչի ճշմարտություններին և ամեն միտք, որը հակասում է այդ ճշմարտություններին կարողանանք բռնել ու հնազանդեցնել Քրիստոսին։
Մեր ողջամիտ հավատքի հիմքը Աստվածաշունչն է։ Հիշի՛ր Տեր Հիսուսի փոխանցած զորավոր զենքը՝ «Գրվա՛ծ է»։ Դու չես հավատա ստություններին, դու չես ընդունի կասկածի մտքերը, դու չես տրվի մեղքի գայթակղություններին, դու չես լսի մոլորեցնողների ուսուցումները, եթե քո հավատքի հիմքը լինի Աստվածաշունչը, և միտքը գերի բռնելու զենքը՝ «Գրվա՛ծ է» արտահայտությունը։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը