Սիրելի՛ բարեկամ, Աստվածաշնչում կարդում ենք հետևյալ տողերը․ «․․․ով խնայողաբար է սերմանում, խնայողաբար էլ կհնձի, իսկ ով առատությամբ է սերմանում, առատությամբ էլ կհնձի, բայց Աստված կարող է ամեն շնորհ առատացնել ձեր մեջ, որպեսզի դուք ամեն բանում միշտ լիովին ինքնաբավ լինելով՝ ամեն բարի գործի համար առատանաք» (Բ Կորնթացիս 9․6-8):
Այսպիսով, ի՞նչ ես կարծում, գուցե Աստված ուզում է ինձ և քեզ մի կարևոր ճշմարտություն սովորեցնել։ Այս օրենքը պարզ ու հասկանալի է գյուղատնտեսության մեջ։ Սակայն Աստված ուզում է, որ մենք հասկանանք, որ ցանելու և հնձելու օրենքը գործում է նաև հոգևոր աշխարհում։ Այո՛, Աստված Իր Խոսքի միջոցով այս հատվածներում խոսում է հենց իմ և քո ունեցած ներդրման մասին: Եվ համատեքստը, որքան էլ դա շատերին ոչ հոգևոր թվա, հե՛նց ֆինանսներին է վերաբերում։ Տերը առավել քան հստակ ասում է, որ եթե առատաձեռնորեն ցանենք մեր ֆինանսները Իր գործի և Իր Արքայության համար, ապա․․․
- Նա կօրհնի մեզ առատությամբ։
- Մենք կունենանք այն ամենն, ինչ մեզ հարկավոր է բարեգործություններ անելու և օգնություններ բաշխելու համար։
- Նաև կունենանք բավականաչափ գումար, որպեսզի այս երկրի վրա մեր կյանքի համար անհրաժեշտ կարիքները հոգանք։
Աստված Իր Խոսքի մեջ շարունակում է խոստումներն այս առումով․ «Բայց Նա, Ով սերմ ցանողին սերմ է պարգևում և ուտելու հաց, Նա ձեզ սերմերն էլ կպարգևի ու կբազմացնի և ձեր արդարության պտուղը կաճեցնի։ Ամեն ինչում ամեն տեսակ առատությամբ հարստանալով՝ մեր միջոցով այն որպես հանգանակություն կբաժանեք, որն էլ կհանդիսանա որպես Աստծուն մատուցվող գոհություն» (Բ Կորնթացիս 9․10-11):
Տեր Աստծո օրհնության խոստումներն, անշուշտ, վերաբերում են ոչ միայն ֆինանսներին, այլև խաղաղությանը, արդարությանը և իմ ու քո ունեցած հոգեվիճակին։ Աստծու կամքը հասկանալը նաև փոխակերպում է մեր վերաբերմունքը ֆինանսներին ու մեզ դարձնում առատաձեռն: Պետք է հատուկ նշեմ, որ ճիշտ ցանելն ու առատ հնձելը մեզ տանում է դեպի ազատություն և օրհնություն:
Աստված ինձ և իմ ընտանիքին սովորեցրել է լինել առատաձեռն Աստծու գործի հանդեպ՝ մեր ֆինանսական միջոցներից հատկացնել Աստծու Թագավորության գործի համար: Սովորելու այդ ընթացքն այդքան էլ հարթ չի եղել մեզ համար, իսկ երբեմն նաև ցավոտ դասեր ենք անցել, քանի որ առատաձեռնությունը մարդու բնատուր որակ չէ։ Այն հիմնականում զարգացնում ենք Տեր Աստծու հետ մեր ընթացքի ժամանակ։
Իմ կյանքում ես մի բան եմ հասկացել և ուզում եմ հատուկ շեշտել, որ մարդը չի կարող ինչ-որ բան հատկացնել Աստծո գործի համար ու հետ չստանալ դրա բազմապատիկը Աստծու կողմից ուղարկված օրհնության տեսքով։ Տեր Աստծու գործի համար ներդրում անելու հարցում առատաձեռնությունը մեր հոգևոր հասունության քննությունն է։
Աստված մեզ պատվիրել է ցանել Իր դաշտի մեջ, քանի որ փափագում է, որ մեր կյանքը լցվի Իր օրհնություններով և մեզ առաջնորդի դեպի ազատության նոր տարածքներ: Մեր Տիրոջ սիրտը լցվում է ուրախությամբ, երբ մենք մեր հնարավորությունների սահմաններում մեր ունեցվածքից և Աստծուց տրված միջոցներից հատկացնում ենք Իր գործի համար։ Երբ Աստծո սիրտն ուրախանում է, գործի է դրվում Նրա օրհնության ձեռքը:
«Ամեն մեկը թող ըստ իր սրտի հոժարության տա և ոչ թե տրտմությամբ կամ հարկադրաբար, որովհետև Աստված սիրում է հոժարությամբ տվողին» (Բ Կորնթացիներին 9.7):
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, ե՛կ այսօր շնորհակալություն հայտնենք Աստծուն Իր առատաձեռնության համար և խնդրե՛նք Նրան մեր միջոցով դրսևորել Իր առատաձեռն բնույթը: Մենք կոչված ենք լինելու մեր շրջապատի փոխակերպման գործիքները Տեր Աստծու ձեռքերում: Առաջարկում եմ աղոթել ու խորհել Աստծու գործին աջակցելու՝ քո առջև բացված հնարավորությունների մասին և լինել առատաձեռն, երբ Տերը խոսի քեզ հետ և որոշես, թե ինչպե՛ս և ո՛ր ուղղությամբ ես ներդնելու քո միջոցները։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը