Սիրելի՛ բարեկամ, այս աշխարհն ասես ավելի ու ավելի ուժգին մոլեգնող փոթորիկների մեջ հայտնված լինի։ Ամեն օր մենք բախվում ենք նոր իրադարձությունների և լուրեր ենք լսում, որոնք գողանում են մարդկանց մեծամասնության խաղաղությունը։ Սակայն պետք է հիշենք նաև, որ Տեր Հիսուսը զգուշացրել է այս մասին մոտ երկու հազար տարի առաջ։
«Լսելու եք պատերազմների ձայներ ու պատերազմների լուրեր։ Տեսե՛ք, որ չսարսափեք, որովհետև այդ ամենը պետք է լինի, սակայն դա դեռ վերջը չէ։ Ազգն ազգի դեմ վեր կկենա, և թագավորությունը՝ թագավորության դեմ. լինելու են սով և տեղ առ տեղ երկրաշարժեր։ Բայց այս ամենը սկիզբն է երկունքի» (Մատթեոս 24.6-8):
Տերը նկարագրում էր վերջին ժամանակները։ Այո՛, մարդկանց վերաբերմունքը Տեր Աստծու նկատմամբ գնալով ավելի ու ավելի արհամարհական է դառնում։ Մարդիկ ավելի են հեռանում Աստծու Խոսքից ու Աստծու կամքին հնազանդվելուց։ Աշխարհի մեջ ավելի ու ավելի է շատանում մեղքը։ Մարդիկ բացահայտ կերպով հակառակ են գնում Աստծուն և անաստվածություն են քարոզում։ Եվ այս ամենը չի կարող անհետևանք մնալ։ Տերը խոսել է այս մասին ու զգուշացրել Իր Խոսքի մեջ։
Սակայն Նա նաև հույս ու մխիթարություն է փոխանցում Իր աշակերտներին՝ այն մարդկանց, որոնք հավատում են Իր խոսքերին, նվիրվել են Իր կամքը ճանաչելուն և այդ կամքը իրենց կյանքերում կիրառելուն։
«Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. Ես այն ձեզ չեմ տալիս, ինչպես աշխարհն է տալիս. ձեր սիրտը թող չխռովվի ու չվախենա» (Հովհաննես 14․27):
«Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի Ինձնով խաղաղություն ունենաք։ Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջալերվե՛ք, որովհետև Ես հաղթել եմ աշխարհին» (Հովհաննես 16.33):
Իսկ Հովհաննեսի ավետարանի 15․5 խոսքում Տեր Հիսուսն ասում է․ «Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը. ով Ինձ հետ է միավորվում, իսկ Ես՝ նրա հետ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց Ինձ ոչինչ չեք կարող անել»։
Տեր Հիսուսի որթատունկ լինելը նշանակում է, որ մեր կյանքում ամեն բան կախված է Նրանից: Ամենը, որ կարող է կյանք տալ ճյուղերին, գալիս է որթատունկից: Այդ թվում՝ նաև Նրա տված խաղաղությունը։ Ինչպես ճյուղը միայնակ ունակ չէ պտղաբերելու, նույն կերպ՝ հավատացյալը, եթե կենդանի կերպով կպած չէ Տեր Հիսուսին:
Տեր Հիսուսին կպած լինել նշանակում է.
· Քո մտքերը կենտրոնացած են Նրա վրա,
· Քո սիրտը բաց է Նրա ներկայության համար,
· Քո արարքներն ու վարքագիծը համապատասխան է Նրա կամքին։
Ճյուղը կյանք չի կարող ունենալ ինքնուրույն, երբ զատված է որթատունկից: Այն փայտի մի մահացած կտոր է դառնում, քանի որ իր կենսունակությունը ստանում է միայն որթատունկից։ Եվ միայն որթատունկին կպած ժամանակ է, որ ճյուղը կարող է պտղաբերել և խաղողի հյութալի ողկույզներ ունենալ իր վրա՝ քաղցր, հրաշալի ու գունագեղ պտուղներ, որոնք կարող են ուրախության պատճառ դառնալ քո կյանքում:
Աստվածաշունչն ասում է, որ Հիսուս Քրիստոսով մենք ունենք ամենն, ինչի կարիքն ունենում ենք: Մենք ապրում ենք, շարժվում ենք և կանք հե՛նց Նրա շնորհիվ: Եվ Նրանով է, որ մենք ուժ ենք ստանում հզոր սխրանքներ ու անհավանական գործեր գործելու, ինչպես նաև Տեր Աստծու փառքի համար առատ պտուղ բերելու համար:
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, հատկապես վերջին ժամանակներում մենք կարիք ունենք ամուր կպած մնալու Հիսուս Որթատունկին։ Առանց Նրա դու ոչինչ չես կարող անել: Որպես ճյուղ, քո բաժինը պարզապես Տեր Հիսուս Քրիստոսին ամուր կպած մնալն է: Իսկ մնացածի համար Նա կհոգա կատարյալ կերպով։
Այսօր առաջարկում եմ քեզ միանալ մեր հատուկ աղոթքին, որով խնդրում ենք Աստծուց, որպեսզի Տեր Հիսուսի խաղաղությունը լցվի այս փոթորկող աշխարհում բնակվող բոլոր ազգերի մարդկանց մոլորված սրտերում, որպեսզի մարդիկ ապաշխարեն ու ամուր կպնեն խաղաղության միակ Աղբյուրին՝ Տեր Հիսուս Քրիստոսին և, դառնալով Նրա հավատարիմ աշակերտները, ապրեն Նրա տված խաղաղության մեջ։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը