January-23

Գլխավոր | Հրաշքներ | Որքան կարող ես բարիք արա մյուսներին․․․

Որքան կարող ես բարիք արա մյուսներին․․․

Սիրելի՛ բարեկամ, ես շատ եմ սիրում ուսումնասիրել հավատքի հերոսների կյանքը, որոնք ապրել են անցյալում: Եվ այսօր ուզում եմ քաջալերել քեզ Ջոն Վեսլիի (1703-1791թթ․) խոսքերով․

«Մարդկանց բարիք արա՛ բոլոր հնարավոր միջոցներով, որ ունես քո ձեռքի տակ, բոլոր հնարավոր եղանակներով, որոնք հասանելի են քեզ, բոլոր վայրերում, որտեղ կարող ես, ամեն ժամանակ, երբ կարող ես, բոլոր մարդկանց, ում կարող ես, և այնքա՜ն շատ, որքան կարող ես»։

Այս խոսքերը զորավոր կերպով խոսում են իմ սրտին։ Դրանց մեջ բորբոքված փափագի մի կրակ եմ զգում, որն ասես մարտահրավեր է նետում ինձ և բռնկում ինձ Տեր Հիսուսի համար ապրելու այդ նույն կրակով, որով բռնկված էր Ջոն Վեսլին: Այն նաև հիշեցնում է ինձ Պողոս առաքյալի կարևորագույն խորհուրդը Թեսաղոնիկեի եկեղեցու հավատացյալներին. «Բայց դուք, եղբայրնե՛ր, բարիք գործելուց մի՛ ձանձրացեք» (Բ Թեսաղոնիկեցիս 3․13):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, մենք տեսնում ենք, որ անգամ մարդկանց բարիք անողները կարող են ձանձրանալ կամ հոգնել դա անելուց։ Սակայն Աստված մեզ լցնում է Իր սիրով և զորությամբ, որպեսզի նաև մեր գթասրտությամբ ու բարեգործությամբ, կարեկցանքով ու զոհաբեր սիրով Քրիստոսի Ավետարանը բաժնեկցենք մեր շրջապատի մարդկանց հետ։ 

Սիրո գործերը կարող են անգամ մանրուքներ լինել, սակայն դրանք մեծ ազդեցություն են թողնում մարդկանց վրա։ Ինչ-որ մեկին սուրճ հյուրասիրելը, ճաշի հրավիրելը, քաղցր ու մեղմ պատասխան տալը, բեռների տակ կքված մարդուն լսելու համար ժամանակ հատկացնելը, մանկահասակ երեխային որոշակի ժամանակ խնամելը, որպեսզի մայրիկը հանգստանա, անգամ դուռը պահելը, որպեսզի մարդը անցնի․․․ Այս ամենը և նմանատիպ շատ այլ բարության ու հարգանքի դրսևորումներ պետք է դառնան Քրիստոսի աշակերտների այցեքարտը այս խավար աշխարհում։

Ես աղոթում եմ, որպեսզի քո նախանձախնդրությունը կրկին բորբոքվի այսօր: Մի՛ կորցրու ոգևորությունդ՝ քո շրջապատի մարդկանց համար Աստծուն փառավորելու միջոց դառնալու հարցում։ Եվ թող հնարավորինս շատ մարդիկ տեսնեն քո յուրաքանչյուր խոսքի, վարքագծի, վերաբերմունքի և արարքի հետևում Աստծո սիրո գեղեցկագույն ձեռագիրը:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: