Առաջիկա յոթ օրերին հրավիրում եմ քեզ միասին ուղևորվելու մի ճամփորդության, որը մեզ կառաջնորդի դեպի Աստծուն երկրպագելու օրհնությունները։
Սիրելի՛ բարեկամ, չգիտեմ՝ արդյոք երբևէ զգացե՞լ ես Աստծու ներկայության վեհությունը։ Ես չեմ խոսում երաժշտության կամ փառաբանության առաջնորդի կամ քարոզչի հուզիչ ու զգացմունքային խոսքերի ազդեցության ներքո քո վերապրած պատկերացումների մասին։ Ո՛չ։ Դու անձամբ երբևէ զգացե՞լ ես, որ Աստված ներկա է։ Նրա ներկայության մեջ մտնելով՝ երբևէ զգացե՞լ ես, թե ինչպես ես Նրա անսահման մեծության, աննկարագրելի զորության և անհատակ սիրո գիտակցումից պարզապես հալվում ու հանձնվում Նրան։ Աստծու հանդեպ մեր սրտի հենց այսպիսի հիացմունքի ու մեծարանքի վերաբերմունքն է իրական երկրպագությունը։
Սակայն փառաբանությունը միայն սրտի ներքին վիճակ չէ։ Այն կարող է լինել նաև տեսանելի ու լսելի։ Իրական փառաբանությունը պետք է բխի մեր սրտի վիճակից և կարող է դրսևորվել Տեր Աստծու հանդեպ մեր սիրո արտահայտման տեսանելի կողմերի մեջ։ Ես անձամբ սիրում եմ երգել Աստծուն ուղղված երկրպագության երգեր կամ աղոթել Նրան մեծարող ու գովաբանող աղոթքներ։
Պետք է նշեմ նաև, որ երբեմն մենք չենք կարողանում անկաշկանդ փառաբանել Աստծուն տարբեր պատճառներով․
- Վախենում ենք մեզ նայող մարդկանց հայացքներից,
- Չգիտենք, թե ինչպես մոտենալ Աստծուն,
- Ամաչում ենք մեր դիրքից կամ ոչ երաժշտական ձայնից,
- Եվ այլն։
Փառաբանության մեջ մարդը պետք է ունենա անկեղծություն և չամաչի իրականությունն Աստծու առջև ճշմարիտ կերպով ներկայացնելուց։ Տիրոջ առաջ ազատ, անկեղծ ու իրական ներկայանալը միշտ չէ, որ դյուրին է, հարմար ու բնական։ Բայց երբ սիրում ես Աստծուն, հնարավոր է դառնում բոլոր վախերն ու անհարմարության զգացումը հաղթահարելը։
Աստծու Խոսքը կրկին ու կրկին մեզ մղում է մեր Տեր Աստծուն փառաբանելուն։ Այս մասին է խոսում հատկապես Սաղմոսների գիրքը։ Սաղմոս 149.1 խոսքում կարդում ենք. «Տիրոջը նոր ե՛րգ երգեցեք՝ Նրա օրհնաբանությունը սուրբերի ժողովում»։
Աստվածաշնչում մի հերոս կա, որը փառաբանության մարմնավորումն է՝ Դավիթ թագավորը։ Այս մասին գրված է Բ Թագավորաց 6.12-21 հատվածում.
Դավիթն ուրախությամբ պարում էր Ուխտի Տապանակի շուրջ։ Նա իր ողջ սրտով էր պարում և իր ներսի ողջ եռանդով։ Նա երկրպագում էր Աստծուն ազատ կերպով՝ առանց հոգս անելու, թե «ինչ կմտածեն մյուսները»։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, մեր երկրպագությունն ու փառաբանությունը պետք է հնարավորինս ազատ լինեն և հնարավորինս հաճախակի։ Ես նույնիսկ կասեի՝ ամեն օր։ Փառաբանությունն Աստծու հանդեպ ունեցած մեր սիրո դրսևորումն է։
Այսօր առանձնացի՛ր, փառաբանի՛ր Աստծուն և պարուրվի՛ր Նրա սիրով։ Արտահայտի՛ր քո սերն Աստծու հանդեպ նոր կերպով, այնպես, ինչպես մինչ այս չես փառաբանել կամ չես համարձակվել փառաբանել։ Երգի՛ր Նրա համար, բարձրացրո՛ւ ձեռքերդ դեպի Նա։ Ինչպիսի արտաքին դրսևորում էլ ունենա փառաբանությունդ, գովաբանի՛ր Տեր Աստծուն։ Նա արժանի՛ է քո փառաբանությանը։ Եվ եթե այս ամենի մեջ լինես անկեղծ ու փառաբանությունդ լինի Տիրոջ հանդեպ քո սիրով լեցուն սրտից բխած, ապա Նրա ներկայությունն իրապես կզարմացնի քեզ․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը