January-18

Գլխավոր | Հրաշքներ | Մի՛ ճնշվիր գործածդ սխալների պատճառով․․․

Մի՛ ճնշվիր գործածդ սխալների պատճառով․․․

Սիրելի՛ բարեկամ, այսօր ուզում եմ խոսել քեզ հետ իմ անցյալի սխալներից մեկի մասին, որպեսզի օգնեմ քեզ խուսափելու քո կյանքում նման իրավիճակների բախվելուց: Մի ասացվածք կա, որն ասում է․ «Խելացի մարդը սովորում է իր սխալների վրա, իսկ իմաստուն մարդը՝ մյուսների սխալների»։ Սակայն դիմացինի սխալների վրա սովորելու համար մարդուն խոնարհություն է պետք։ Թո՛ղ որ մենք ունենանք խոնարհ սրտեր ինչպես Դավիթ թագավորը, որ Աստծուն էր դիմում հետևյալ բառերով. «Մաքուր սի՛րտ ստեղծիր իմ մեջ, ո՜վ Աստված, և ուղիղ հոգի՛ նորոգիր իմ ներսում» (Սաղմոս 51․10):

Երբ ես երիտասարդ ծառայող էի, հաճախ էի առաջնահերթություն տալիս նրան, թե ինչ տպավորություն կթողնեմ մարդկանց վրա։ Ես փորձում էի լինել յուրօրինակ ու տարբերվող Աստծուն ծառայելու մեջ։ Հիմա ես հասկանում եմ, որ նման մոտեցումը հակառակ է Աստծուն, սակայն այն ժամանակ չէի գիտակցում դա։ Գուցե կողքից սա այնքան էլ մեծ մեղք չդիտվի։ Բայց տե՛ս, թե ինչ է ասում Աստվածաշունչը այս առումով․ «Արդ հիմա մարդկա՞նց եմ ձգտում, թե՞ Աստծուն, կամ ուզում եմ մարդկա՞նց հաճելի լինել։ Եթե տակավին մարդկանց հաճելի լինեի, Քրիստոսի ծառա չէի լինի» (Գաղատացիս 1.10):

Իրականում, ես մեղքի մեջ էի։ Իմ մոտեցումներով ու պահվածքով ես համաձայն չէի Աստծու նախանշած մոտեցումների հետ։ Միայն հետո ես հասկացա, որ ծառայողի արժեքը հեզությամբ ու խոնարհությամբ, ինչպես նաև վճռականությամբ և համարձակությամբ Տեր Հիսուսին նմանվելու մեջ է։ Տերը երբե՛ք նպատակ չէր հետապնդում մարդկանց տպավորելու, այլ խոսում էր այն, ինչը հաճելի էր երկնային Հորը, այլ ոչ թե մարդկանց։ Նա խոսում էր ճշմարտությունը, որը բխում էր Իր սիրող սրտից ու մարդկանց հանդեպ ունեցած կարեկցանքից։ Տերը սովորեցնում էր այն, ինչը ազատագրություն և բժշկություն էր բերում մարդկանց կյանքերի մեջ, այլ ոչ թե այն, ինչը նրանք էին ակնկալում լսել Իրենից։ 

Բոլոր քրիստոնյաները վտանգվում են ընկնել այս թակարդի մեջ՝ պահպանել դեմքն առանց իրենց կյանքի մեղքի խնդիրները լուծելու։ Իմ հավատքի կյանքում ամենադժվար պահը այն ժամանակ էր, երբ ես գիտակցեցի իմ սխալը։ Ինձ պետք էր գործնականում ցույց տալ, որ ես սիրում եմ Աստծուն և պատրաստ եմ փոխվելու ու Նրա կամքի համաձայն ծառայող լինելու։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ դու ունե՞ս նման ապրումներ։ Քո կյանքում կա՞ն բաներ, որ հաստատ գիտես, որ Աստծուն հաճելի չեն, սակայն շարունակում ես դրանք անել։ Կա՞ն սկզբունքներ, որոնք կարդում ես Աստվածաշնչում, սակայն համաձայն չես դրանց հետ և, գուցե, կարծում ես, որ դրանք կիրառելի չեն քո կյանքում կամ քո տվյալ իրավիճակի մեջ։ 

Գուցե փորձում ես ցույց տալ, թե ամեն ինչ նորմալ է քո հոգևոր կյանքում, երբ գտնվում ես պարբերաբար տեղի ունեցող մեղքի թակարդում։ Գուցե փորձում ես խաղաղ դեմքի արտահայտություն պահպանել, երբ քո հոգուդ խորքում քեզ տանջում է վատ սովորության բերած մեղավորության զգացումը: Իսկ գուցե անգամ սրտումդ արդարացնում ես քո մեղքը, քանի որ դրանով փոխհատուցում ես մյուսների կողմից լքված լինելդ, միայնությունդ կամ քո հանդեպ մյուսների անարդար վերաբերմունքը:

Այսօր ուզում եմ քաջալերել ու խրախուսել քեզ, որ հաստատ համոզմունք ունենաս, որ Աստված սիրում է քեզ, որ Աստված չի կարող հաշտվել քո կյանքում առկա մեղքի հետ և որ Նա ամեն բան հոգացել է, որպեսզի դու տվյալ մեղքը քո կյանքից հեռացնելու զորություն ունենաս։ Դու այսօր կարող ես մեկընդմիշտ լուծել քո կյանքում առկա մեղքի խնդիրը։

  1. Մոտեցի՛ր  Աստծուն, և նա կմերձենա ձեզ (տե՛ս Հակոբոս 4․8 խոսքը):
  1. Խոստովանիր, որ դու կատարյալ չես, որ Նրա օգնության կարիքն ունես (տե՛ս Հովհաննես 15.5 խոսքը):
  1. Խոստովանիր քո մեղքերը վստահելի հոգևոր հովվի (տե՛ս Հակոբոս 5․14-16 խոսքերը):
  1. Թո՛ղ քո կյանքի մեղքերը և ապրի՛ր ազատ՝ առանց որևէ դատապարտության (տե՛ս Հռոմեացիներին 8.1 խոսքը):

Դարձի՛ր այնպիսի հավատացյալ, ով կկարողանա ցույց տալ իր շրջապատի մարդկանց Տեր Աստծո փոխակերպող զորությունը սեփական կյանքի իրական փոփոխության օրինակով։ Այս փոփոխությունը մեր կյանքի անձնական վկայությունն է։ 

Մարդիկ գիտեն, թե ինչպիսին եմ եղել ես և տեսնում են՝ ինչպիսին եմ հիմա։ Անշուշտ, ես կատարյալ չեմ և դեռ շատ տեղ ունեմ փոխվելու։ Սակայն ես ինքս կարող եմ վկայել, որ այլևս չեմ ծառայում մարդկանց կարծիքների ու նրանց տպավորելու համար, այլ ծառայում եմ Իմ Տեր Աստծու խոսքերը Իր թանկ ու սիրելի զավակներին փոխանցելու համար։ 

Տերը ակնկալում է, որ դո՛ւ էլ քո կյանքից կհեռացնես այն ամենը, ինչը հակառակ է Աստվածաշնչի սկզբունքներին։ Նա սպասում է, որ մոտենաս Իրեն, խոստովանես քո մեղքերը, ապաշխարես ու նորոգվես Նրա հարության զորությամբ։ 

Ինչպիսին էլ լինի քո ամենագաղտնի մեղքը, Աստված գիտի դրա մասին։ Նա չի դատապարտում քեզ։ Դատապարտությունը կգա դատաստանի օրը, եթե մինչ այդ չապաշխարես ու քո կյանքից չհեռացնես այն ամենը, ինչը հակառակ է Աստծուն և Նրա Խոսքին՝ Աստվածաշնչին։ Աստված քո փրկությունն է փափագում տեսնել, քո դարձի գալը և Քրիստոսի հավատարիմ աշակերտ դառնալը։ 

Հիասքանչ օր եմ մաղթում Տեր Աստծո հետ, Ով ուզում է ներել քո բոլոր մեղքերը, եթե միայն ապաշխարես դրանցից։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: