December-28

Գլխավոր | Հրաշքներ | Տեր Հիսուսին ոչինչը չէր կարող հետ պահել․․․ 💪

Տեր Հիսուսին ոչինչը չէր կարող հետ պահել․․․ 💪

Սիրելի՛ բարեկամ, այսօր ուզում եմ քո ուշադրությունը կենտրոնացնել Տեր Հիսուսի բնավորության առանցքային գծերից մեկի՝ Նրա վճռականության վրա։ 

Կարծում եմ՝ Տեր Հիսուսը վճռական էր, քանի որ վստահ էր, որ Իր ծրագրերը, Իր գործը և արարքները համապատասխան էին երկնային Հոր կամքին և համահունչ՝ Նրա ծրագրերին։ Նա լիովին գիտակցում էր Իր առաքելության յուրաքանչյուր քայլի կարևորությունը և հստակ պատկերացնում դրանց հերթականությունը։ Մենք գիտենք, որ հանուն մեր փրկության Տեր Հիսուսը մինչ ի մահ հնազանդ եղավ երկնային Հոր կամքին։ 

Աստծու կամքին հնազանդության մեջ վճռականություն կա։ Հնազանդությունը վստահություն է բերում, իսկ վստահությունը՝ վճռականություն։ Տեր Հիսուսի մինչ ի մահ հնազանդության ընթացքը պսակվեց հարության փառահեղ հաղթանակով։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, հաճախ մենք չենք հասկանում, թե ինչ է կատարվում մեր կյանքում։ Երբեմն մեզ կարող է թվալ, թե Աստված լքել է մեզ․․․ Նույնը Տեր Հիսուսն էր զգում խաչի վրա եղած ժամանակ։ Կամ որ մեր առաքելությունը չափազանց ծանր է, ինչպես Տեր Հիսուսն էր աղոթում Գեթսեմանի պարտեզում։ Սակայն այս ամենի մեջ մենք պետք է վստահենք Աստծուն, սովորենք  Տեր Հիսուսի վճռականությունից և քաջալերվենք ու հաղթահարենք տկարության բոլոր զգացողությունները։

Այսօր քեզ կոչ եմ անում նայել քո կյանքի իրավիճակներին հավատքի աչքերով։ Եթե անգամ չես տեսնում ու չես զգում Տեր Աստծու ներկայությունը, միևնույնն է, Աստծո Խոսքը պնդում է, որ եթե դու նվիրվել ես Նրա աշակերտի կյանքով ապրելուն, ապա Նա միշտ քո կողքին է։ 

«․․․սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը» (Մատթեոս 28.20):

Տեր Հիսուսի ներկայությունը մեզ վստահություն է փոխանցում։ Նրա աշակերտ լինելը, Նրա առաքելության մաս կազմելը, Նրա ուսուցանած կյանքով ապրելու ձգտումը, Նրա կամքը կատարելու փափագը մեզ մասնակից է դարձնում նաև Նրա զորությանն ու վճռականությանը։ 

Անգամ եթե ամեն բան սխալ է ընթանում քո կյանքում․․․, երբ դեռ չես տեսնում այն մարդկանց փոփոխությունը, որոնց համար աղոթում ես, կամ կյանքիդ մռայլ իրավիճակներում դեռ արևի շողի որևէ նշույլ չի նշմարվում, սովորի՛ր Տեր Հիսուսից վճռական կերպով առաջ գնալ դեպի քո նպատակների իրագործումը։ 

Մի՛ թուլացիր։ Մի՛ ընկճվիր։ Քննի՛ր ընթացքդ և մնա՛ Աստծու կամքի մեջ։ Շարունակի՛ր բարի սերմեր ցանել և ապրել Տեր Աստծու կամքին հնազանդության մեջ: Մենք միշտ հնձում ենք այն, ինչ ցանում ենք։ Քո կյանքի հունձքի և ուրախության ժամանակները շատ մոտ են։ Չթուլանա՛ս և թևաթափ չլինե՛ս․․․

Այսօր քաջալերում եմ քեզ քո կյանքի յուրաքանչյուր օրն ապրել որպես Քրիստոսի աշակերտ և ապրե՛լ այս կյանքը Նրա քաղցր ու քաջալերող ներկայության մեջ։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: