Սիրելի՛ բարեկամ, երբ իրավիճակդ երկար ժամանակ չի փոփոխվում, երբեմն աղոթքը սկսում է անզոր մի գործողություն թվալ։ Երբ օրդ արդեն իսկ հագեցած է տարբեր գործերով` անգամ նախքան դրա սկսվելը, և երբ բազում անելիքներ ունես, որոնք պետք է մի կերպ տեղավորես օրակարգիդ մեջ, աղոթքին հատկացրած ժամանակդ կարող է դառնալ հերթական մի առաջադրանք, որն իր սովորական տեղն է զբաղեցնում մեր օրակարգի գործողությունների ցանկում։ Այնուամենայնիվ, ես վստահ եմ մի բանում՝ աղոթքը ոչ միայն չի վատնում մեր ժամանակը, այլև օգնում է մեզ խնայել այն:
«Երբ Դանիելն իմացավ, որ հրովարտակը ստորագրվել էր, գնաց իր տունը. նրա վերնատան պատուհանները բաց էին դեպի Երուսաղեմ։ Նա օրը երեք անգամ ծնրադրում էր, աղոթում և գոհաբանություն էր հայտնում իր Աստծուն, ինչպես նախապես անում էր» (Դանիել 6․10,12):
Դանիելը սովորություն ուներ աղոթելու օրը երեք անգամ, և նրա յուրաքանչյուր աղոթքն ազդեցություն էր թողնում ոչ միայն իր կյանքի վրա, այլև իր քաղաքի ու իր ժողովրդի վրա:
Բազմաթիվ օրինակներ կան իմ կյանքում, երբ աղոթքը ոչ միայն խնայել է իմ տվյալ օրվա ժամանակը, այլև օգնել ինձ ժամանակն անիմաստ վատնելու ծուղակներից խուսափելու հարցում, որոնք ամիսներ ու անգամ տարիներ կարող էին գողանալ ինձնից՝ սխալ որոշումների ու անիմաստ ծրագրերի մաս կազմելու պատճառով։
Առաջին հայացքից պարզ աղոթքը շատ բան չի փոխում մարդու կյանքում․ մեր խնդիրները չեն լուծվում անմիջապես աղոթքից հետո, սակայն աղոթքը ճանապարհ է բացում Տեր Աստծո միջամտության համար։ Երբե՛ք չդադարես աղոթել։ Քո հրաշքը, հնարավոր է, արդեն իսկ ճանապարհին է։
Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, աղոթքը կանոնակարգում է մեր կյանքը։ Հատկապես առավոտյան աղոթքին ժամանակ հատկացնելը ճանապարհ է բացում Սուրբ Հոգու հետ ողջ օրն անցկացնելու համար։ Իսկ Նրա գերբնական իմաստության ուղղորդումն ու ներշնչանքը մեզ անհամեմատ ավելի արդյունավետ է դարձնում ցանկացած ոլորտում՝ լինի դա աշխատանքի, ուսման կամ տնայնագործության մեջ։ Մենք ոչ միայն ժամանակ ենք խնայում արդյունավետության ու մարդկանց հետ առողջ հարաբերությունների շնորհիվ, այլև իմաստություն ենք ստանում մեր հանգստին ու հոգևոր աճին տրամադրվող ժամանակի ճիշտ օգտագործման համար։
Ես հրավիրում եմ քեզ աղոթելու ինձ հետ միասին այս աղոթքով․ «Տե՛ր, շատ անգամ ես ինձ ցույց տվել, որ մեկ աղոթքը շատ բան կարող է փոխել իմ կյանքում։ Երբեմն ես դեռ ընկնում եմ կասկածների մեջ, երբ ամեն ինչ այնպես չի ստացվում, ինչպես ես եմ ուզում և աղոթում: Խնդրում եմ՝ օգնիր ինձ միշտ աղոթքը դարձնել իմ կյանքի և օրակարգի առաջնահերթությունը՝ չնայելով անհնարին թվացող երևույթներին, այլ՝ միայն Քեզ ու Քո հավատարմությանը: Քեզ համար չկա անհնարին ոչինչ: Շնորհակալ եմ, Տե՛ր, այն ամենի համար, ինչ Դու պատրաստվում ես անել իմ կյանքում: Աղոթում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը