Ես երբեք չեմ դադարի շեշտել, որ դու քո հույսը պետք է Աստծո վրա դնես: Վստահիր Նրա կողմից դրված ծառայողներին ու մարգարեներին, սակայն հույսդ դիր միայն Ամենակարող Աստծո վրա, այլ ոչ թե մարդու:
Մեր Փրկիչ Տերը երբեք չէր անտեսում նրանց, ովքեր հավատք ունեին: Նա հավատք ունեցող մարդկանց էր փնտրում։ Իսկ երբ գտնում էր, ապա չէր կարողանում անտարբեր մնալ նման մարդու նկատմամբ և նրա կարիքների նկատմամբ։ Տեր Հիսուսը հաճախ հենց նման մարդկանց էր բժշկում։ Այդ առումով Նրա ամենասիրած արտահայտությունը հետևյալն էր. «Գնա՛ և ինչպես որ հավատացիր, այդպես էլ թող լինի քեզ» (Մատթեոս 8.13):
Մի օր, երբ Տեր Հիսուսն ուսուցանում էր մարդկանցով լի մի տան մեջ, Նա լսեց, որ տանիքի վրա ինչ-որ իրարանցում է: Մարդիկ հեռացնում էին տանիքի գերանները, որպեսզի կարողանային մի անդամալույծ մարդու իջեցնել Նրա մոտ: Տեր Հիսուսի աչքի առջև բացվեցին տանիքի գերաններից մի քանիսը և ինչ-որ մեկին իջեցրին վերևից։ Եվ մինչև Տերը կտեսներ, թե ով է այդ մարդը, Նա մեկ ուրիշ բան տեսավ, ինչը միշտ փնտրում էր՝ նրանց հավատքը (Ղուկաս 5․20)։
Սիրելի բարեկամ, այսօր Տերը տեսնում է քո հավատքը: Այն քեզ համար կարող է փոքր հավատք թվալ, Սակայն Տեր Հիսուսը երբեք չի ասել, որ ինչ-որ բանի հասնելու կամ Աստծուց ընդունելու համար մեծ հավատք է հարկավոր: Մանանեխի հատի չափ հավատը կարող է սարեր տեղաշարժել:
Ես գիտեմ, որ դու ունես հավատք, և եթե քո թեկուզ փոքր հավատքը հպվի Տեր Հիսուսին, ապա այն, վստահաբար, բավարար է, որպեսզի հենց հիմա Նա շրջվի դեպի քեզ ու ասի. «Քո հավատը փրկեց քեզ»: Գնա՛ Տիրոջ առջև աղոթքով և հավատքով ստացի՛ր խնդրվածքիդ պատասխանը։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը