2021-04-21

Գլխավոր | Հրաշքներ | Նայի՛ր ու տես քեզ Նրա աստվածային հայելու մեջ

Նայի՛ր ու տես քեզ Նրա աստվածային հայելու մեջ

Պատկերացնում եմ, որ այսօր նախքան դուրս կգաս տանից, հայելու մեջ նայելու ես ինքդ քեզ վրա, որպեսզի համոզվես, թե արդյոք ամեն բան կարգի՞ն է քո արտաքին տեսքի առումով։ Կարո՞ղ եմ մեկ հարց տալ քեզ։ Իսկ քո ներաշխարհի համար ո՞ր հայելին ես օգտագործում։ 

Իմ հովվական ծառայության տարիներին ես շատ մարդկանց եմ հանդիպել, ովքեր կիսվել են ինձ հետ ու պատմել գրեթե նույն զգացողությունների մասին։ Նրանք հիմնականում վկայում են, որ երկար ժամանակ տառապել են մերժվածությունից ու թերարժեքության զգացումից։ Շատերը մանկությունից սկսած ծնողների կամ հասակակիցների ճնշումների, անհուսություն ծնող խոսքերի ու ծաղրի արդյունքում հավատացել են իրենց իբր անպետք ու անկարող էության մասին խոսքերին։ Հետագայում էլ, ավելի հասուն տարիքում կյանքի հարվածներն ու մեղքի ճահճից սեփական ջանքով դուրս գալու անկարողությունն ասես հաստատել են այդ կարծիքն ու խորացրել սեփական թերարժեքության ընկալումը։ 

Սակայն ապաշխարությունից հետո նման մարդկանց մոտ մեկ ուրիշ հայելի է հայտնվում՝ Աստծո հայելին։ Այս հայելին ոչ թե մարդկանց կարծիքն է արտացոլում ու հիշեցնում նրանց խոսքերը, այլ Աստծո կարծիքն ու Նրա խոստումները։ Աստծո քաջալերական հայելին օգնում է, որ այս մարդկանց ձախողումները փոխվեն հաղթանակներով, քանի որ Աստված նրանց հետ է և նրանց կողմից։ Աստված Իր զավակների համար այն վեմն է, որի վրա մենք կառուցում ենք մեր կյանքը։ Նա մեր ամրոցն է և ապաստարանը։ 

Սիրելի բարեկամ, հավատա, ինչպես որ ինձ հանդիպած այդ մարդկանց կյանքն է կերպարանափոխվել սեփական անձի հանդեպ Աստծո տեսանկյունն ընդունելուց հետո, այնպես էլ քեզ համար է շատ կարևոր, որպեսզի սովորես քո ներաշխարհը տեսնել Աստծո հայելու մեջ։ Գիտես ինչո՞ւ։ Որովհետև Նրա հայելին, Նրա Խոսքի հայելին, պարզապես ամենաճշգրիտն է և ամենաճշմարիտը։ Դա այնպիսի մի հայելի չէ, որը խեղաթյուրում է, աղավաղում կամ խոշորացնում իրականությունը։ Այն կատարյալ ճշմարտությունն է (տե՛ս Հովհաննեսի 17․17 խոսքը)։
Աստված փափագում է սովորեցնել քեզ, պաշտպանել քեզ, օգնել քեզ քո տեղը այս կյանքում ու Իրեն ծառայելու մեջ գտնելու հարցում, առաջնորդել քեզ Իր Սուրբ Խոսքով։ Հորդորում եմ քեզ ամեն օր կարդալ Աստվածաշունչ և գրի առնել այն ամենը, ինչն ընդունում ես Աստծուց։ Գրի առ նաև հարցերդ և տուր քո հոգևոր առաջնորդներին։ Եթե չունես մեկը, ում կարող ես ուղղել հարցերդ, ապա կարող ես օգտվել ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ծառայությունից, որտեղ ամեն ուրբաթ օր առավոտյան ժամը տասին ես ուղիղ եթերով պատասխանում նախօրոք գրված հարցերին։ Միացի՛ր մեր ծառայությանն այս հղումով

Այս ամենը կօգնի քեզ ուշադիր լինել Աստծո Խոսքի հանդեպ և քեզ քննել ըստ Աստծո տված հայելու։ Քո մասին քո կարծիքը հենց այդ հայելու շնորհիվ պետք է ձևավորվի։ Ինչպես նաև այն քեզ ցույց կտա հարդարվելու, շտկվելու ու մաքրվելու բոլոր անհրաժեշտ կողմերը։ Ահա թե ինչ է ասում Աստվածաշունչը․ «Երիտասարդն ինչո՞վ պիտի մաքուր պահի իր ճանապարհը. զգույշ լինելով Քո Խոսքի համեմատ» (Սաղմոս‬ ‭119․9‬)։ 

Կցանկանա՞ս աղոթել ինձ հետ որպես արձագանք քո ընթերցածի։ Ե՛կ աղոթենք այս աղոթքով․ «Տե՛ր, շնորհակալություն Քո Խոսքի համար, որն իմ իրականության ճշգրիտ հայելին է։ Սովորեցրո՛ւ ինձ տեսնել ինքս ինձ Քո աչքերով և օգնիր ինձ հասկանալ Քո Խոսքը, ըմբռնել այն, ինչը Դու փափագում ես ինձ սովորեցնել Քո Խոսքի միջոցով։ Եվ զորություն տուր ինձ, որպեսզի կարողանամ կիրառել այն իմ կյանքում, որպեսզի ապրեմ այնպես, ինչպես Դու ես նախապես ծրագրել ինձ համար։ Ողջ փառքը և պատիվը տալիս եմ Քո սուրբ ու պատվական Անվանը։ Տեր Հիսուսի անունով։ Ամե՛ն»։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: