October 5

Գլխավոր | Հրաշքներ | Ուրախության բաղադրատոմս (միայն լավ բաղադրիչներով…!)?

Ուրախության բաղադրատոմս (միայն լավ բաղադրիչներով…!)?

Սիրելի բարեկա՛մ, ինչպիսի՞ տպավորություն ես ունենում, երբ տեսնում ես մի սարք, որը խափանված է և չի աշխատում ու չի անում այն, ինչի համար ստեղծվել է։ Ես նման դեպքերում ափսոսանքի զգացում եմ ունենում և ներսումս ոչ շատ խիստ արտահայտված բացասական զգացումներ եմ ունենում։

Սակայն այդ զգացողությունները բավականին այլ որակի են դառնում, երբ խոսքը ոչ թե որևէ առարկայի կամ սարքի մասին է, այլ մեր կյանքին վերաբերող երևույթների։ Մեր միտքը լցվում է բացասական ազդակներով, երբ որևէ բան խափանվում է՝ ազդելով մեր զգացմունքների ու զգացողությունների վրա: Ավելին, եթե այդ խափանված երևույթները բավականի կարևոր դեր են ունեցել մեր կյանքում, ապա մեր միտքը կարող է անգամ լցվել տագնապի ու անհանգստության դրսևորումներով, ինչը իր հերթին գողանում է մեր հոգու խաղաղությունն ու ուրախությունը։

Ես էլ եմ երբեմն անհանգստացնող մտքեր ունենում այն ամենի մասին, թե ի՞նչ պետք է անեմ և ինչպես, ի՞նչ միջոցներով և ում օգնությամբ, ի՞նչ է սպասվում մոտ ապագայում, ի՞նչն է իմ դժվարությունների ու խնդիրների պատճառը, ինչո՞ւ անցա այս կամ այն տառապանքի միջով և այլն։ Այս ամենի շուրջ մտածելուց հետո մարդը կարող է արագ ընկնել հիասթափության մեջ։

Բայց այսօր ուզում եմ քեզ հետ կիսվել այն այն բանալիով, որը կիրառում եմ իմ կյանքում և որն օգնում է պաշտպանել իմ սիրտը տագնապից, անհանգստություններից ու վախերից և պահպանում է իմ ուրախությունն ու խաղաղությունը։

Այս բանալին ամփոփված է աստվածաշնչյան հետևյալ հատվածում. «Տերը մեծ բաներ արեց մեզ համար, և մենք ուրախացանք» (Սաղմոս 126․3)։ 

Աստված իրապես մեծ բաներ է արել ինձ համար, և հենց այս անհերքելի փաստի վրա եմ ես նախընտրում կենտրոնանալ։ Ես նայում եմ այն ամենին, ինչը ճիշտ է ընթանում իմ կյանքում. ես ապրում եմ, ոտքի վրա եմ, ծառայում եմ Աստծուն, կարողանում եմ օգնել մյուսներին և այլն։ Իմ շուրջբոլորը բազմաթիվ հնարավորություններ կան բարիք գործելու, և դա իմ սիրտը լցնում է դրական զգացողություններով…
Ես նաև ունեմ միտք ու տրամաբանություն, որը թույլ է տալիս ինձ իմ ունեցած հավատքի շնորհիվ հարաբերվել Տեր Աստծո հետ և Նրանից վերցնել իմ կյանքի համար անհրաժեշտ ողջ սերն ու զորությունը: Ես ունեմ ընտանիք, ունեմ եկեղեցի և ընկերներ, ունեմ նաև Աստծո Խոսքը, որն ամեն օր քաջալերում է ինձ իմ դժվարին ընթացքների մեջ։

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, ես իրոք ուրախանալու շա՜տ պատճառներ ունեմ։ Գուցե դու չունես իմ թվարկածից որոշ բաներ, բայց չէ՞ որ դու էլ, վստահաբար, ունես շատ բան, որոնք գոհանալու առիթ են ծնում քո սրտում։

Եվ խնդիրը բացարձակապես այն չէ, թե ով ինչ ունի և մյուսը չունի․․․ Ընտրությունը մերն է․ մենք կարող ենք կենտրոնանալ այն ամենի վրա, ինչը պակասում է մեր կյանքում կամ խափանվել է արդեն, գուցե նաև՝ անդառնալիորեն, կամ կարող ենք կենտրոնանալ այն ամենի վրա, ինչն ուրախացնում է մեր սիրտը, քաջալերում մեզ և օգնում ունենալ դրական զգացողություններով լի օր։

Ի՞նչ կասես քո մասին։ Ի՞նչ է կատարվում քո կյանքում։ Կարող ես մեկնաբանություններում գրել ոչ թե ի՞նչն է պակաս կամ խափանված, այլ թե ի՞նչն է քո սիրտը լցնում շնորհակալությամբ և գոհությամբ։

Աստված հրաշալի բաներ է արել քեզ համար։ Վատ իրադարձություններն ու ցավալի դեպքերը անցյալում են։ Որքան էլ մեծ լինի ափսոսանքն ու կորուստի ցավը, նայի՛ր, թե ինչ ունես, այլ ոչ թե ինչն է պակասում կամ խափանվել։ Այսօր ընտրի՛ր ուրախությունը։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: