April-14

Գլխավոր | Հրաշքներ | Միաբանությունը հնարավոր է միայն լույսի որդիների միջև

Միաբանությունը հնարավոր է միայն լույսի որդիների միջև

Քրիստոնեական միաբանությունը Տեր Աստծու պատվերն է Իր բոլոր ճշմարիտ աշակերտներին։ Քրիստոնեական միաբանության մեջ մեծ զորութուն կա և այն վկայություն է աշխարհին Քրիստոսի իրական ու ճշմարիտ լինելու մասին։ Քրիստոնեական միաբանությունն օրհնություն է, սակայն այն երբե՛ք չի կարող ինքնանպատակ լինել։ Երբե՛ք ու երբե՛ք չեն կարող միաբանվել բոլոր այն եկեղեցիները, որոնք իրենց քրիստոնեական են կոչում։ Եվ չե՛ն կարող միաբանվել բոլոր այն մարդիկ, որոնք իրենց քրիստոնյա են կոչում։

Սիրելի՛ բարեկամ, քրիստոնեական միաբանությունը հնարավոր է միայն լույսի որդիների միջև։ Ի՞նչ է դա նշանակում։ Ցավոք, եկեղեցիներում եղել են, կան և լինելու են խավարի որդիները, որոնց նպատակը Քրիստոսի գործին վնասելն է և կորածին որոնելու և ապրեցնելու Եկեղեցու առաքելությանը խոչընդոտելը։ Եղել են, կան ու կլինեն մարդիկ, որոնք ներկայանում են որպես Քրիստոսի աշակերտներ, սակայն պայքարում են հե՛նց Քրիստոսի աշակերտների և Քրիստոսի գործը գործողների դեմ։

«Որովհետև շատերը, որոնց մասին շատ անգամներ ասում էի ձեզ և հիմա էլ լալով եմ ասում, ընթանում են որպես Քրիստոսի խաչի թշնամիներ։ Նրանց վախճանը կորուստ է։ Նրանց Աստվածն իրենց որովայնն է, և փառքը՝ իրենց ամոթը. նրանք երկրային բաներն են մտածում» (Փիլիպպեցիս 3․18-19):

«Որովհետև այդպիսիները սուտ առաքյալներ են, նենգավոր մշակներ, որոնք Քրիստոսի առաքյալների կերպարանք են ստանում։ Եվ զարմանալի էլ չէ, որովհետև սատանան ինքն էլ լույսի հրեշտակի կերպարանքն է ընդունում։ Ուրեմն մեծ բան չէ, որ նրա սպասավորներն էլ արդարության սպասավորների կերպարանքն ընդունեն։ Նրանց վերջը իրենց գործերի պես է լինելու» (Բ Կորնթացիս 11․13-15):

Այս և նմանատիպ շատ հատվածներ Աստվածաշնչից մեզ մի կարևորագույն ճշմարտություն են ուսուցանում։ Բոլոր եկեղեցի եկողները չէ, որ Աստծու ճշմարիտ զավակներ են։ Բոլոր ծառայողները չէ, որ արդարության սպասավորներ են։ Բոլոր եկեղեցիներում էլ հնարավոր է, որ լինեն կեղծ հավատացյալներ և սատանայի սպասավորներ։ Այդ դեպքում ինչպե՞ս է հնարավոր նրանց տարբերել և ձգտել լույսի, այլ ոչ թե խավարի որդիների հետ ճշմարիտ քրիստոնեական միաբանության։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Հիսուսի ուսուցումները օգնում են մեզ նաև այս հարցում։ Տերը զգուշացնում էր, որ եկեղեցում կարող են լինել սուտ ուսուցիչներ, սուտ մարգարեներ և կեղծ հավատացյալներ։ Ահա թե ինչպես կարող ես տարբերել լույսի որդիներին խավարի որդիներից։

«Իրենց պտուղների՛ց նրանց կճանաչեք. մի՞թե փշերից խաղող են քաղում կամ տատասկից՝ թուզ։ Այդպես էլ ամեն լավ ծառ լավ պտուղ է տալիս, իսկ վատ ծառը՝ վատ պտուղ։ Լավ ծառը չի կարող վատ պտուղ տալ, ոչ էլ վատ ծառը՝ լավ պտուղ։ Ամեն ծառ, որ լավ պտուղ չի տալիս, կտրվում է ու կրակի մեջ գցվում։ Ուրեմն իրենց պտուղների՛ց նրանց կճանաչեք» (Մատթեոս 7․16-20):

Պտուղը ճարտար ու համոզիչ խոսելը չէ։ Ո՛չ էլ գրավիչ կամ ոգևորող քարոզելը։ Պտուղը, որից ճանաչվում է ծառը, մարդու ապրած կյանքն է՝ նրա դավանած սկզբունքներն ու արժեհամակարգը։ Սուրբ Հոգով լցված մարդը չի կարող չձգտել սրբության կյանք ապրելուն։ Քրիստոսի ճշմարիտ աշակերտը չի կարող չնվիրվել կորսվածներին փրկության ճանապարհին կանգնեցնելու գործին։ Արդարության սպասավորի ծառայության նպատակը չի կարող սեփական անձի մեծարանքը կամ սեփական եկեղեցու բարգավաճումը լինել, այլ միայն և միմիայն Քրիստոսի Արքայության շահն է և Նրա սուրբ անվան մեծարվելը։ 

Իրական քրիստոնեական միաբանությունը հնարավոր է միայն լույսի որդիների միջև։ Եվ միայն Սուրբ Հոգին է, որ ունակ է միաբանելու տարբեր հարանվանական ու եկեղեցական պատկանելություն ունեցող լույսի որդիներին մեկ նպատակի շուրջ՝ կորածին որոնելու և ապրեցնելու, և դա հնարավոր է միայն քրիստոնեական սիրո և փոխադարձ ծառայության արդյունքում։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: