Սիրելի՛ բարեկամ, ուզում եմ քեզ հետ այսօր խոսել հուսահատության մասին։ Ես ինքս բազմիցս ցանկացել եմ թողնել այն, ինչը սկսել եմ: Հուսալքությունը շատ անգամ է գրեթե հաղթել ինձ։ Այդ պահերին ինքս ինձ հետ խոսում էի և ասում. «Որքա՞ն կարող է այս ամենը շարունակվել։ Մի՞թե Դու չես տեսնում այս անարդարությունները, Տե՛ր»: Սակայն այսօր ուզում եմ քեզ հետ կիսվել Աստվածաշնչի մի հատվածով, որը շատ եմ սիրում և որն իսկապես քաջալերել և այսօր էլ քաջալերում է ինձ:
Դա Սաղմոս 1:1-3 հատվածն է․ «Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի համաձայն չի գնում և մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում և ծաղր անողների աթոռի վրա չի նստում, այլ նրա հաճույքը Տիրոջ օրենքի մեջ է, և ցերեկ ու գիշեր մտածում է նրա օրենքի մասին։ Նա ջրերի հոսանքի մոտ տնկված ծառի պես է, որ իր պտուղը տալիս է իր ժամանակին, և նրա տերևը թառամելով չի թափվում, և ամեն ինչ, որ անում է, հաջողվում է նրան»:
Գիտե՞ս արդյոք, որ Աստծո Խոսքում մենք կարող ենք գտնել բազմաթիվ տղամարդկանց և կանանց օրինակներ, ովքեր նույնպես հուսահատվել են, ցանկացել են թողնել իրենց ընթացքը և հրաժարվել ամեն ինչից:
Այդ օրինակներից մեկն էլ Եղիան է՝ Աստծո մեծ մարգարեն: Չար Հեզաբելի մեղադրանքների և սպառնալիքների լուրը ստանալուց հետո, Եղիան խնդրեց Աստծուն, որ Նա վերցնի իր կյանքը: Եղիան ամբողջ էությամբ մահ էր փափագում (Գ Թագավորաց 19.2-8)։
Իրականում, հաղթանակի բանալին կայանում է նրանում, որ նման դեպքերում ոչ թե կանգ ենք առնում, այլ համառորեն շարունակում ենք առաջ ընթանալ։ Աստծո հրեշտակը Եղիային «ստիպեց» կերակուր ուտել, և այդ սննդի միջոցով ստացած ուժի շնորհիվ նա ոտքի կանգնեց ու կրկին քայլեց առաջ: Եվ այն էլ ինչպես քայլեց՝ 40 օր ու 40 գիշեր դեպի Աստծո սարը։
Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, ես հավատում եմ, որ պատահական չի, որ ընթերցում ես այս ուղերձը և սրտումս համոզված եմ, որ շատ մոտ ես քո կյանքի բեկումնային պահին, քո օրհնությանն ու Աստծո գերբնական միջամտությանը։ Ինչ-որ մեկն ասել է․ «Ճեղքի՛ր իրավիճակը և կտեսնե՛ս ելքը»:
Այսօր ուզում եմ քաջալերել քեզ, որ երբեք չթուլանա՛ս, չկանգնե՛ս և, հատկապես, չկանգնե՛ս մեղավորների ճանապարհի վրա։ Թուլանալն ու մեղքի ուղին բռնելը տրտմություն ու դառնություն կբերեն քո կյանք և, ի վերջո, կկործանեն քեզ: Այնպես որ, նույնիսկ եթե ճշմարտության ու սրբության ճանապարհը շատ նեղ ու դժվարին է, շարունակի՛ր քայլել այդ ճանապարհով: Վաղ թե ուշ, դու կհանդիպես քո օրհնությանը, եթե հավատարիմ մնաս ու չթուլանաս։
Թույլ կտա՞ս աղոթել քեզ համար․ «Տե՛ր, ես Քո առջև եմ բերում Քո թանկագին զավակին, ով կարդում է այս տողերը։ Խնդրում եմ, որ բարձրացնես նրան, լցնես նոր ուժով ու նոր հույսով: Թող Քո ուրախությունը լինի նրա զորությունը: Զորացրու Քո զավակին, որպեսզի նա հարատևի Քեզ հետ հարաբերության, Քո սահմանած ծրագրերի և Քո նախանշած ճանապարհների մեջ: Աղոթում եմ Տեր Հիսուսի անունով։ Ամե՛ն»:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը