Սիրելի՛ բարեկամ, այսօր ուզում եմ կիսվել քեզ հետ իրական հարստության մասին մի պատմությամբ։ Ե՛կ միասին խորհենք դրա շուրջ:
Մի օր մի շատ հարուստ հայր իր որդուն տարավ ճամփորդության, որպեսզի ցույց տա, թե ինչպես են ապրում աղքատները: Նրանք կանգ առան մի ագարակում և հյուրընկալվեցին մի աղքատ ընտանիքի, որը նրանց հյուրասիրելու շատ բան չուներ:
Երբ վերադարձան տուն, հայրը հարցրեց որդուն.
- Հավանեցի՞ր ճամփորդությունը:
- Այո, հայրիկ, շա՜տ:
- Տեսա՞ր, թե ինչպես են ապրում աղքատ մարդիկ:
- Այո՛, – պատասխանեց որդին։
- Եվ ի՞նչ դաս քաղեցիր ճամփորդությունից:
Որդու պատասխանը հետևյալն էր. «Ես տեսա, որ մենք ունենք մեկ շուն, իսկ նրանք` չորսը: Մենք ունենք լողավազան, որը հասնում է մինչև այգու մեջտեղը, իսկ նրանք` մեծ գետեր, որոնց մեջ նրանք ողջ օրը կարող են լողալ: Մենք մեր պարտեզում ունենք լապտերներ, իսկ նրանց գիշերը աստղերն են լուսավորում: Մեր բակը մինչև դիմացի այգին է, իսկ նրանցը` մինչև հորիզոնը: Մենք մի փոքր տարածք ունենք ապրելու համար, իսկ նրանց առջև անծայրածիր դաշտերն են: Մենք ունենք ծառաներ, որոնք ծառայում են մեզ, իսկ նրանք ծառայում են միմյանց: Մենք գնում ենք մեզ համար ուտելիք, իսկ նրանք աճեցնում են իրենց ուտելիքը: Մենք մեզ պաշտպանելու համար մեր տունը շրջապատել ենք բարձր պարսպով, իսկ նրանք իրենց պաշտպանելու համար ունեն բազմաթիվ ընկերներ»։
Տղայի հայրն ասես պապանձվեց:
Տևական լռությունից հետո տղան հավելեց. «Հայրի՛կ, անչափ շնորհակալ եմ, որ ինձ ցույց տվեցիր, թե ինչ է նշանակում հարուստ լինելը»։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այն, ինչը մեկի համար անարժեք մի բան է, մյուսի համար մեծ արժեք ունի: Ամեն ինչ կախված է նրանից, թե ո՞ր տեսանկյունից ես նայում։
Իսկ ի՞նչ է քեզ համար իրական հարստությունը: Իրեր, առարկաներ, դիրք, հեղինակություն և նման բանե՞ր, թե՞ Աստծո հետ մտերմությունը, քո ներքին խաղաղությունը, ընկերությունը և այլն:
Մի ասացվածք կա, որն ասում է․ «Համեմատությունը սպանում է գոհունակությունը»: Սակայն հաճախ մենք չենք նկատում իրական հարստությունը և փոխարենը տրտմում ենք այն ամենի համար, ինչը չունենք կամ ինչը փափագում ենք ունենալ:
Աստվածաշունչն ասում է. «Սակայն աստվածպաշտությունը գոհունակության հետ միասին մեծ շահ է։ Որովհետև ոչինչ չենք բերել այս աշխարհ և ոչինչ էլ չենք կարող տանել։ Ուտելիք և հագուստ ունենք, դրանցով բավարարվենք» (Ա Տիմոթեոսին 6:6-8):
Գոհունակությունն ու երախտագիտությունը Աստծո Արքայության երկու հիմնարար արժեքներ են, և չափազանց կարևոր է, որ մենք ամեն օր կիրառենք դրանք մեր կյանքում: Թեև Աստված փափագում է հոգալ մեր կարիքները, մենք պետք է սովորենք գոհանալ այն ամենով, ինչ ունենք այսօր:
Ես քաջալերում եմ քեզ հենց հիմա առանձնանալ և շնորհակալության խոսքեր ուղղել Տեր Աստծուն այն ամենի համար, ինչ Նա արդեն իսկ տվել է քեզ: Հիշի՛ր, որ․․․ «Նրա աստվածային զորությունը մեզ շնորհեց կյանքին և աստվածապաշտությանը վերաբերող ամեն ինչ՝ ճանաչեցնելով Նրան, Ով մեզ կանչեց փառքով ու առաքինությամբ» (Բ Պետրոս 1․3)։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը