March-18

Գլխավոր | Հրաշքներ | Փրկություն և հավատքի կյանքի զորացում

Փրկություն և հավատքի կյանքի զորացում

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը որը կրում է «Տեր Աստծու շնորհը մեր մեծագույն օգնությունն է» անվանումը։ Շնորհ բառը Աստվածաշնչի հունարեն բնագրում «խարիս» բառն է, որը նշանակում է լավություն կամ բարություն։ Շնորհ անել ինչ-որ մեկին նշանակում է լավություն կամ բարություն անել այնպիսի մի մարդու, որն իր պահվածքով ու վերաբերմունքով չի արժանացել այդ բարությանը։ 

Սիրելի՛ բարեկամ, ամենամեծ բարությունը, որը հնարավոր է պատկերացնել այս տիեզերքում, մարդուն շնորհված փրկության հնարավորությունն է։ Փրկության շնորհի մեծությունը կարող են գիտակցել միայն այն մարդիկ, որոնք հավատում են հավիտենական տանջանքի և հավիտենական երանության մասին Աստվածաշնչի փոխանցած ճշմարտություններին։ 

«Որովհետև բոլորը մեղանչեցին ու զրկվեցին Աստծու փառքից։ Նրա շնորհով ձրի են արդարացվում այն փրկության միջոցով, որ Հիսուս Քրիստոսով է։ Աստված Նրան նախապես սահմանեց քավություն լինելու Իր արյամբ, հավատով, որպեսզի ցույց տա Իր արդարությունը անցյալում՝ Աստծու համբերատարության ժամանակ գործված մեղքերի թողությունը, որպեսզի ներկա ժամանակում Իր արդարությունը ցույց տա, որպեսզի Ինքն արդար լինի և արդարացնի նրան, ով հավատում է Հիսուսին» (Հռոմեացիս 3․23-26):

Շատ կարևոր է հստակ հասկանալ Աստծու փրկարար շնորհի գործի դրվելու կերպն ու պայմանները։ «Նրա շնորհով ձրի են արդարացվում» արտահայտությունը խոսում է այն մասին, որ մենք մեր արժանիքներով չենք կարող վճարել մեր փրկության համար անհրաժեշտ գինը։ Առանց որևէ վճարի կամ գործերի մեզ տրվող փրկությունը, սակայն, այն մեզ պարգևողի համար մեծագույն գին է արժեցել։ Տեր Հիսուսը Գողգոթայի խաչի չարչարանքների ու մահվան շնորհիվ վճարել է այն փրկագինը, որը մեզ ձրիաբար արդարացվելու հնարավորություն է ընձեռում։  

«Շնորհով եք փրկվել հավատի միջոցով, և սա ձեզանից չէ, այլ Աստծու պարգևն է։ Ոչ էլ գործերից է, որպեսզի ոչ ոք չպարծենա» (Եփեսացիս 2․8-9):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ եթե փրկարար շնորհը ձրի է բոլորի համար, և Աստված ուզում է, որ բոլորը փրկվեն, ապա ինչո՞ւ են ոմանք գցվելու դրսի խավարը, որտեղ լացն է ու ատամների կրճտոցը։ Այլ կերպ ասած՝ ովքե՞ր են, որ զրկվելու են մարդկությանն ուղղված Տեր Աստծու մեծագույն օգնությունից ու բարիքից՝ հավիտենական կյանքի պարգևից։ Պատասխանը կրկին գտնում ենք Աստվածաշնչում։ Աստված արդար է տեսնում բոլոր այն մարդկանց, որոնք հավատում են Տեր Հիսուս Քրիստոսին։ «Շնորհով եք փրկվել հավատի միջոցով․․․»։

Տեր Աստծու հայրական սերը Նրան մղում է այնպիսի հոգատարության Իր զավակների հանդեպ, որը Նա պարտավոր չէր անելու։ Սակայն Նրա հոգատարության ու բարության պտուղները կտեսնեն միայն Տեր Հիսուսի խոսքերին և ուսուցումներին հավատացողները։ Հիսուսին Տեր դավանելը հրաշալի է։ Սակայն եթե այդ դավանությունը չի հաստատվում Աստծու կամքին հնազանդության կյանքով, ապա այն ընկալվում է որպես անհավատություն․․․

«Ոչ թե ամեն Ինձ “Տե՛ր, Տե՛ր” ասողն է Երկնքի Արքայություն մտնելու, այլ նա, ով կատարում է Իմ Հոր կամքը, որ Երկնքում է» (Մատթեոս 7․21):

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: