December-23

Գլխավոր | Հրաշքներ | Յուրաքանչյուր առավոտյան հրավիրի՛ր Աստծու Սուրբ Հոգուն․․․

Յուրաքանչյուր առավոտյան հրավիրի՛ր Աստծու Սուրբ Հոգուն․․․

Սիրելի՛ բարեկամ, իսկ դու ժամանակ հատկացնո՞ւմ ես Տեր Աստծու հետ աղոթքի մեջ զրույց ունենալուն։ Տեր Հիսուսը սովորեցնում էր, որ աղոթքը Տեր Աստծու հետ առանձնանալն է և Նրա առջև քո սիրտը բացելը։ Նա խոսում էր ներքին սենյակի փորձառության մասին։ Այնտեղ Աստված գալիս է մեզ հետ հանդիպման և մեզ հետ զրուցելու։ Երբեմն մենք չենք ընկալում նման հանդիպումների կարևորությունը։ 

Տեր Հիսուսը սովորեցնում էր ուրիշ Մխիթարիչի մասին․ «Եթե Ինձ սիրում եք, պահե՛ք Իմ պատվիրանները։ Եվ ես Հորը կխնդրեմ, և ձեզ ուրիշ Մխիթարիչ կտա, որպեսզի հավիտյան ձեզ հետ լինի. ճշմարտության Հոգին, որին աշխարհը չի կարող ընդունել, որովհետև Նրան չի տեսնում և չի ճանաչում։ Բայց դուք Նրան ճանաչում եք, որովհետև Նա ձեզ մոտ է մնում ու ձեր մեջ է լինելու» (Հովհաննես 14․15-17):

Սուրբ Հոգին աստվածային Երրորդության անձերից մեկն է, Ով միշտ այն մարդկանց հետ է և այն մարդկանց մեջ, որոնք հավատում են Տեր Հիսուս Քրիստոսին և, որպես Նրա հավատարիմ աշակերտներ, ձգտում են պահել Նրա պատվիրանները։ Սուրբ Հոգին քեզ ուղեկցող Աստվածն է, Ով խոսում է քեզ հետ, քաջալերում, մխիթարում, ինչպես նաև խրատում և հանդիմանում։

Երբ Սուրբ Հոգին խոսում է, դու կարող ես լսել Նրա խոսքերը քո սրտում։ Նրա խոսքերը թանկարժեք գանձեր են, որոնք իրենց մեջ աստվածային իմաստություն և բժշկարար զորություն ունեն։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր ես քեզ քաջալերում եմ. 

  • Խնդրել Սուրբ Հոգուն, որպեսզի Նա Իրեն հայտնի քեզ։ 
  • Նվիրվել Տեր Հիսուսի պատվիրանները ճանաչելուն և դրանց հնազանդ կյանք ապրելուն, որպեսզի Սուրբ Հոգին գա քո կյանքի մեջ և բնակվի քո ներսում։
  • Քո բոլոր հոգսերը հանձնել Նրան և ընդունել Նրա խորհուրդներն ու ուղղորդումը։ 
  • Հնազանդվել Սուրբ Հոգու հորդորներին ու խրատներին և ապրել Նրա գերբնական խաղաղության մեջ։

Առաջարկում եմ միասին աղոթել այս աղոթքով․ «Տե՛ր Հիսուս, աղոթում եմ, որ Քո Սուրբ Հոգին ամեն օր առաջնորդի ինձ Քո ճանապարհների և Քո կամքի մեջ, որ օգնի ինձ փոխակերպվելու և Քո պատկերին ավելի ու ավելի նմանվելու հարցում։ Շնորհակալ եմ, որ Դու իմ Տերն ես։ Շնորհակալ եմ, որ ընդունել ես ինձ որպես Քո աշակերտներից մեկը։ Շնորհակալ եմ, որ սիրում ես ինձ և Քո կյանքն ես զոհել ինձ փրկելու համար։ Ես էլ իմ կյանքն եմ ուզում դնել Քո կամքը կատարելու և Քո առաքելությունն այս երկրի վրա շարունակելու համար։ Սովորեցրո՛ւ ինձ Քո պատվիրանները և իմաստություն տուր ինձ դրանց հնազանդ կյանք ապրելու համար։ Աղոթում եմ և խնդրում Քո սուրբ ու պատվական անունով։ Ամե՛ն»։ 

Թո՛ղ Աստծու Սուրբ Հոգին քո մեջ բնակվի և քո կողքին լինի կյանքիդ բոլոր օրերում․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: