December-27

Գլխավոր | Հրաշքներ | Տեր Հիսուսը նախանձախնդիր բնույթ ուներ

Տեր Հիսուսը նախանձախնդիր բնույթ ուներ

Սիրելի՛ բարեկամ, նախորդ երկու օրերը խոսել ենք Տեր Հիսուսի խոնարհության և կարեկցանքի մասին։ Աշխարհի Փրկիչը, Ով ունի հեզ ու խոնարհ սիրտ, գիտի նաև, թե ինչպես անհրաժեշտ պահին Իր ո՛ր որակը դրսևորի մեր հանդեպ։ Այսօր անդրադառնալու ենք Նրա մեկ այլ հատկանիշի, որը նախանձավորությունն է կամ նախանձախնդիր բնույթը։

«Եկան Երուսաղեմ։ Հիսուսը տաճար մտավ և սկսեց դուրս հանել տաճարում գտնվող վաճառողներին ու գնողներին։ Նա շուռ տվեց լումայափոխների սեղանները և կոտրեց աղավնեվաճառների աթոռները։ Նա նաև թույլ չէր տալիս, որ որևէ մեկը տաճարի միջով որևէ բան տեղափոխեր։ Եվ ուսուցանում էր ու ասում նրանց. «Գրված չէ՞, թե՝ “Իմ տունը բոլոր ազգերի համար աղոթքի տուն պետք է կոչվի”։ Իսկ դուք այն ավազակների որջ եք դարձրել» (‭‭Մարկոս‬ ‭11.15-17):

Տեր Հիսուսին շատերը միայն հեզ, խոնարհ, մեղմ ու բարի են պատկերացնում։ Սա կիսատ ճշմարտություն է։ Եվ նման նկարագիրը աստվածաշնչյան չէ։ Աստվածաշունչը մեզ բացահայտում է նաև Տիրոջ վրդովմունքի ու բարկության դրսևորումները, որոնք ուղեկցվում էին նախանձախնդրության դրսևորումներով և դրանցից բխող վճռական գործողություններով։

  • Նա դրսևորում է Իր բարկությունը նրանց հանդեպ, ովքեր անարգում էին Իր երկնային Հոր Տաճարը։ Նա նույնիսկ մտրակ է վերցնում նրանց Տաճարից դուրս վռնդելու համար (տե՛ս Հովհաննես 2․15 խոսքը)։
  • Նա վրդովվում է դրամափոխների ու աղավնեվաճառների առևտրով, որոնք իրենց շահն էին փնտրում Տաճարում (տե՛ս Հովհաննես 2․17
  • Նա լցված է նախանձախնդրությամբ Իր Տան նկատմամբ, որը կեղծ հավատացյալները դարձրել էին «ավազակների որջ» (տե՛ս Սաղմոս 69․9 խոսքը)։

Եթե կոտրված սիրտ ունեցող մարդկանց ցավի բերած տառապանքը Տեր Հիսուսի մոտ դրսևորվում է կարեկցանքի տեսքով, ապա ամբարտավան ու կեղծավոր մարդկանց բերած տառապանքը Տիրոջ մոտ արտահայտվում է բուռն ու նախանձավոր բարկության տեսքով։ Մենք պետք է ճանաչենք Տեր Հիսուսին այնպես, ինչպես ներկայացնում է Նրան Աստվածաշունչը։ 

Որպեսզի մտերմանաս Նրա հետ, դու պետք է ճանաչես Նրա բոլոր որակները՝ ճանաչես Նրան ամբողջական կերպով, ինչպես ներկայացնում է Աստվածաշունչը։ 

Տեր Հիսուսը նախանձախնդիր էր նաև Իր երկրային առաքելության իրագործման հարցում։ Նա ամենայն լրջությամբ էր մոտենում Իր ծառայությանը։ Նա ապրում ու շնչում էր երկնային Հոր կամքը կատարելու համար։ Նրա նախանձախնդրությունը օրինակելի է թե՛ կեղծավոր հավատացյալների հանդեպ և թե՛ Աստծուն ծառայելու հարցում։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Հիսուսը նաև քեզ է սիրում նախանձախնդիր կերպով։ Մնա՛ Նրա հետ մտերիմ հարաբերության մեջ, Նրա սիրուն արձագանքիր՝ Նրա կամքին հնազանդվելով, և ամեն նոր օրվա հետ ավելի ու ավելի մեծ սիրով սիրի՛ր Նրան։ Նաև Տեր Հիսուսի հանդեպ քո սիրո հարցում նմանվի՛ր Նրա նախանձավորությանը․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: