
Այս ուղերձով մենք ավարտում ենք «Աստծու արդարությունը մեր ապահովությունն է» անվանումը կրող ուղերձների շարքը։ Այս շարքի վերջին ուղերձի մեջ ուզում եմ խոսել այն ամենակարևոր դրույթի մասին, որը պետք է իմանանք Տեր Աստծու արդարության վերաբերյալ մեր անդրադարձից։ Տեր Աստծու արդարությունը մարդկության բարիքի ու փրկագնման համար է, ոչ թե չարիքի ու պատժի։
Սիրելի՛ բարեկամ, Տեր Աստծու արդարությունն էր, որ ծնեց Գողգոթայի խաչի մեծագույն զոհաբերությունը, որն այս տիեզերքի մեջ անկրկնելի ու անսահման խորը սիրո դրսևորումն էր իմ և քո, ինչպես նաև` ցանկացած մարդու հանդեպ։ Աստծու սերը զոհեց Իր ամենաթանկը՝ Իր Միածին Որդուն, որպեսզի ամեն Նրան հավատացող ներում ընդունի Աստծուց և որդեգրվի Տեր Հիսուսի ընտանիքի մեջ։
«Որովհետև Աստված Նրան, որ մեղքը չէր ճանաչում, մեզ համար մեղավոր արեց, որպեսզի մենք Նրանով Աստծու արդարները լինենք» (Բ Կորնթացիս 5․21):
Փրկագնման արդարադատությունը Տեր Հիսուս Քրիստոսին հավատացողներին և Նրա պատվիրաններին հնազանդվողներին Աստծու արդարներն է դարձնում Տեր Հիսուսի խաչի զոհի շնորհիվ։ Ինչպե՞ս է մարդն արդարանում։ Ի՞նչ է անհրաժեշտ անել Աստծու աչքին և Նրա արդարադատության առջև արդար լինելու համար։
«Որովհետև Աստված Իր Որդուն աշխարհ չուղարկեց՝ դատելու աշխարհը, այլ որպեսզի Նրա միջոցով աշխարհը փրկվի։ Ով նրան հավատում է, չպիտի դատապարտվի, իսկ ով Նրան չի հավատում, արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծու միածին Որդու անվանը։ Եվ ահա այս է դատաստանը. լույսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին։ Որովհետև յուրաքանչյուր ոք, ով չարիք է գործում, ատում է լույսը ու չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը հայտնի չդառնան։ Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի հայտնի դառնա, թե իր գործերը Աստծով են կատարվել» (Հովհաննես 3.17-21)։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Հիսուսի փրկագնման արդյունքում մեղքերի ներում և Աստծու զավակը կոչվելու որդեգրություն են ընդունում բոլոր այն մարդիկ, որոնք հավատում են Տեր Հիսուսին՝ Նրա կատարած գործին և փոխանցած ուսուցումներին։ Չհավատալ Աստծու Որդու անվանը նշանակում է խավարը գերադասել լույսից։ Բոլոր այն մարդիկ, որոնք ծածուկ մեղքի կյանքով են ապրում, ատում են լույսը, քանի որ չեն ուզում, որ իրենց մեղքերը բացահայտվեն։
Իսկ դեպի լույսը եկողներն այն մարդիկ են, որոնք հնազանդվում են Տեր Հիսուսին՝ խոստովանում իրենց մեղքերը և ապաշխարում իրենց սխալ ընթացքից, որպեսզի հեռանան մեղքից ու արյուն թափելու չափ պատերազմեն դրա դեմ։ Փրկագնման արդարադատությունը Աստծու արդարներն է համարում բոլոր այն մարդկանց, որոնք իրենց գործերով ու ջանքով են ապացուցում իրենց սրտում առկա հավատքի՝ կենդանի ու իրական լինելը։
«Ողորմությունն ու ճշմարտությունը պիտի հանդիպեն իրար, արդարությունն ու խաղաղությունը իրար պիտի համբուրեն» (Սաղմոս 85․10):
Ինչպիսի՜ գեղեցկագույն նկարագրություն է մեզ փոխանցում սաղմոսերգուն այս հ
ատվածում։ Տեր Աստծու ողորմությունը միշտ Նրա ճշմարտության հետ է։ Տեր Աստծու պատվիրանները ծանր ու անհնարին չեն։ Աստծու ողորմությունը միշտ քայլում է Նրա ճշմարտության կողքով։ Երբ դու շատ ես ուզում հնազանդվել Աստծու կամքին, սակայն դեռ չես կարողանում հասնել դրան հոգևոր աճի ոչ բավարար լինելու կամ որևէ տկարության պատճառով, Տիրոջ ողորմությունը քեզ հետ է, որպեսզի քաջալերի, մխիթարի ու զորացնի քեզ։
Արդարությունն ու խաղաղությունը իրար պիտի համբուրեն․․․ Քրիստոսով արդարացածների կյանքում Տիրոջ խաղաղությունն է իշխելու։ Այն մի անպատմելի ու անըմբռնելի խաղաղություն է։ Ներված ու սիրված լինելու մի վստահություն։ Տեր Աստծու համար Իր աչքի բիբի պես թանկ մեկը լինելու գիտակցում։ Ինչպիսի՜ մեծ ապահովություն կա Տեր Աստծու արդարության մեջ․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:

Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը