November 23

Գլխավոր | Հրաշքներ | Շնորհակալ եմ Տիրոջից այն ամենի համար, ինչն արդեն ունեմ։

Շնորհակալ եմ Տիրոջից այն ամենի համար, ինչն արդեն ունեմ։

Սիրելի բարեկա՛մ, ես ուսանող եմ եղել իննսունականների սկզբին և լավ հիշում եմ, թե որքա՜ն բարդ էր կյանքը և շատ շատերի ընտանիքներում կար հացի խնդիր։ Կար պատերազմ ու կրկին հազարավոր զոհեր ու դժբախտացած ընտանիքներ։ Սակայն հիշում եմ նաև, որ այդ ամենով հանդերձ, մարդիկ այդքան բացասական չէին, որքան տեսնում եմ մեր օրերում։ Երբևէ մտածե՞լ ես, թե ինչու․․․

Մենք՝ Քրիստոսի աշակերտներս, ըստ Աստծո Խոսքի, պետք է աղ և լույս լինենք մեր շրջապատի մարդկանց համար։ Այլ կերպ ասած, մենք պետք է դրական ազդեցություն ունենանք մեզ շրջապատող մարդկանց վրա։ Այո՛, իրավիճակն այսօր ընտանիքներում, եկեղեցիներում և մեր երկրում ու ամբողջ աշխարհում, մեղմ ասած, լավագույնը չէ՝ համեմատած վերջին տարիների հետ։ Սակայն լավ կլինի մի պահ կանգ առնել և հիշել, թե որքա՜ն բան ունենք Աստծուց շնորհակալ լինելու համար։ Մի պահ խորհի՛ր, թե որո՞նք են քեզ համար իրական հարստությունները։ Արդյո՞ք իրերը, ունեցվածքը, անունն ու զբաղեցրած դիրքը, թե՞ այս ամենից առավել գնահատում ես Աստծո հետ ունեցած քո անձնական հարաբերությունը, ներքին խաղաղությունդ, փոխհարաբերություններդ քո շրջապատի մարդկանց հետ այլ ոչ նյութական օրհնություններ։ 

Մի ասացվածք կա՝ մյուսների հետ համեմատվելը գողանում է սրտիդ գոհությունը։ Հաճախ մենք չենք նկատում այն իրական հարստությունները, որ ունենք Աստծուց և փոխարենը սկսում ենք տրտմել այն բաների համար, որոնք չունենք և ունեն մյուսները։ 

Աստվսծաշունչը մեզ հետևյալ իմաստությունն է փոխանցում․ «Սակայն աստվածապաշտությունը գոհունակության հետ միասին մեծ շահ է։ Որովհետև ոչինչ չենք բերել այս աշխարհ և ոչինչ էլ չենք կարող տանել։ Ուտելիք և հագուստ ունենք, դրանցով բավարարվենք» ‭‭(Ա Տիմոթեոս‬ ‭6․6-8‬

Բավարարվածությունն ու գոհունակությունը երկու հիմնային արժեքներ են Աստծո Արքայության մեջ, որոնք այդքա՜ն կարևոր են մեր առօրյա կյանքում։ Մինչ Աստված փափագում է հոգալ մեր կարիքները, մենք բոլորս դեռ պետք է սովորենք գոհանալ այն ամենով, ինչն այսօր ունենք։ Քաջալերում եմ քեզ՝ շնորհակալ լինել Աստծուց այն ամենի համար, ինչը Նա արդեն իսկ տվել է քեզ։ Տե՛ս, թե ինչ է ասում Աստվածաշունչը․ «Նրա աստվածային զորությունը մեզ շնորհեց կյանքին և աստվածապաշտությանը վերաբերող ամեն ինչ՝ ճանաչեցնելով Նրան, ով մեզ կանչեց փառքով ու առաքինությամբ» (‭‭Բ Պետրոս‬ ‭1․3‬)։

Այս աշխարհի ամենահարուստ մարդիկ էլ գտնում են բաներ, որոնք դեռ չունեն։ Եվ կան բազմաթիվ ոչ հարուստ մարդիկ, որոնք բավարարված են այն ամենով, ինչ Աստված պարգևել է իրենց, և ապրում են գոհության ու խաղաղության հոգեվիճակում։ Ընտրությունը քոնն է՝ կա՛մ հայացքդ ուղղելու ես մյուսներին ու դժգոհելու ես, որ նրանք ունեն այն, ինչ դու չունես, կա՛մ փորձելու ես տեսնել այն ամենը, ինչն արդեն ունես և սրտանց գոհանալու ես Աստծուց։ Եվ եթե դու Քրիստոսի աշակերտն ես, ապա քեզ համար իրական է Պետրոս առաքյալի միջոցով փոխանցված ճշմարտությունը՝ Նրա աստվածային զորությունը մեզ շնորհեց կյանքին և աստվածապաշտությանը վերաբերող ամեն ինչ։ Իսկ Տեր Աստծո կողմից ինձ ու քեզ շնորհված ամենամեծ ու ամենաթանկ բարիքն այն է, որ մեզ ճանաչեցրել է մեր կյանքերի Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին։

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, արժե՛ այսօր գոհանալ այն ամենի համար, ինչ ունենք։ Օրհնյալ և գոհությամբ լեցուն օր եմ մաղթում քեզ։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: