March-16

Գլխավոր | Հրաշքներ | «Սավո՛ւղ, Սավո՛ւղ, ինչո՞ւ ես Ինձ հալածում»

«Սավո՛ւղ, Սավո՛ւղ, ինչո՞ւ ես Ինձ հալածում»

«Գետնին ընկնելով՝ նա մի ձայն լսեց, որ իրեն ասում էր. «Սավո՛ւղ, Սավո՛ւղ, ինչո՞ւ ես Ինձ հալածում»։ Նա ասաց. «Ո՞վ ես, Տե՛ր»։ Ասաց. «Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես» (Գործք Առաքելոց 9.4-5):

Սիրելի՛ բարեկամ, այս ուղերձով մենք ավարտում ենք շարքը, որը կրում էր «Ի՞նչ կպատասխանեիր Տեր Հիսուսի հարցերին» անվանումը։ Այս շարքի վերջին ուղերձի մեջ մենք կանդրադառնանք Տեր Հիսուսի այն հարցին, որը Նա ուղղեց դեպի Դամասկոս ճամփորդող մի մարդու, որ հետագայում ավելի հայտնի դարձավ Պողոս անունով։ 

Տեր Հիսուսի հարցը շատ հստակ էր․ «Ինչո՞ւ ես Ինձ հալածում»։ Մենք գիտենք, որ Պողոսը հալածում էր Քրիստոսի եկեղեցուն։ Նա մեծ վնաս էր պատճառում Քրիստոսի հետևորդներին, ատում էր նրանց, բանտարկում և անգամ՝ մահվան մատնում։ Ահա, թե ինչ է նա պատմում մինչև Քրիստոսին հանդիպելը իր ունեցած մոտեցումների մասին․

«Ես հենց ինքս անհրաժեշտ էի համարում Հիսուս Նազովրեցու անվանը հակառակ շատ բաներ անել, որ և արեցի Երուսաղեմում. քահանայապետներից իշխանություն ստանալով՝ սրբերից շատերին էի բանտարկում և նրանց սպանությանը հավանություն էի տալիս։ Բոլոր ժողովարաններում շատ անգամներ նրանց պատժելով՝ բռնադատում էի, որ հայհոյեին, և նրանց դեմ առավել ևս մոլեգնելով՝ հալածում էի մինչև օտար քաղաքներ» (Գործք Առաքելոց 26.9-11

Պողոս առաքյալը մինչև ապաշխարելն էլ հավատում էր Աստծուն։ Նա, կարելի է ասել, անգամ նախանձավոր կերպով էր հավատում Աստծուն։ Եվ քրիստոնյաների հանդեպ հալածանքն էլ այդ նախանձավորության դրսևորման կերպերից մեկն էր։ Դրա պատճառն այն էր, որ Քրիստոսի հետևորդները չէին տեղավորվում ճշմարիտ հավատացյալների մասին Պողոսի ունեցած պատկերացումների մեջ։ Նրա պատկերացմամբ անհնարին էր, որ քրիստոնյաներն Արարիչ Աստծու ճշմարիտ հետևորդները լինեին։ 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ դու երբևէ մտածե՞լ ես, որ այս կամ այն եկեղեցին կամ հարանվանությունը չեն կարող Աստծուն ընդունելի լինել, քանի որ չեն հագնվում կամ երգում, ինչպես ձեր եկեղեցում է ընդունված, կամ իրենց ծեսերն ու պաշտամունքը չեն իրականացնում այնպես, ինչպես դուք եք դա անում։ Երբևէ քննադատե՞լ ես այլ եկեղեցիների անդամների, քանի որ նրանք չափից դուրս ժամանակակից են կամ հնաոճ, կամ մի որևէ այլ պատճառով, որը չէր տեղավորվում աստվածապաշտության քո ընկալումների մեջ։ 

Հե՛նց այսպիսին էր Պողոս առաքյալը նախքան Քրիստոսին հանդիպելը։ Իսկ Քրիստոսին հանդիպելուց հետո նա սկսեց հալածել ո՛չ թե այն մարդկանց, որոնց աստվածապաշտությունը չէր համապատասխանում իր պատկերացումներին, այլ նրանց, որոնց ուսուցանածն ու քարոզածը չէր տեղավորվում Քրիստոսի Ավետարանի սահմաններում, իսկ հաճախ՝ նաև հակասում էր Տեր Հիսուսի փոխանցած ճշմարտություններին։ 

«Զարմանում եմ, թե ինչպես եք այդպես արագ հեռանում նրանից, ով ձեզ Քրիստոսի շնորհի մեջ կանչեց, և դեպի ուրիշ ավետարան դառնում։ Սակայն ուրիշը չկա, այլ միայն կան ոմանք, որ ձեզ խռովեցնում են և ուզում են Քրիստոսի Ավետարանը փոխել։ Բայց եթե մենք կամ երկնքից մի հրեշտակ նրանից տարբեր բան ավետարանի, քան մենք ձեզ ավետարանեցինք, նզովյալ լինի։ Ինչպես արդեն ասացինք, հիմա էլ դարձյալ ասում եմ. «Եթե մեկը ձեզ ավետարանի ոչ այն, ինչ դուք ընդունեցիք, նզովյալ լինի» (Գաղատացիս 1.6-9):

Ինչպիսի՜ արմատական փոփոխություն։ Քրիստոսին հալածողը Քրիստոսի թշնամիներին հալածող մեկն էր դարձել։ Պողոս առաքյալը հոգևոր կյանքի սեփական պատկերացումներից ու չափանիշներից բարձր դասեց Տեր Հիսուսի Ավետարանի սկզբունքներն ու ճշմարտությունները։ Իսկ ինչպիսի՞ն է այս հարցում իմ և քո մոտեցումը․․․ Եթե չփոխենք մեր վերաբերմունքն այլ եկեղեցիների հանդեպ, ու մեզ թվա, թե միայն մենք ենք ճիշտ, իսկ մնացած բոլորը՝ սխալ, գուցե մենք էլ մի օր լսենք Տեր Հիսուսի խոսքերը․ «․․․ինչո՞ւ ես Ինձ հալածում»։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: