«Եթե ասում եմ՝ «Ոտքս դողդողում է», Տե՛ր, Քո ողորմությունը հաստատում է ինձ։ Մինչ իմ հոգսերն իմ սրտում շատանում են, Քո մխիթարություններն ուրախացնում են ինձ» (Սաղմոս 94.18-19)։
Սիրելի՛ բարեկամ, երբ դեռ ուսանող էի, սիրում էինք ընկերներով արշավների գնալ։ Այդպիսի արշավներից մեկի ժամանակ չորս ընկերներով բավականին բարդ լեռնային տեղանքով էինք անցնում։ Լեռնային կածանը գնալով նեղանում էր, և մի պահ մենք անցնում էինք մի այնպիսի տեղանքով, որը չափազանց վտանգավոր էր։ Միայն մեկ հոգու ճանապարհ էր, և այն հնարավոր էր անցնել միայն կիսակքված վիճակում։ Երբ արդեն այդ դժվարին ճանապարհի մեջտեղում էինք, և մի քանի քայլ էր մնացել դժվարին ու վտանգավոր այդ հատվածը անցնելու համար, մեր ընկերներից մեկի մոտ վախի ու խուճապի մի տագնապ սկսվեց։ Նա ուղղակի կանգնել էր և ո՛չ առաջ էր գնում, ո՛չ էլ՝ հետ։
Մենք չգիտեինք՝ ինչ անել։ Ոչ մի տրամաբանական բացատրություն չէր փոխում իրավիճակը։ Մի փոքր շունչ առնելուց հետո մենք փոխեցինք մեր մոտեցումը։ Եվ, ի զարմանս մեզ, քաջալերանքի խոսքերը վերականգնեցին մեր ընկերոջ վստահությունը սեփական ուժերի նկատմամբ։ Բոլորս ոգևորված ասում էինք նրան․ «Դու կարո՛ղ ես անել դա»: Այդ մի քանի խոսքերը ոգևորեցին նրան, ուժ տվեցին, և մենք հաղթահարեցինք այդ դժվարին ու վտանգավոր հատվածը։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, յուրաքանչյուր մարդ ունի քաջալերանքի կարիք։ Հիշո՞ւմ ես կույր մուրացկան Բարտիմեոսի աստվածաշնչյան պատմությունը։ Երբ բոլորը սաստում էին նրան և խրատում էին, որ լուռ մնա, Տեր Հիսուսը կանգ առավ ու քաջալերական խոսքեր ուղղեց նրան (տե՛ս Մարկոս 10:46-52 հատվածը):
Այսօր գուցե շատերն են ուզում լռեցնել դեպի Տերն ուղղված քո աղաղակը, սակայն Նա Իր քաջալերական խոսքերով պատասխանելու է քեզ։
Քո կյանքի իրավիճակը կարող է քո մեջ վախ, խուճապ ու տագնապներ ծնել․․․ Գուցե դու էլ անկարողությունից չգիտես՝ առա՞ջ գնալ, թե՞ հետ։ Քո կյանքի բոլոր վտանգավոր ու դժվարին ժամանակներում փորձիր լսել Տեր Հիսուսի մխիթարող, խրախուսող ու քաջալերող խոսքերը․ «Դու կարո՛ղ ես անել դա, քաջալերվի՛ր, ոտքի կանգնի՛ր, թոթափի՛ր տխրությունդ և վերցրո՛ւ Իմ ուրախությունը»:
Տիրոջ ուրախությունը քո զորությունն է: Անհնարին ոչինչ չի կարող լինել, երբ հենց Ինքն՝ Աստված է քաջալերում քեզ: Ես աղոթում եմ, որ դու քաջալերվես, ոտքի կանգնես, զորանաս և առաջ շարժվես։ Եվ առաջարկում եմ ժամանակ տրամադրել ու դիտել «Դու կարո՛ղ ես, երբ Հոգին քո մեջ է» վերնագրով այս պատգամը՝
https://youtu.be/ZO2Z-N7R79Y
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը