
Այս ուղերձով մենք նոր շարք ենք սկսում, որը կրում է «Տեր Աստծու շնորհը մեր մեծագույն օգնությունն է» անվանումը։ Առաջիկա յոթ ուղերձները նվիրված են լինելու Տեր Աստծու շնորհի թեմային և, հատկապես, Աստծու շնորհն ընդունելու կերպերին ու այդ շնորհի տարբեր դրսևորումներին։
Սիրելի՛ բարեկամ, Աստծու շնորհը մարդու հանդեպ Տիրոջ սիրո ու կարեկցանքի դրսևորումն է։ Պատահական չէ այս շարքի անվանման ընտրությունը՝ «Տեր Աստծու շնորհը մեր մեծագույն օգնությունն է»։ Այո՛, ինչպես Աստծու շնորհը, այնպես էլ Նրա ողորմությունը բարիք և օգնություն է հավատացյալներին։ Հնարավոր չէ դրանք վաստակել մեր գործերով կամ դրանց արժանանալ մեր լավ ու անթերի լինելու կամ որևէ մեկ այլ արժանիքի շնորհիվ։ Աստված Իր շնորհը բաշխում է՝ որպես մեր հանդեպ Իր սիրո, գթասրտության ու կարեկցանքի դրսևորում։
«Զգո՛ն եղեք, արթո՛ւն եղեք, որովհետև ձեր թշնամին՝ սատանան, մռնչացող առյուծի պես շրջում է և փնտրում, թե ո՛ւմ կուլ տա։ Դիմադրե՛ք նրան՝ հավատով հաստատուն լինելով և իմանալով, որ ձեր եղբայրներն էլ աշխարհում նույն չարչարանքներն են կրում։ Եվ ամեն շնորհի Աստվածը, որ ձեզ Քրիստոս Հիսուսով դեպի Իր հավիտենական փառքը կանչեց, ձեր՝ փոքր-ինչ չարչարվելուց հետո կվերականգնի, կամրացնի, կզորացնի, հաստատահիմն կդարձնի։ Նրան իշխանությո՜ւն հավիտյանս հավիտենից։ Ամեն» (Ա Պետրոս 5․8-11):
Աստվածաշնչյան այս հատվածում կարդում ենք «ամեն շնորհի Աստված» արտահայտությունը։ Բոլոր բարիքներն ու օրհնությունները, շնորհն ու պարգևները մեր երկնային Հորից են։ Քո կյանքում ո՛չ մի օգնություն պատահական չի եղել։ Ո՛չ մի օրհնություն չի եկել քո կյանք ինքնաբերաբար։ Աստծու խոսքը մեզ զգուշացնում է, որ չխաբվենք։ Մեր կյանքի բոլոր բարիքների հեղինակն Աստված է։ Հե՛նց այդ պատճառով էլ Պողոս առաքյալը Տիրոջը կոչում է «ամեն շնորհի Աստված»։ Իսկ Հակոբոս առաքյալը մեզ սովորեցնում է, որ Աստված նույնն է և չի փոփոխվում։ Նա՛ է մեր կյանքի բոլոր բարիքների հեղինակը։
«Մի՛ խաբվեք, իմ սիրելի՛ եղբայրներ. ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է՝ իջած լույսի Հորից, որի մեջ փոփոխում կամ փոփոխման ստվեր բնավ չկա» (Հակոբոս 1․16-17):
Տեր Աստծու շնորհն այնպիսի մի զորավոր օգնություն է, որ մեզ վերականգնում է, երբ մենք կոտրված ու փշրված ենք, ամրացնում է, երբ մենք տկարացած ենք ու թուլացած, զորացնում է, երբ մենք Տիրոջ զորության կարիքն ունենք կյանքի դժվարություններով անցնելու կամ Տիրոջ հանձնարարած գործն իրականացնելու համար, և հաստատուն է դարձնում մեր հիմքը, որպեսզի դիմակայենք այս կյանքի փոթորիկներին ու անսպասելի հարվածներին։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված գիտի, թե ինչպիսի դժվարություններով ես անցնում քո կյանքի այս ժամանակահատվածում։ Նա տեղյակ է քո ցավին ու տառապանքին, պայքարներին ու վախերին։ Տերը Իր շնորհի առատությունն է պատրաստել քեզ համար։ Նրա շնորհը բավարար է, որպեսզի դու հաղթանակած դուրս գաս ցանկացած հոգևոր պատերազմի կամ կյանքի բարդ իրավիճակների բերած պայքարներից։ Աստված սիրում է քեզ և ամեն բան հոգացել է քո կյանքի և աստվածապաշտության հաղթական ընթացքի համար։
«…շնորհ ձեզ, և թող խաղաղությունը շատանա Աստծու և մեր Տեր Հիսուսի մասին գիտությամբ։ Նրա աստվածային զորությունը մեզ շնորհեց կյանքին և աստվածապաշտությանը վերաբերող ամեն ինչ՝ ճանաչեցնելով Նրան, Ով մեզ կանչեց փառքով ու առաքինությամբ, որոնցով ամենամեծ ու պատվական խոստումներ են մեզ տրված, որպեսզի դրանցով աստվածային բնությանը հաղորդակից լինեք՝ աշխարհիկ ցանկության ապականությունից խուսափելով» (Բ Պետրոս 1.2-4):
Աղոթում եմ, որ Աստծու շնորհի թեմայով ուղերձների այս շարքը օրհնյալ փոխակերպում բերի քո կյանքում և մղի քեզ դեպի Տիրոջով ամրանալու և Նրա շնորհով զորանալու ցնծության և երանության ընթացքը։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:

Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը