Տեր Հիսուսի փոխանցած ուղերձի հիմքը միմյանց սիրելու պատվիրանն էր։ Բայց այս պատվիրանը պահելը երբեմն այնքա՜ն բարդ է թվում․․․ Ինչպե՞ս սովորենք իրապես ու անկեղծ սիրել միմյանց։
Սիրելի՛ բարեկամ, Աստծուն փառաբանելը մեզ կարող է օգնել այս հարցում։ Ես այն համեմատում եմ Տիրոջը սեր խոստովանելուն։ Այդ խոստովանության ժամանակ ես ասում եմ, թե ինչու եմ Նրան սիրում, ինչն է այդ սիրո պատճառն ու շարժառիթը։ Փառաբանության ժամանակ ես իմ հայացքն ուղղում եմ Նրան, և իմ սիրտը շրջվում է դեպի Տերը։ Եվ որքան շատ ժամանակ եմ անցկացնում Նրա հետ, այնքան․․․
- Ավելի Է Նա իմ կյանքի անբաժան մասը դառնում,
- Ավելի եմ սիրով լցվում Նրա հանդեպ,
- Ավելի խորն եմ ճանաչում Նրան,
- Ավելի Է Նրա սրտի մի մասնիկը դառնում իմ սրտի էությունը։
Փառաբանության առաջին պտուղներից մեկն այն է, որ Տեր Աստծու սրտի մի մասնիկը տեղափոխվում է մեր սրտերի մեջ, և, այդպիսով, մենք սովորում ենք մյուսներին սիրել Աստծու սիրով։
Սովորի՛ր ուրիշներին քննադատելու փոխարեն գտնել այն պատճառները, որոնք լավ հիմք են այդ մարդկանց ներելու և նաև սիրելու համար։ Եթե սովորես մարդկանց մեջ բարին ու լավը տեսնելու հմտությունը, ապա քո շրջապատին շատ ավելի դրական աչքերով ես սկսելու նայել։
Տրտնջացող ու մյուսներից մշտապես դժգոհ մարդը չի կարող Աստծուն սրտանց փառաբանել։ Իսկ Աստծուն սրտանց փառաբանող մարդը սկսում է գոհանալ իր շրջապատի՝ անգամ դժվար մարդկանց համար, քանի որ նրանց միջոցով Աստված մեր մեջ կերտում է Իր Որդու սերը, որը չէր նայում մարդկանց արժանիքին, այլ բխում էր ներման ու կարեկցանքի շարժառիթից։
Աստվածաշնչում կարդում ենք Տեր Հիսուսի այս խոսքերը. «Դրանով բոլորը կճանաչեն, որ դուք Իմ աշակերտներն եք, եթե միմյանց նկատմամբ սեր ունենաք» (Հովհաննես 13․35)։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ե՛կ միասին խնդրենք Աստծուն, որ Նա օգնի մեզ սիրել այնպես, ինչպես Ինքն է սիրում մարդկանց, որ Նա մեզ տա համապատասխան խոսքեր և առաջնորդի դեպի այնպիսի գործերի, որոնք բարիք կլինեն այն մարդկանց համար, որոնց այսօր կհանդիպենք այս հրաշալի ու օրհնյալ օրվա ընթացքում։
Աղոթում եմ նաև, որ քո օրը լցված լինի փառաբանությամբ և Աստծու ստեղծած գեղեցկությունն ու կատարելությունը տեսնելու ունակությամբ։ Տեր Աստծուն սրտանց փառաբանելը պետք է բխի մեր սրտի գոհությունից և լինի երախտագիտության դրսևորում ու Նրա հանդեպ սիրո խոստովանություն։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը