December-29

Գլխավոր | Հրաշքներ | Տեր Հիսուսը հնազանդվեց մինչև խաչի մահը ✝️

Տեր Հիսուսը հնազանդվեց մինչև խաչի մահը ✝️

Սիրելի՛ բարեկամ, որքան շատ եմ ուսումնասիրում Տեր Հիսուսի բնույթն Աստվածաշնչում, այնքան ավելի եմ հիանում Նրա հատկանիշներով։ Նա երբե՛ք և ո՛չ մի բանում չձախողվեց Իր երկնային Հոր կամքը կատարելու և Իրեն հանձնարարված առաքելությունն իրականացնելու հարցում։ Նա հնազանդվեց անգամ ամենադժվար ու ցավոտ դեպքերում: Փիլիպպեցիս 2․8 խոսքում կարդում ենք, որ Տեր Հիսուսը հնազանդվեց մինչև վերջ, անգամ մինչև մահ՝ այն էլ խաչի մահը: 

Աստվածաշունչը բացահայտում է Տեր Հիսուսի առաքելության ողջ ծանրությունը։ Տե՛ս, թե ինչ աղոթքով էր Նա աղաչում Հորը, սակայն նաև հայտնում մինչ ի մահ հնազանդվելու իր պատրաստակամությունը. «Հա՛յր իմ, եթե հնարավոր չէ՝ այդ բաժակն ինձանից հեռու անցնի, որ այն չխմեմ, թող քո կամքը լինի»։ (Մատթեոս 26.42):

Այո՛, Տեր Հիսուսը վճռական էր Հոր կամքին մինչև վերջ հնազանդվելու Իր որոշման մեջ՝ անկախ նրանից, թե ինչ գին էր պահանջվելու այդ հնազանդության համար: Նա համաձայնեց զոհել Իր կյանքը իմ և քո կյանքը փրկելու համար: Նրա վրա դրվեց մեր բոլորի մեղքը, և Նա Իր տառապանքով ու չարչարանքներով, Իր անասելի ցավերով ու ծայրահեղ դաժան մահով վճարեց մեր մեղքերի ներման փրկագինը․․․

Տեր Հիսուսը հնազանդվեց երկնային Հոր կամքին բացարձակապես ամեն ինչում։ Նա ամեն բան Հոր կամքի մեջ էր անում և ոչինչ, որ Նրա կամքին հակառակ էր, ընդունելի չէր Տեր Հիսուսի համար:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, մեր կյանքում միշտ չէ, որ ամեն ինչ ընթանում է մեր ակնկալած կերպով ու ըստ մեր ծրագրածի։ Երբեմն թվում է, թե Աստված երես է թեքել քեզնից և աղոթքդ առաստաղից վեր չի բարձրանում։ Ինչպե՞ս ես քեզ պահում նման իրավիճակներում։ 

Ոմանք նեղանում են Աստծուց, ոմանք հիասթափվում հավատքի կյանքից, ոմանք ընկնում են դեպրեսիայի մեջ ու դառնում ինքնամփոփ։ Սակայն Տեր Հիսուսը հնազանդվեց մինչև վերջ և մեզ նվիրվածության հրաշալի օրինակ թողեց։ Ինչպե՞ս է հնարավոր չհիանալ Նրա հերոսական կյանքով և չձգտել նմանվել Նրան երկնային Հոր կամքին մեր հնազանդության մեջ։ 

Առաջարկում եմ աղոթել միասին այս աղոթքով․ «Իմ երկնային Հա՛յր, դու գիտես, թե ինչերով եմ անցնում իմ կյանքում։ Ես շնորհակալ եմ, որ այս ամենի մեջ Դու իմ կողքին ես, քաջալերում ու զորացնում ես ինձ և օգնում ես, որպեսզի հաղթականորեն անցնեմ իմ կյանքի դժվարին իրավիճակների միջով։ Տե՛ր, Դու գիտես նաև իմ թերություններն ու տկարությունները, և խնդրում եմ, որ ներես ինձ, երբ թուլանում եմ, երկմտում ու կարծում, թե լքել ես ինձ։ Անգամ եթե իմ կյանքում ամեն բան իմ պատկերացրածով չընթանա, ես ուզում եմ, որ ամեն բանի մեջ Քո կամքը լինի, այլ ոչ թե իմ։ Ինչ գնով էլ լինի, ես ուզում եմ հետևել Քեզ և Քո կամքին հավատարիմ ու հնազանդ կյանքով ապրել։ Թող իմ բոլոր որոշումների մեջ Քո սուրբ ու պատվական անունը փառավորվի։ Աղոթում ու խնդրում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»։

Քեզ հրաշալի օր եմ մաղթում՝ լի Տեր Աստծու քաղցր ու բժշկարար ներկայությամբ…
Հնազանդության մեջ անպատմելի օրհնություններ կան․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: