Մենք շարունակում ենք «Ի՞նչ է փափագում ծարավ հոգիդ» անվանումը կրող ուղերձների շարքը։ Առաջիկա օրերին մենք խոսելու ենք մարդու հոգու առանձնահատուկ ընկալումների և այդ հոգու մեծագույն փափագի մասին։ Այսօր խոսելու ենք մարմնավոր և հոգևոր մարդկանց տարբերությունների մասին։
Սիրելի՛ բարեկամ, Աստվածաշունչը սովորեցնում է, որ մարմնավոր մարդիկ դեպի մահ են գնում, իսկ հոգևոր մարդիկ՝ դեպի կյանք և խաղաղություն։ Որքա՜ն կարևոր է հասկանալ, թե ի՛նչն է մարդուն դարձնում մարմնավոր և ինչը՝ հոգևոր։ Այդ տարբերությունը բացահայտ երևում է մեր կայացրած որոշումների մեջ, որոնք էլ դրսևորվում են մեր վարքագծի և ապրելակերպի մեջ։ Իրականում, մարմնավոր մարդկանց կայացրած որոշումների վրա ազդում են մարմնի ցանկությունները, իսկ հոգևոր մարդկանց կայացրած որոշումների վրա՝ հոգու մղումները։
«Որովհետև ովքեր ըստ մարմնի են, մարմնական բաներ են մտածում, իսկ ըստ Հոգու եղողները՝ հոգևոր։ Որովհետև ըստ մարմնի խորհելը մահ է, իսկ ըստ Հոգու խորհելը՝ կյանք ու խաղաղություն։ Որովհետև ըստ մարմնի խոկումը Աստծու դեմ թշնամություն է, քանի որ Աստծու օրենքին չի հնազանդվում և չի էլ կարող։ Եվ նրանք, որ մարմնին են հետևում, Աստծուն չեն կարող հաճելի լինել» (Հռոմեացիս 8․5-8):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, թեև մարդը բաղկացած է հոգուց, շնչից և մարմնից (տե՛ս Ա Թեսաղոնիկեցիս 5.23 խոսքը), սակայն հոգին և մարմինը իրար հակառակ են։ Յուրաքանչյուր մարդու մեջ կա մարմնավորի և հոգևորի պայքարը։ Մարմինը գործում է տեսանելի աշխարհում և անհանգստացած է միայն իր անմիջական ցանկությունների ու մղումների բավարարմամբ։ Հոգին անտեսանելի աշխարհի մասնիկն է և մարդուն մղում է դեպի կյանք ու խաղաղություն, ինչը մարդու կյանքում կարող է իրականություն դառնալ միայն և միմիայն Տեր Աստծու կամքին հնազանդության պարագայում։
«Սակայն ասում եմ. «Հոգո՛վ ընթացեք ու մարմնի ցանկությունը մի՛ կատարեք»։ Որովհետև մարմինը հոգու հակառակն է ցանկանում, իսկ հոգին՝ մարմնի հակառակը։ Եվ քանի որ սրանք իրար հակառակ են, չանե՛ք այն, ինչ կամենում եք» (Գաղատացիս 5․16-17):
Մարդու հոգին փափագում է Աստծու կամքին հնազանդության, սակայն մարդը կարող է լռեցնել հոգու ձայնը և ապրել մարմնավոր կյանքով՝ իր որոշումների կայացման հիմքում դնելով ո՛չ թե Աստծու Խոսքի սկզբունքները, այլ սեփական մարմնի ու ես-ի ցանկությունները։ Այդ ժամանակ մարդու ներսում մի մեծ դատարկություն է առաջանում, որը կարող է լցվել միայն Տեր Աստծու հետ հաշտության ու ներդաշնակության հարաբերության պարագայում։
Ինչո՜վ ասես մարդիկ չեն փորձում լցնել իրենց ներսի դատարկությունը․․․ Սակայն մարդու հոգին այդպես էլ մնում է ծարավ ու ընկճված, քանի դեռ մարդու մարմնավորությունը չի փոխարինվել հոգևորությամբ ապաշխարության օրհնյալ ընթացքի շնորհիվ։ Ամբողջ խնդիրն այն է, որ մարդու հոգին չի կարող խաղաղություն գտնել, երբ տեսնում է, որ այդ մարդու ապրած կյանքը իրեն դեպի հավիտենական կորուստ է տանում։
Եվ հե՛նց այն նույն ակնթարթին, երբ մարդը հաշտվում է Տեր Աստծու հետ՝ Տեր Հիսուս Քրիստոսի զոհին ու ուսուցումներին հավատալու արդյունքում, նա մի այնպիսի խաղաղություն է ընդունում, որը ոչ ոք չի կարող իրենից գողանալ։ Հե՛նց Աստծու հետ հաշտություն և խաղաղություն գտնելու ուղիների մասին ենք խոսելու մեր հաջորդ ուղերձում։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը