January-12

Գլխավոր | Հրաշքներ | Նայի՛ր քեզ Աստծու հայելու մեջ․․․

Նայի՛ր քեզ Աստծու հայելու մեջ․․․

Սիրելի՛ բարեկամ, շատերը խնդիրներ ունեն իրենց ինքնագնահատականի և ինքնության հետ… Նրանք դժգոհ են իրենց վարքագծից, բնավորությունից, կրթական մակարդակից, սոցիալական դիրքից և այլն:

Այսօր ուզում եմ, որ դու նախ հաշտվես ինքդ քեզ հետ և նույնիսկ համարձակվես ավելի հեռուն գնալ՝ սովորես տեսնել քեզ այնպիսին, ինչպիսին Աստված է քեզ տեսնում։ Նա՛ է քեզ կյանք պարգևել։ Դու Նրա ձեռքի գործն ես։ 

Սաղմոսերգուն ցնծում է, երբ գիտակցում է այս ճշմարտությունը։ Սաղմոս 139․14 խոսքում կարդում ենք. «Գոհանում եմ Քեզնից, որովհետև ահավոր և զարմանալի կերպով ստեղծվեցի. զարմանալի են Քո գործերը, և իմ անձը լավ է հասկացել» (Սաղմոս 139․14):

Այս փաստի գիտակցումը նրա համար չէ, որ դու հիանաս քեզնով կամ ընկնես ինքնասիրահարվածության ծուղակը, այլ որպեսզի տեսնես ու գիտակցես, որ Աստված մի զարմանահրաշ գործ է իրականացրել, երբ ստեղծել է քեզ…

Այսպիսով, երբ դու քո մասին թերարժեքության մտքեր ես ունենում, թերագնահատում ես քո հնարավորությունները կամ քեզ անկարող մեկն ես տեսնում, դու հակառակ ես գնում Աստծուն, Ով բացարձակապես այլ կարծիք ունի Իր ստեղծած էակի առնչությամբ։ Ընդհանրապես, Արարիչ Աստծու հետ չհամաձայնելը և, առավել ևս, Նրան հակառակ գնալը բավականին վտանգավոր բան է մահկանացու մարդու համար։ 

Եվ եթե դու նվիրվել ես Տեր Աստծու կամքի համաձայն կյանք ապրելուն, եթե հավատացել ես Նրա Խոսքին, խոստովանել ու հեռացել ես քո բոլոր գիտակցված մեղքերից կամ գոնե պատերազմ ես հայտարարել դրանց, որպեսզի մի օր ի սպառ ազատվես դրանց բերած մահաբեր ազդեցությունից, ապա երբ Աստված նայում է քեզ, Նա միայն նկատում է քո դրական որակները և քո թանկ արժեքը որպես Իր զավակի։ Քո բոլոր սայթաքումները, թերացումներն ու խոստովանած մեղքերը ընդմիշտ ջնջված են:

Գուցե քո կյանքի ներկա իրավիճակին նայելով՝ քեզ դժվար է ասել «Ես զարմանալի ու հիասքանչ կերպով եմ ստեղծված» խոսքերը, սակայն այսօր ուզում եմ քո դժվարությունների ու թերությունների խամրած պատուհաններից այն կողմ կարողանաս տեսնել քո երկնային Հոր գնահատականը։

Աստված սիրում է քեզ և քեզ գնահատում է ոչ թե մարդկային չափանիշներով հաջողված լինել-չլինելու հիման վրա, այլ քո կյանքի դժվարին ու ճգնաժամային իրավիճակում Իրեն հավատարիմ որոշումներ կայացնելու և Իր կամքին համահունչ վարքագիծ դրսևորելու ունակության արդյունքում։

Եթե միայն հասկանանք այս ճշմարտությունը, ապա կտեսնենք Տեր Աստծու բարությամբ ու բարեհաճությամբ լեցուն Նրա հայացքը․․․ Նա հիանում է, երբ մենք անկախ մեր կյանքի իրավիճակներից Հովսեփի նման հավատարիմ ենք, Հոբի նման համբերող, Եսթերի նման անձնուրաց ու համարձակ,Հռութի նման հոգատար, Դանիելի նման սկզբունքային և այլն։

Աստված քեզ զարմանալի ու գեղեցիկ է ստեղծել։ Այս բոլոր որակները և դեռ շատ ավելին պարփակված են քո մեջ։ Դու դրանք կարող ես արթնացնել քո մեջ Տեր Հիսուս Քրիստոսի օգնությամբ և Սուրբ Հոգու ուղղորդման շնորհիվ։ 

Աստված մեծ փափագ ունի քեզ փոխակերպելու՝ վերականգնելու քո կյանքը անցյալի արհավիրքներից, բժշկելու հոգուդ վերքերից, ազատելու քեզ քո սրտի ընկճվածությունից և վերցնելու մարմնի տկարությունները: Նա քեզ համար նոր կյանք է պատրաստել և ուզում է, որ դու քեզ տեսնես Իր տրամադրած հայելու մեջ։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր հորդորում եմ, որ այլևս չհակառակվես Տեր Աստծուն և քո մասին քո կարծիքը համահունչ դարձնես Տեր Աստծու ունեցած կարծիքի ու գնահատականի հետ։ 

Առաջարկում եմ աղոթել ինձ հետ միասին այս աղոթքով․ «Շնորհակալ եմ, Տե՛ր ,որ Դու սքանչելի ու զարմանահրաշ կերպով ես ինձ ստեղծել: Օգնի՛ր ինձ, խնդրում եմ, որ տեսնեմ ինձ այնպիսին, ինչպիսին Դու ես ինձ տեսնում: Ես Քեզ եմ հանձնում իմ բոլոր տկարությունները, վերքերն ու խնդիրները և խնդրում եմ, որ փոխակերպես իմ կյանքն այնպես, որ դառնամ Քո կամքի համեմատ մարդ, ով կրում է Քո պատկերն ու նմանությունը: Ես գոհանում եմ Քեզնից ինձ պարգևած կյանքի համար և շնորհակալ եմ, որ ինձ այսպիսին ես ստեղծել։ Աղոթում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»:

Իմ սիրտը լի է ցնծությամբ։ Իսկ դու զգո՞ւմ ես մեր հոգատար Աստծու սիրառատ հայացքը, որն ուղղված է դեպի քեզ․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: