Սիրելի՛ բարեկամ, այսօր իմ ուղերձն ուզում եմ սկսել ՝ քեզ մաղթելով հիասքանչ և օրհնված Նոր տարի Տեր Աստծու ներկայության մեջ: Թո՛ղ այս տարին քեզ համար դառնա հոգևոր հաղթանակների և պտղաբեր օրհնությունների տարի։
Իսկ հիմա ուզում եմ քեզ մի հարց տալ։ Տարվա առաջին օրվա այս առավոտյան ո՞րն էր քո առաջին միտքը, երբ արթնացար: Այն քեզ խաղաղությո՞ւն փոխանցեց, մխիթարե՞ց, թե՞ սկսեցիր օրդ՝ կյանքիդ դժվարությունների, ֆինանսական խնդիրների, ընտանեկան չլուծված պրոբլեմների կամ անհանգստություն առաջացնող այլ մտքերի տեղատարափով։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, շատ կարևոր է, որ քո մտքերը չճնշեն քեզ։ Պատկերացրո՛ւ, որ քո կյանքի իրավիճակների առանց այն էլ ծանր ճնշմանը գումարվում է դրանց մասին բացասական մտքերի անընդհատ հոսքը։
Իր ամենածանր իրավիճակում Դավիթ թագավորը այս աղոթքով էր դիմում Տեր Աստծուն. «Մաքուր սի՛րտ ստեղծիր իմ մեջ, ո՜վ Աստված, և ուղիղ հոգի՛ նորոգիր իմ ներսում» (Սաղմոս 51․10)։
Տարվա այս առաջին օրվա սկզբին ուզում եմ մի խորհուրդ տալ, որը, հուսով եմ, կօգնի քեզ ողջ տարվա ընթացքում։ Եթե մարդը, հիմնականում, անկարող է վերահսկել իր կյանքի իրավիճակները և անմիջապես շտկել ու փոխել դրանք, ապա Քրիստոսի աշակերտը դառնալուց հետո յուրաքանչյուր հավատացյալ ունակ է դառնում իր մտքերը պահելու Տեր Հիսուս Քրիստոսի իշխանության տակ։ Այլ կերպ ասած՝ Քրիստոսին նվիրվելուց հետո դո՛ւ ես ընտրում՝ ո՛ր մտքերը մերժես և որոնք՝ ընդունես։
«․․․քանզի մեր մարտի զենքերը մարմնավոր չեն, այլ զորավոր են Աստծով՝ բերդեր քանդելու. մենք դրանցով քանդում ենք ծածուկ մտքերը և ամեն բարձունք, որ Աստծու գիտության դեմ է գոռոզանում, ու գերում ենք ամեն միտք՝ Քրիստոսին հնազանդեցնելու համար» (Բ Կորնթացիս 10․4-5):
Մտքի ոլորտում կարգապահությունն ու խառնաշփոթի կարգավորումը կօգնեն քեզ երախտագիտության և գնահատանքի մտքեր զարգացնելու հարցում։ Անկախ քո կյանքի իրավիճակներից աստիճանաբար քո միտքը կլցվի դրական մտքերով և հայացքդ քո դժվարություններից կկտրվի ու կուղղվի դեպի դրանց վրա իշխանություն ունեցող Տերը:
Միտքը գերի բռնելու հմտությունը զարգանում է հոգևոր աճին և հասունությանը զուգահեռ։ Հուսամ՝ տեղյակ ես, որ մենք այս տարին հայտարարել ենք որպես Աստվածաշնչի ընթերցանության տարի, և մեր նախաձեռնությանը միացող յուրաքանչյուր մարդու օգնելու ենք Աստվածաշնչի ընթերցանության կանոնակարգման և ընթերցածը հասկանալու հարցում։ Համոզված եմ, որ Աստծո Խոսքի ընթերցանությունը և ճիշտ հոգևոր սնունդ ընդունելը քեզ կփոխանցի հե՛նց այն աճն ու հասունությունը, որն անհրաժեշտ է մտքերի ոլորտը կարգավորելու համար։
Առաջարկում եմ աղոթել միասին այս աղոթքով․ «Տե՛ր Հիսուս, ես ուզում եմ այսօրվանից նոր սովորություն ձևավորել իմ կյանքում և զարգացնել այն ողջ տարվա ընթացքում։ Ես ուզում եմ ամեն օր Աստվածաշունչ ընթերցել, հոգևոր սնունդ ընդունել Քեզնից և Քո Սուրբ Հոգու օգնությամբ աճել ու հասունանալ հավատքի կյանքում։ Ես ուզում եմ, որ որպես Քո հավատարիմ աշակերտ ունենամ իմ մտքի ոլորտը կարգավորելու ողջ իշխանությունը և Քո օգնությամբ կարողանամ սխալ մտքերը հնազանդեցնել Քո բարի և հաճելի կամքին։ Ես էլ Դավիթ թագավորի պես խնդրում եմ Քեզ, որ մաքուր սիրտ ստեղծես իմ մեջ և ուղիղ հոգի նորոգես իմ ներսում։ Խնդրում եմ՝ մաքրի՛ր նաև իմ մտքերը, որպեսզի ամեն առավոտ կարողանամ լսել Քո ձայնը և զգալ Քո ներկայությունը, քաջալերվել Քո Խոսքով և ամրանալ Քո Խոսքի խոստումներով: Աղոթում և խնդրում եմ Քո սուրբ ու պատվական անունով։ Ամե՛ն»:
Իմ թանկագին բարեկա՛մ, թո՛ղ Տերը զորացնի քեզ այսօր և հաստատի քո սրտի այս աստվածահաճո որոշումը: Շնորհավոր Նոր Տարի!
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը