Մենք շարունակում ենք ուղերձների մեր նոր շարքը, որը կրում է «Դու կարո՛ղ ես վայելել հաղթանակի բերկրանքը» անվանումը։
«Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, որովհետև Ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ Իմ արդար աջով» (Եսայիա 41․10)։
Սիրելի՛ բարեկամ, ինչպիսի՞ ապրումներ ես ունենում, երբ Աստծու խոստումները չեն իրականանում քո կյանքում, իսկ այն ամենը, ինչ կատարվում է քո կյանքում, Աստծո կողմից խոստացված իրականության ճիշտ հակառակն է։
Սա հենց այն է, ինչը տեղի էր ունենում Հովսեփի կյանքում։ Աստված նրան երազներ էր ցույց տվել, ըստ որոնց Հովսեփը մեծ մեկը պետք է դառնար։ Նա շատ ավելի բարձր դիրքում պետք է լիներ, քան իր եղբայրները։ Սակայն հենց եղբայրների պատճառով նա իր կյանքի մի մասն անցկացրեց ստրկության, իսկ հետո նաև՝ բանտարկության մեջ։ Բայց միայն այդ ճանապարհով էր հնարավոր Հովսեփի կյանքում Աստծո մեծ խոստումների իրականացումը։ Ի վերջո, Աստծո խոստումներն իրականացան, և Հովսեփը դարձավ Եգիպտոսում իշխանությամբ երկրորդ մարդը փարավոնից հետո։
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, գուցե քո կյանքը նո՞ւյնպես անցնում է դավաճանության, դժվարությունների և անհույս բանտարկության նմանվող փուլերով։ Գուցե արդեն սկսում ես կասկածե՞լ Աստծո խոստումների իրական լինելու հարցում։ Եթե այո, ապա ընթերցի՛ր Հովսեփի պատմությունն Աստվածաշնչում և հավատա՛, որ Աստված քո կյանքի ցանկացած անհույս իրավիճակ կարող է օգտագործել որպես գերբնական կամուրջ, որը կհասցնի քեզ հենց այն իրականությանը, որը Տերը խոստացել է Իր աստվածավախ ու հավատարիմ ծառաներին։
Մեր տկարությունները Աստծո համար հնարավորություն են դրանց մեջ Իր զորությունն արտահայտելու համար։ Մեր տկարությունները մեր խաչմերուկներն են, որոնց մոտ մեզ կարող է հայտնվել Աստծո զորությունը։
Մեր սահմանափակումները հաճախ Աստծո համար հնարավորություններ են, որպեսզի մենք ականատես լինենք Նրա մեծությանը։ Այո՛, Աստծո զորությունը հստակ է երևում ավելի թանձր տկարությունների ժամանակներում՝ նման մոմի լույսին, որը խավարի մեջ է ավելի տեսանելի դառնում։
Մեր տկար ժամանակ է, որ Աստված զորացնում է մեզ։ Ինչպե՞ս և ի՞նչ գործիքներ օգտագործելով։ Ահա՛ դրանցից մի քանիսը.
- Աստծո գրավոր Խոսքը և մարմնացած Խոսքը. (տե՛ս Հովհաննես 1.1-4)
- Աստծո Հոգին և միտքը (տե՛ս Բ Տիմոթեոս 1.1.7)
- Սուրբ Հոգու պարգևները (տե՛ս Ա Կորնթացիս 12.11)
- Տեր Հիսուսի օրինակը (տե՛ս Փիլիպպեցիս 2.5)
Աստծու խոստումը քեզ զորացնելն է, և Նա կանի՛ դա, եթե միայն սրտանց խնդրես Նրան որպես Քրիստոսի աշակերտ։ Նա կդրսևորի Իր զորությունը քո տկարությունների մեջ։ Սակայն երբե՛ք չմոռանաս, որ դու էլ քո բաժինն ունես անելու. օգտագործի՛ր այն միջոցները, որոնք Նա է հոգացել քեզ զորացնելու համար։
Այսօր թող Տերը զորացնի քեզ Իր զորության կարողության չափով։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը