
Գիտե՞ս արդյոք, որ ճիշտ ինչպես մեքենայի շարժիչը, մեր միտքն ու ներքին էությունն այսպես կոչված «հովացման համակարգի» կարիք ունեն, քանի որ շատ վտանգավոր է մշտական ճնշման տակ ապրելը։ Մեր միտքը կարող է «գերտաքանալ» և բազում խնդիրների պատճառ դառնալ։
Սիրելի՛ բարեկամ, այսօր ուզում եմ քո ուշադրությունը կենտրոնացնել քո առողջության վրա: Եվ ոչ միայն քո ֆիզիկական առողջության, այլև քո հոգու և մտքի առողջության վրա: Ահա՛, թե որն է Աստծու կամքը քեզ համար քո առողջության առնչությամբ․ «Սիրելի՛ս, աղոթում եմ քո բոլոր հաջողությունների և քո առողջության համար, ինչպես քո հոգին է հաջողության մեջ» (Գ Հովհաննես 1.2):
Այսօր շատերն են կարևորում իրենց մարմնի մասին հոգ տանելը։ Մարդիկ սպորտով են զբաղվում, հետևում իրենց սննդակարգին և ձգտում պահել առողջ ապրելակերպի մյուս սկզբունքները։ Եվ դա ճիշտ է ու համահունչ մարմնի համար խնամք տանելու աստվածաշնչյան պատվերին։ Այնուամենայնիվ, վերը բերված աստվածաշնչյան ճշմարտությունը մեզ սովորեցնում է, որ մարմնի առողջությունը մեծապես կախված է մարդու հոգու առողջությունից։
Իսկ երբևէ մտածե՞լ ես, որ ինչպես մարմնի համար ենք խնամք տանում, այնպես և գուցե ավելի շատ պետք է խնամք տանենք մեր մտքի համար։ Դու կարող ես այս աշխարհի չափանիշներով հաջողված մարդ լինել՝ ունենալ քո երազանքների աշխատանքն ու երազանքների աշխատավարձը, բանկային հաշիվ, որում շատ ավելի գումար կա, քան քո բոլոր ծախսերն են՝ միասին վերցրած, առողջ ու ճկուն մարմին, լավ մեքենա և այլն։
Սակայն եթե չունենաս առողջ միտք և առողջ հոգի, քեզ երբե՛ք ու երբե՛ք չի հաջողվի լիարժեք և երջանիկ կյանք ապրել: Դու չես կարող միաժամանակ ունենալ դրական կյանք և բացասական մտածելակերպ, առողջ մարմին և հիվանդ միտք։ Դրանք անհամատեղելի են:
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, իսկ ինչո՞վ ես սնուցում քո միտքը: Եթե ուզում ես առողջ միտք ու առողջ հոգի ունենալ, ապա պետք է աշխատես քո մտքերի վրա։
Կարո՞ղ եմ քեզ հետ կիսվել մի քանի պարզ խորհուրդներով:
- Առաջին հերթին առանձնացրո՛ւ քո բոլոր մտքերը, որոնք վախեր կամ անհանգստություններ են ծնում, և գրի՛ր դրանք մի հոգևոր տետրի մեջ:
- Դրանցից յուրաքանչյուրի կողքին գրիր համապատասխան աստվածաշնչյան խոստումներից մեկը։ Կարդա՛ Աստվածաշունչ կամ դիմիր հոգևոր գիտելիքներ ունեցող մարդկանց օգնությանը։ Կարող ես նաև ինձ դիմել՝ հստակ նշելով քո մտքերը, որոնք անհանգստության ու տագնապի աղբյուր են դառնում։
- Աստծու գրեթե յուրաքանչյուր խոստում ունի իր համապատասխան պայմանը։ Քննի՛ր քո կյանքն ու սկզբունքները՝ արդյոք դու բավարարո՞ւմ ես Աստծու տվյալ խոստումն ընդունելու պայմանին։ Եթե ոչ, ապա ապաշխարիր ու դարձիր այդ խոստման ժառանգորդը։
- Հաջորդ քայլը հետևյալն է՝ կենտրոնացիր ոչ թե քո անհանգստությունների, այլ Տեր Աստծու ամենակարողության վրա, Ով տվել է քեզ քո խնդրից պաշտպանելու և քո հոգեվիճակը փոխելու աստվածաշնչյան խոստումը: (Կարդա՛ Փիլիպպեցիս 4․6-7 հատվածը)։
- Զարմանալին այն է, որ Աստվածաշունչն ասում է, որ դու կարող ես ընտրել՝ ինչ մտածել և ո՛ր մտքերը վանել քեզնից։ Դու կարող ես սնուցել քո մտքերը առողջ ու ճշմարիտ տեղեկատվությամբ և վանել սուտ ու անհիմն մտապատկերները: (Կարդա՛ Փիլիպպեցիս 4․8 խոսքը)
Անշուշտ, ինչպես մարմինը մարզելու պարագայում, այնպես էլ միտքը մարզելու և հոգևոր ճիշտ սննդակարգի անցնելու պարագայում քեզ օգնություն է պետք։ Ճիշտ հոգևոր առաջնորդը քեզ կօգնի իր խորհուրդներով և անհրաժեշտ վերահսկողությամբ։ Եվ այս ամենի մեջ ամենակարևորն այն է, որ քո հոգևոր ու մտային առողջությամբ ամենաշատը հետաքրքրված է քո երկնային Հայրը, Ով սիրում է քեզ և կամենում, որ ամեն բանի մեջ հաջող և առողջ լինես, ինչպես քո հոգին է առողջ ու հաջողված։
Քո պայքարների ու անհանգստությունների ժամանակ միշտ կարող ես անկեղծորեն զրուցել Նրա հետ և աղոթքի մեջ օգնություն խնդրել։ Ե՛կ աղոթենք․ «Հա՛յր, Դու գիտես իմ մտքերը. Դու գիտես, որ ես միշտ չէ, որ կարողանում եմ դրանք վերահսկել։ Երբեմն ես մտքեր եմ ունենում, որ հաստատ համոզված եմ, որ ինձնից չեն, և շատ եմ ամաչում դրանց համար։ Երբեմն էլ, չգիտես որտեղից, վախի ու անհագստության մտքեր են ինձ այցելում։ Օգնի՛ր ինձ, խնդրում եմ, որ հմտանամ չար ու սուտ մտքերը մերժելու և Քո խոստումներին հավատալու հարցում։ Ես ուզում եմ իմ բոլոր բացասական ու չար մտքերը փոխարինել Քո Խոսքի սկզբունքներով ու դրանց հանդեպ հավատքի վստահությամբ։ Հավատում եմ, որ այդ անելով՝ կուրախացնեմ Քո սիրտը և հաջողության կհասնեմ իմ կյանքում: Աղոթում ու խնդրում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»:
Վստահեցնում եմ, որ Աստծու կամքն է, որ դու առողջ լինես հոգեպես, ինչպես նաև մտավոր և զգացմունքային առումներով:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:

Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը