Սիրելի՛ բարեկամ, մենք շարունակում ենք Հարության շաբաթվա մասին մեր ուղերձների շարքը։ Տաճար այցելելու հաջորդ օրը Պետրոսը նկատեց Տեր Հիսուսի անիծած այն թզենին, որի օրինակով Տերը աշակերտներին խրատեց հավատք ունենալու և ներման կարևորության հարցում։
Հիսուսը պատասխանեց ու ասաց նրանց. «Աստծու հանդեպ հավա՛տ ունեցեք։ Ճշմարիտ եմ ասում ձեզ. ով այս լեռանն ասի. Ե՛լ ու ծո՛վն ընկիր, ու իր սրտում չերկմտի, այլ հավատա, որ ինչ ասում է, կլինի, արդ ինչ որ ասի, կլինի։ Դրա համար ասում եմ ձեզ. այն ամենը, ինչ աղոթքով խնդրեք, հավատացե՛ք, որ կստանաք, ու դա կտրվի ձեզ։ Եվ երբ աղոթքի կանգնեք, եթե մեկի դեմ որևէ բան ունեք, ներե՛ք, որպեսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ձեր հանցանքները ձեզ ների։ Բայց եթե դուք չներեք, ձեր երկնավոր Հայրն էլ ձեր հանցանքները չի ների ձեզ» (Մարկոս 11.22–26):
Ավագ երեքշաբթին նաև այն օրն էր, որում մենք սովորում ենք խուսափել հոգևոր թակարդներից ու մոլորեցնող ուսմունքներից։ Դպիրները չորս թակարդ էին պատրաստել Տեր Հիսուսի համար՝ առաջինում հարցականի տակ դնելով Նրա հեղինակությունը, ինչին Նա հարցով պատասխանեց, իսկ այնուհետև երեք առակ պատմեց. Առակ երկու որդիների մասին (Մատթեոս 21․28–32), Չար մշակների առակը (Մատթեոս 21․33–41, 43–44), և Հարսանիքին հրավիրվածների առակը (Մատթեոս 22․1–14): Երկրորդ թակարդը հարցականի տակ էր դնում Տեր Հիսուսի հավատարմությունը, երրորդը՝ փորձում էր ծաղրել Տիրոջ ուսմունքը մահացածների հարության մասին, իսկ չորրորդին Տերը պատասխանեց՝ պնդելով, որ Աստծո մեծագույն պատվիրանը սերն է։
Տեր Հիսուսը աշակերտներին սովորեցնում էր, որպեսզի Իր ուսուցումների և խաչի վրա հետագայում կատարվելիք զոհի շնորհիվ վերականգնի այն մտերմությունը, որն Աստված ուներ Ադամի ու Եվայի հետ Եդեմի Պարտեզում։ Նրանք ամեն օր լիարժեք ուրախություն ունեին, որտեղ էլ, որ գնալիս լինեին։ Նրանք Աստծո հետ կատարյալ միության մեջ էին և ամեն երեկո վայելում էին Նրա ներկայությունը (տե՛ս Ծննդոց 3.8 խոսքը)։
Գուցե նրանք օրվա վերջում կիսվում էին Աստծո հետ իրենց անցկացրած օրվա մասին, ինչպես մտերիմ ընկերներ… Եվ երբ նրանց այդ մտերիմ հարաբերությունը քանդվեց, Աստված Իր կողմից ամեն բան արեց, որպեսզի վերամիավորվի նրանց հետ և այսօր էլ անում է դա մեր առումով։ Տերը Հիսուսի զոհաբերության շնորհիվ՝
- Մենք կրկի՛ն կարող ենք գալ Տեր Աստծո ներկայության մեջ։
- Մենք կարող ենք անկեղծ և խորը սիրո վրա հիմնված հարաբերություն ունենալ Նրա հետ։
- Մենք կարող ենք Աստծո ներկայության մեջ ապրել՝ արդարության, խաղաղության և ուրախության մեջ։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, գուցե դու այսօր․․․
- Առաջ չես ընթանում խանդավառությամբ և համարձակությամբ։
- Հոգնած ես և ճնշված։
- Շարունակում ես անել առօրյա գործերդ, բայց սիրտդ դրանց մեջ չէ։
- Աղոթքներդ սովորական են դարձել, համոզված չես աղոթում, որովհետև կորցրել ես հավատքդ։
Ես շատ եմ ուզում քաջալերել քեզ այսօր… Աստված պատրաստ է զորացնելու քեզ Իր հետ քայլելու համար, որպեսզի բավարարված լինես ու վայելես կյանքիդ ամեն ժամը, յուրաքանչյուր օրը, քանի որ Նա կա. Աստված ներկա է այս երկրի վրա Իր Սուրբ Հոգու միջոցով։ Ինչպես մի գեղեցիկ օր Տեր Հիսուսն էր աշակերտներին ուսուցանում ու զգուշացնում չարի թակարդներից ու մոլորեցնողների սխալներից, այնպես էլ այսօր Նա հոգացել է, որ Իր Սուրբ Հոգին քո մեջ լինի, Իր Խոսքը լուսավորի քո ճանապարհը և Իր Եկեղեցին քեզ փոխանցի բոլոր անհրաժեշտ խրատներն ու հոգատարությունը։ Աստված քեզ հետ է։ Բ Օրինաց 20.4 խոսքում կարդում ենք․ «․․․որովհետև ձեր Տեր Աստվածը գնում է ձեզ հետ»։
Աստված կանչում է քեզ մուտք գործել Իր հանգստի և կատարյալ ուրախության մեջ։ Այսօր Նա հիշեցնում է, որ քեզ արտոնություն է շնորհված ապրելու կյանքիդ բոլոր օրերն Իր ներկայության մեջ։
Շատ կուզեմ, որ դառնաս Տեր Հիսուսի հավատարիմ աշակերտը։ Ավելի՜ մոտեցիր Նրան, դարձի՛ր Նրա ընկերը, ինչպես Ադամն ու Եվան էին հաղորդակցվում Աստծո հետ, ինչպես Մովսեսն էր Աստծո հետ խոսում մտերիմ ընկերոջ պես, ինչպես աշակերտներն էին մտերիմ Տեր Հիսուսի հետ, այնպես էլ դու կարող ես լինել։ Վայելի՛ր Նրա ուրախ ու ապահով ընկերակցությունը։ Քեզ համար շատ ավելի հեշտ կլինի Նրա աշակերտը լինելը, եթե մտերմանաս Նրա հետ Երկինք տանող քո ճամփորդության բոլոր օրերում։
Հրաշալի օր եմ մաղթում, որն աղոթում եմ, որ առատ լինի Տեր Հիսուսի քաղցր ներկայությամբ։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը