
Շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Սաղմոս 34-ի գանձերը» անվանումը։ Այս հրաշալի սաղմոսի մեր այսօրվա ընթերցանությունը սկսվում է հռետորական մի հարցից․ «Ո՞վ է այն մարդը, որ ուզում է կյանք ունենալ և լավ օրեր է ուզում բարություն տեսնելու համար»։ Իսկ կա՞ մի մարդ, որ չի ուզում լավ օրեր ապրել և բարիքով լեցուն կյանք ունենալ։ Իհարկե՝ ո՛չ։ Բոլոր մարդիկ են ուզում ապրել խաղաղ ու վայելել կյանքը լավ ու բարի օրերի մեջ։
«Ո՞վ է այն մարդը, որ ուզում է կյանք ունենալ և լավ օրեր է ուզում բարություն տեսնելու համար. Պահի՛ր քո լեզուն չարությունից և քո շրթունքները, որ նենգություն չխոսեն։ Հեռացի՛ր չարից և բարի՛ն գործիր. խաղաղությո՛ւն փնտրիր և գնա՛ նրա ետևից» (Սաղմոս 34․12-14):
Սիրելի՛ բարեկամ, այսօր առանձնահատուկ օր է ինձ համար։ Այսօր ես կարող եմ հետ նայել իմ կյանքին և տեսնել կեսդարյա հետագիծ։ Եվ իմ երկրային կյանքի բոլոր օրերում՝ թե՛ մինչև ապաշխարելս ու Քրիստոսին իմ կյանքի Տեր ու Փրկիչ ընդունելս, և թե՛ դրանից հետո, երբ սկսեցի ապրել Քրիստոսի աշակերտի կյանքով և Նրա կամքը փնտրել Իր Խոսքի մեջ, կարող եմ հստակ վկայել, որ Աստվածաշնչում տեղ գտած Տեր Աստծու խոստումները իրական են, ճշմարիտ ու անբեկանելի, եթե, անշուշտ, մենք պահում ենք այդ խոստումներին տիրանալու սկզբունքները և բավարարում ենք դրանք մեր կյանքում իրականացած տեսնելու պայմաններին։
«Ո՞վ է այն մարդը, որ ուզում է կյանք ունենալ և լավ օրեր է ուզում բարություն տեսնելու համար»: Եթե իրոք ուզում ես, որ այս խոստումը քո կյանքում դառնա իրականություն, ապա առաջարկում եմ աղոթքով խորհել այն երեք պայմանների մասին, որոնք տեղ են գտել այս հրաշալի սաղմոսի մեջ՝ այդ խոստումից անմիջապես հետո։
- «Պահի՛ր քո լեզուն չարությունից և քո շրթունքները, որ նենգություն չխոսեն»։
Առաջին քայլը քո լեզվին և քո խոսքերին ուշադրություն դարձնելն է։ Մարդիկ լրջորեն չեն վերաբերվում շուրթերից դուրս եկող վիրավորական խոսքերի մասին Տեր Հիսուսի ուսուցումներին։ Շատերը պատճառաբանում են, որ չեն տիրապետում իրենց, երբ դիմացինը բարկացնում է կամ երբ իրավիճակները ճգնաժամային են դառնում։ Ոմանք չեն կարողանում չբամբասել, երբ հետաքրքրասիրությունը խեղդում է իրենց կամ վիրավորանքն է ցավեցնում։ Մարդիկ կան, որոնց կյանքում օրհնություններն ու բժշկությունն առատահոս ջրերի պես կհորդեն, եթե նրանք ապաշխարեն չար լեզվի ու վատ բառերի արատավոր մեղքերից։
«Ձեր բերանից թող ոչ մի վատ խոսք դուրս չգա, միայն այն, որ բարի է, հավատի շինության համար պիտանի, որպեսզի շնորհ տա լսողներին։ Եվ մի՛ տրտմեցրեք Աստծու Սուրբ Հոգուն, որով կնքվեցիք փրկության օրվա համար։ Ամեն դառնություն, բարկություն, սրտմտություն, աղաղակ և հայհոյություն թող վերանա ձեզանից ամբողջ չարությամբ հանդերձ։ Միմյանց հետ քա՛ղցր եղեք, գթած՝ միմյանց ներելով, ինչպես որ Աստված էլ Քրիստոսի միջոցով ձեզ ներեց» (Եփեսացիս 4․29-32):
- «Հեռացի՛ր չարից և բարի՛ն գործիր»։
Բարի և լավ օրերով լեցուն կյանք ունենալու երկրորդ քայլը մեր գործերին ուշադրություն դարձնելն է։ Արդյոք մենք ձգտո՞ւմ ենք սրբության կյանքի։ Արդյոք մեր կյանքում բարին և չարը որոշվո՞ւմ են Աստծու Խոսքի փոխանցած սկզբունքներով, թե՞ մեր շահի ու հաճույքի համար կարող ենք չարը բարի ներկայացնել և բարին՝ չար։ Արդյոք կարողանո՞ւմ ենք անգամ մեր հանդեպ չարիք խորհողներին ու վատ վերաբերմունք ունեցողներին տեսնել Տեր Հիսուսի աչքերով և աղոթել, որպեսզի Աստված ների նրանց, քանի որ չեն հասկանում, քանի որ չարը կուրացրել է նրանց։ Արդյոք բարիով չարին հաղթողնե՞ր ենք։
«Որևէ մեկին չարի դիմաց չար մի՛ հատուցեք. բոլոր մարդկանց առաջ բարիք անե՛լ խորհեք։ Չարից մի՛ պարտվիր, այլ բարիո՛վ հաղթիր չարին» (Հռոմեացիներին 12:17,21): - «Խաղաղությո՛ւն փնտրիր և գնա՛ նրա ետևից»։
Բարի և լավ օրերով լեցուն կյանք ունենալու երրորդ քայլը կոնֆլիկտային իրավիճակներում մեր վերաբերմունքին ուշադրություն դարձնելն է։ Մեր կյանքը լի է կոնֆլիկտներով․․․ Ընտանիքում, աշխատավայրում, անգամ՝ փողոցում ու խանութում մեզ կարող են հանդիպել մարդիկ, որոնք ակնհայտ թշնամական վերաբերմունք են դրսևորում մեր հանդեպ։ Ինչպիսի՞ն է մեր արձագանքը նման պարագաներում։ Ես կոնֆլիկտը համեմատում եմ կրակի հետ։ Սկզբում այն փոքր է, սակայն գնալով կարող է թեժանալ։ Դու կարող ես դրա վրա ջուր լցնել և հանգցնել կրակը, սակայն կարող ես բենզին լցնել և թեժացնել այն։ Ինչպիսի՞ն ես դու կոնֆլիկտային իրավիճակներում։
«Եթե հնարավոր է, որքան ձեզանից է կախված, բոլոր մարդկանց հետ խաղաղությա՛մբ մնացեք» (Հռոմեացիս 12․18):
«Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ կկոչվեն» (Մատթեոս 5․9):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ուզում եմ քեզ հայտնել, որ Աստված սիրում է քեզ, և այս ուղերձի մեջ տեղ գտած հրաշալի խոստումը հենց քե՛զ համար է։ Եվ ուզում եմ նաև հայտնել, որ այսօր հատուկ աղոթում եմ քեզ համար, որ լրջորեն քննես կյանքդ ու բնավորությունդ և, եթե պետք է, արմատական որոշումներ կայացնես վերը բերված երեք քայլերը քո կյանքում իրականություն դարձնելու համար։ Այո՛, ես իմ կյանքի հիսուն տարիների մեջ կարող եմ վկայել, որ միշտ ու առանց բացառության Աստված պահել է Իր խոստումները և մշտապես կանգնած է Իր Խոսքի հետևում։
«Ես երեխա էի և ծերացա, բայց արդարին Աստծուց լքված չտեսա և նրա զավակին՝ հաց մուրացող» (Սաղմոս 37․25):
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:

Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը