Սիրելի՛ բարեկամ, Տեր Հիսուսի կողմից աշակերտների ոտքերը լվալը ճիշտ առաջնորդության լավագույն դրսևորումն էր՝ այնպիսի առաջնորդության, որն առավելագույն ազդեցությունն է թողնում առաջնորդության ներքո գտնվողների կյանքերի վրա։
Տեր Հիսուսին երբեմն անվանում են Ծառա-Արքա: Սա կարող է հակասական թվալ աշխարհի համար և աշխարհի մտածելակերպով առաջնորդվողների համար, սակայն ասվածը խորը հոգևոր իրողություն է: Տեր Հիսուսն ասաց Իր աշակերտներին, որ եթե մեկն ուզում է լինել մեծ, պետք է դառնա բոլորի ծառան:
«Բայց ձեր մեջ այդպես չպետք է լինի, այլ ձեզանից ով ուզում է մեծ լինել, պետք է ձեր սպասավորը լինի» (Մարկոս 10.43):
Տեր Հիսուսի առաջնորդությունն հիմնված էր այն փաստի վրա, որ Ինքը եկել է ծառա լինելու առաքելությամբ. «․․․ինչպես որ Մարդու Որդին չեկավ, որ Իրեն ծառայեն, այլ որպեսզի Ինքը ծառայի և շատերի փոխարեն Իր կյանքը որպես փրկագին տա» (Մատթեոս 20.28):
Նա ցույց տվեց մարդկանց Իր առաջնորդությունը՝ դրսևորելով կարեկցանք ու սեր, և Նրա սրտի փափագն էր Իր աշակերտներին աճի ավելի մեծ մակարդակի վրա բարձրացնելը:
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, այսօր ուզում եմ նաև իմ օրհնության և երախտիքի հատուկ խոսքն ուղղել մեր բոլոր քույրերին ու մայրերին, կանանց ու աղջիկներին որոնք իրենց կյանքով ու նվիրվածությամբ սիրո ու կարեկցանքի դրսևորման լավագույն օրինակներ են իրենց ընտանիքներում և շրջապատի մարդկանց համար։
Տեր Հիսուսի օրինակը պետք է դառնա յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքի ձգտումն ու փափագը։ Այսօր որոշում կայացրո՛ւ մյուսներին ծառայելու վերաբերյալ և նվիրվի՛ր Քրիստոսի բնույթն արտացոլելու առաքելությանը:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը