November-18 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Սուգը Աստվածաշնչում

Սուգը Աստվածաշնչում

Այսօր մենք նոր շարք ենք սկսում, որը կրում է «Ինչպե՞ս է Աստված մխիթարում մարդկանց» անվանումը։ Յուրաքանչյուրիս շուրջ բազմաթիվ մարդիկ կան, որոնք ունեն մխիթարության կարիք և, հաշվի առնելով հատկապես մեր ժողովրդի վերջին տարիների տառապանքները, դժվար թե գտնվի մեկ մարդ, որն անտեղյակ լինի սգի ու կորստի դառնագին ու ողբերգական ազդեցությանը մարդկանց կյանքերի վրա։ 

Սիրելի՛ բարեկամ, առաջիկա յոթ ուղերձների մեջ մենք անդրադառնալու ենք այն կարևորագույն թեմային, թե ինչպե՞ս է Աստված մխիթարել և մխիթարում մարդկանց։ Աստված կարեկից ու գթառատ Աստված է։ Նա գիտի ու տեղյակ է մեր ապրումներին ու մեր հոգու ցավին։ Տեր Հիսուսը մեր քահանայապետն է, որ զգացել է բոլոր մարդկային ապրումները, բացի մեղքից։ Նա տեղյակ է նաև, թե ինչ է սուգը, և լավագույնս կարող է մխիթարել սուգ և կորուստ ապրած մարդկանց։ 

«Որովհետև ոչ թե մի քահանայապետ ունենք, որ չի կարող մեր տկարություններին չարչարակից լինել, այլ մի այնպիսին, որ ամեն բանով փորձված է մեզ նման, բայց առանց մեղքի է։ Ուրեմն Նրա շնորհի աթոռին համարձակությամբ մոտենանք, որպեսզի ողորմություն ստանանք ու շնորհ գտնենք մեզ օգնության պատեհ ժամին» (Եբրայեցիս 4․15-16):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստվածաշունչը սուգի տարբեր իրավիճակներ է նկարագրում։ Տեր Հիսուսը սգաց ու արտասվեց, երբ մահացել էր Իրեն շատ թանկ ու մտերիմ մեկը՝ Ղազարոսը․ «Երբ Հիսուսը տեսավ, որ նա և նրա հետ եկած հրեաները լաց են լինում, հոգով խռովվեց և հուզվեց» (Հովհաննես 11․33):

Նեեմիան սգում էր իր հայրենիքի անմխիթար վիճակի համար և, հատկապես, Երուսաղեմի համար, որ կործանված պարիսպներով էր, թույլ էր, անպաշտպան և շրջակա ազգերի ծաղրուծանակի առարկան էր դարձել․ «Եվ նրանք ինձ ասացին. «Այն մնացորդները, որ ազատվեցին գերությունից, այնտեղ՝ գավառում, մեծ նեղության և անարգանքի մեջ են, իսկ Երուսաղեմի պարիսպները քանդված, ու նրա դռները կրակով այրված են»։ Եվ երբ որ այս խոսքերը լսեցի, նստեցի ու լաց եղա և սուգ արեցի մի քանի օր. և ծոմ պահեցի ու աղոթք էի անում երկնքի Աստծու առջև» (Նեեմիա 1․3-4):

Դավիթ թագավորը սգում էր սեփական մեղքի ու այդ մեղքի բերած տառապանքի համար։ Չխոստովանված և լույսի մեջ չբերած մեղքը ամենադաժան պատիժներից մեկն է Աստծուն սիրող մարդկանց համար: «Երբ ես լուռ մնացի, ոսկորներս մաշվեցին ամեն օրվա հառաչելուց, Որովհետև ցերեկ ու գիշեր Քո ձեռքը ծանրանում էր ինձ վրա. իմ թարմությունն ամռան չորություն դարձավ։ Ես մեղքս հայտնեցի Քեզ և չծածկեցի անօրենությունս. ասացի. «Օրինազանցությունս խոստովանեմ Տիրոջը». և Դու թողեցիր իմ մեղքի անօրենությունը» (Սաղմոս 32.3-5):

Վերը բերված օրինակներին կարող ենք ավելացնել դեռ շատ այլ օրինակներ, ինչպիսիք են Հոբի՝ տասը երեխա մեկ օրում կորցնելու սուգը կամ Հակոբի սուգը, երբ կարծում էր, թե գիշատիչ կենդանիները հոշոտել են իր սիրելի որդուն՝ Հովսեփին․․․ Այս օրինակները խոսում են այն մասին, որ Աստվածաշունչը քաջատեղյակ է սուգ ծնող իրավիճակներում հայտնված մարդկանց ապրումներից։ Սակայն գրքերի Գիրք Աստվածաշունչը ոչ միայն նկարագրում է անասելի սգի տառապանքը, այլև ցույց է տալիս այդ տառապանքից դուրս գալու ուղին՝ Աստծուց մխիթարություն ընդունելու կերպը, ինչի մասին կխոսենք մեր հաջորդ ուղերձների մեջ։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: