
Մենք մոտենում ենք «Աստծու արդարությունը մեր ապահովությունն է» անվանումը կրող ուղերձների շարքի ավարտին։ Սակայն, նախքան ուղերձի բուն թեմային անցնելը, ուզում եմ իմ օրհնության և երախտիքի հատուկ խոսքն ուղղել մեր բոլոր քույրերին ու մայրերին, կանանց ու աղջիկներին, որոնք, իրենց կյանքով ու նվիրվածությամբ, սիրո ու կարեկցանքի դրսևորման լավագույն օրինակներ են իրենց ընտանիքներում և շրջապատի մարդկանց համար։
Սիրելի՛ բարեկամ, ինչպես տեսանք մեր նախորդ ուղերձի մեջ, Աստծու արդարությունը պահանջում է մեղքի հանդեպ արդար դատաստան։ Եվ քանի որ բոլորս ենք մեղավոր ու Աստծու բարկությանն արժանի, այդ արդար դատաստանն Իր վրա վերցրեց Տեր Հիսուս Քրիստոսը, որպեսզի մեզ փրկի Աստծու բարկությունից։ Նա Ինքը կրեց մեր մեղքերի պատիժը, որպեսզի բավարարի մեզ կործանումից ու հավիտենական տանջանքից փրկելու Աստծու բարկության պահանջը և իրականություն դարձնի մեղքի հանդեպ Տեր Աստծու արդար դատաստանը։
«Աստված մեր նկատմամբ Իր սերը հայտնեց. երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ։ Հապա որքա՜ն առավել հիմա, երբ Նրա արյունով արդարացած ենք, Նրա բարկությունից փրկված կլինենք։ Որովհետև եթե այն ժամանակ, երբ թշնամի էինք Աստծուն, Նրա հետ հաշտվեցինք Իր Որդու մահով, ապա որքա՜ն առավել կփրկվենք Նրա կյանքով, երբ հաշտվել ենք» (Հռոմեացիս 5․8-10):
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված սիրում է բոլորին՝ անգամ այն մարդկանց, որոնց մեր պատկերացմամբ հնարավոր չէ սիրել։ Աստված բոլորի փրկությունն է փափագում։ Նա ամբողջ աշխարհի համար է զոհել Իր Միածին Որդուն։ Տերը ողջ մարդկության մեղքի պատիժն է կրել Գողգոթայի խաչի վրա։ Սակայն միայն Նրան հավատացողներն ու Նրա պատվիրաններին հնազանդվողներն են, որ ներում են ստանում և ընդունում հավիտենական կյանքի պարգևը։
«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Որդուն հավատացողը հավիտենական կյանք ունի, իսկ Որդուն չհնազանդվողը կյանք չի տեսնի, այլ Աստծու բարկությունը կմնա Նրա վրա» (Հովհաննես 3․16,36):
Աստված սիրում է քեզ։ Նա փափագում է օրհնել ու զորացնել քեզ։ Նրանից փրկության և օգնության շնորհներն ընդունելու պայմանը հավատն է և այդ հավատն ապացուցող հնազանդությունը Տեր Հիսուսի փոխանցած ճշմարտություններին։ Աստված Իր սերը մեր նկատմամբ հայտնել է, երբ մենք Նրան թշնամի էինք և ապրում էինք մեղքի կյանքով։ Այժմ մեր հերթն է, որ մեր սերը հայտնենք Նրա հանդեպ մեր հավատով և հնազանդությամբ։
«Որովհետև մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով» (Հռոմեացիս 6․23):
Աստծու արդարությունը մեր ապահովությունն է․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:

Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը