June--18

Գլխավոր | Հրաշքներ | Ո՞րն է Բարձրյալի ծածկոցի տակ մտնելու կերպը

Ո՞րն է Բարձրյալի ծածկոցի տակ մտնելու կերպը

Նախորդ ուղերձի մեջ մենք խոսեցինք վտանգներով ու անվտանգության խնդիրներով լի մեր աշխարհում ամենաապահով վայրի մասին։ Այո՛, կա՛ ապահով ու անվտանգ մի վայր, որն Աստվածաշունչը համեմատում է Բարձրյալ Աստծու ծածկոցի տակ լինելու հետ։ Այսօր անդրադառնալու ենք այն կարևորագույն թեմային, թե ինչպե՞ս կարող է մարդը հայտնվել այդ ամենաապահով վայրում։

Սիրելի՛ բարեկամ, արդյոք մենք կարո՞ղ ենք համոզված լինել, որ վստահաբար Բարձրյալ Աստծու ծածկոցի տակ ենք։ Աստվածաշունչը մեզ փոխանցում է թե՛ Բարձրյալի ծածկոցի տակ մտնելու կերպը և թե՛ այնտեղ լինելու հարցում համոզված լինելու հիմքերը։ Մենք պետք է ուշադիր լինենք, որպեսզի չշեղվենք ու չմոլորվենք այս հարցում, այլ մեր հավատքի հիմքն ու համոզվածության առանցքը լինի Աստվածաշունչը, այլ ոչ թե մարդկային իմաստության ու տրամաբանության պտուղները։

Իսկ դու Բարձրյալի ծածկոցի տա՞կ ես։ Ոմանք սովորեցնում են, թե Բարձրյալի ծածկոցի տակ հայտնվելու համար պարզապես պետք է հռչակել ու դավանել այդ փաստը։ Շատերն են ասում, որ դավանում են և հռչակում, որ Բարձրյալի ծածկոցի տակ են, և Աստված պաշտպանում է իրենց։ Անշուշտ, Աստվածաշնչում ո՛չ մի հիմք չկա նման պնդման համար, թեև բազմաթիվ ուսուցումներ կարող եք գտնել համացանցում այս թեմայով։

Ոմանք սովորեցնում են, թե Բարձրյալի ծածկոցի տակ մարդը կարող է հայտնվել այս կամ այն բարեգործության կամ եկեղեցական կանոններին ու ծեսերին հավատարիմ կյանքով ապրելու արդյունքում։ Կրկին, Աստվածաշունչը ո՛չ մի հիմք չի տալիս նման պնդման կամ ուսուցումների համար, սակայն ամբողջական վարդապետություններ և կանոնակարգեր կան գրված, որոնք սովորեցնում են Բարձրյալի ծածկոցի տակ հայտնվելու՝ վերը նշված կերպը։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ ի՞նչ է այս թեմայի վերաբերյալ սովորեցնում Աստվածաշունչը։ Մարդու համար միայն մեկ ճանապարհ կա այս տիեզերքի ամենաանվտանգ վայրում հայտնվելու համար։ Եվ այդ ճանապարհը Տեր Աստծու հետ հարաբերությունների բժշկությունն է։

«Ամեն ինչ Աստծուց է, որը մեզ Հիսուս Քրիստոսի միջոցով Իր հետ հաշտեցրեց ու մեզ հաշտության ծառայությունը տվեց։ Որովհետև Աստված էր, որ Քրիստոսով աշխարհն Իր հետ հաշտեցրեց և նրանց հանցանքներն իրենց ներեց և հաշտության խոսքը մեր մեջ դրեց։ Արդ Քրիստոսի անունով ենք պատգամաբերություն անում, որպես թե Աստված Ինքն է մեր միջոցով պատգամում. հանուն Քրիստոսի աղաչում ենք, հաշտվե՛ք Աստծու հետ» (Բ Կորնթացիս 5․18-20

Այսօր ես եմ կրկնում Պողոս առաքյալի այս խոսքերը՝ «․․․հանուն Քրիստոսի աղաչում ենք, հաշտվե՛ք Աստծու հետ»։ Աստծու հետ հաշտվելն է, որ մեզ դնում է Նրա պաշտպանության ծածկոցի տակ։ Աստծու հետ հաշտվելն է, որ մեզ դարձնում է Նրա զավակները և արտոնում կիրառել Նրա անվան ողջ իշխանությունն ու զորությունը։

«Աստված մեր նկատմամբ Իր սերը հայտնեց. երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ։ Հապա որքա՜ն առավել հիմա, երբ Նրա արյունով արդարացած ենք, Նրա բարկությունից փրկված կլինենք։ Որովհետև եթե այն ժամանակ, երբ թշնամի էինք Աստծուն, Նրա հետ հաշտվեցինք Իր Որդու մահով, ապա որքա՜ն առավել կփրկվենք Նրա կյանքով, երբ հաշտվել ենք» (Հռոմեացիս 5․8-10):

Տեր Աստծու հետ իրական հաշտության հարաբերություն ունենալու համար շատ կարևոր է հասկանալ այդ հաշտության էությունը և հաշտությունը խափանող գործոնի՝ մեղքի ներգործությունը։ Հե՛նց այս մասին մենք կխոսենք մեր հաջորդ ուղերձի մեջ։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: