december-26

Գլխավոր | Հրաշքներ | Ուշադիր եղի՛ր, թե ինչ ես լսում

Ուշադիր եղի՛ր, թե ինչ ես լսում

Մենք շարունակում ենք «Սուրբծննդյան նվերներ հոգևոր ամրացման համար» անվանումը կրող շարքը։ Այսօր մեր քաջալերական ուղերձների մեջ կիսվելու ենք քեզ հետ ևս մեկ գործիքով, որը, հույս ունենք, օրհնություն կլինի քեզ համար և քո օրը կլցնի փառաբանությամբ և Աստծու Խոսքի հրաշալի հայտնություններով։ 

Սիրելի՛ բարեկամ, մեր այսօրվա սուրբծննդյան նվերը կոչվում է «ԲԱՅԲԼ ՌԱԴԻՈ» կամ Աստվածաշնչյան ռադիո։ Այն ինտերնետային ռադիո է, որը հասանելի է աշխարհի բոլոր այն վայրերում, որտեղ կա ինտերնետային կապ։ Օրը քսանչորս ժամ փառաբանության երգերն ու աստվածաշնչյան ընթերցումները կարող են քո օրը լցնել Տիրոջ ներկայության քաղցրությամբ ու Նրա Սուրբ Հոգու մխիթարությամբ։ 

«Օրհնեցե՛ք Աստծուն Իր սրբարանում. օրհնեցե՛ք Նրան Իր զորության հաստատության մեջ։ Օրհնեցե՛ք Նրան Իր զորավոր գործերի համար. օրհնեցե՛ք Նրան Իր մեծ փառավորության համեմատ։ Օրհնեցե՛ք Նրան շեփորի ձայնով, օրհնեցե՛ք Նրան տավիղով և քնարով։ Օրհնեցե՛ք Նրան թմբուկով և պարով, օրհնեցե՛ք Նրան լարավոր նվագարաններով և սրինգով։ Օրհնեցե՛ք Նրան ձայնեղ ծնծղաներով. օրհնեցե՛ք Նրան մեծաձայն ծնծղաներով։ Շունչ ունեցող ամեն արարած թող օրհնի Տիրոջը։ Ալելուիա՜» (Սաղմոս 150․1-6):

Տեր Աստծուն օրհներգելը դարձրո՛ւ քո առօրյայի անբաժան մասնիկը։ Աղոթում եմ, որ մեր այսօրվա նվերը դառնա քո ուղեկիցը քո տան մեջ, տրանսպորտում, աշխատավայրում, եթե մյուսներին չես խանգարի կամ հնարավորություն ունես ականջակալներով լսելու մեր ռադիոեթերը, մեքնայի մեջ և ամենուր, որտեղ ունես ինտերնետային կապի հասանելիություն։ Երգի՛ր Տիրոջը օրհնության և գովաբանության երգեր։ Լսի՛ր Աստվածաշնչի ընթերցանությունները և ստացի՛ր Տիրոջ քաջալերանքն ու հայտնությունները, որոնք Նա սիրով ու հոգատարությամբ ամեն օր պատրաստում է Իր հավատարիմ զավակների համար։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, մեր օրերում համացանցը ողողված է տարբեր մոլորություններով։ Եվ այսօր շատ արդիական է Տեր Հիսուսի հետևյալ զգուշացումն Իր աշակերտներին․ «Ուշադի՛ր եղեք, թե ի՛նչ եք լսում. ինչ չափով որ չափեք, նույնով էլ ձեզ համար կչափեն, և ձեզ՝ լսողներիդ, կավելանա» (Մարկոս 4․24):

 «Ինչ չափով որ չափեք․․․» խոսքերը մեր վերաբերմունքի մասին են։ Որքանո՞վ կկարևորես քո լսած ու ընկալած ճշմարտություններն Աստվածաշնչից։ Որքանո՞վ առաջնահերթություն կդարձնես Տեր Աստծուն ուղղված փառաբանությունն ու օրհնաբանությունը։ Որքանո՞վ օրդ կլցնես Տիրոջ ներկայությամբ ու Նրա մասին խորհրդածություններով․․․

«Ուշադի՛ր եղեք, թե ի՛նչ եք լսում. ինչ չափով որ չափեք, նույնով էլ ձեզ համար կչափեն, և ձեզ՝ լսողներիդ, կավելանա»։

Մեր այսօրվա սուրբծննդյան «ԲԱՅԲԼ ՌԱԴԻՈ» կամ Աստվածաշնչյան ռադիո նվերը կարող ես դարձնել քոնը, եթե անցնես հետևյալ հղումով՝ BibleRadio.am։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: