Մենք շարունակում ենք «Ի՞նչ է փափագում ծարավ հոգիդ» անվանումը կրող ուղերձների շարքը և շարունակում ենք խոսել մարդու հոգու առանձնահատուկ ընկալումների և այդ հոգու մեծագույն փափագի մասին։ Այսօր անդրադառնալու ենք մարդու հոգու մեծագույն փափագին, որը Աստծու խաղաղությունն է, և դրան հասնելու միջոցին, որը Տեր Աստծու հետ հաշտության հարաբերությունն է։
Սիրելի՛ բարեկամ, յուրաքանչյուր մարդու հոգին մեծագույն փափագով ձգտում է Տեր Աստծու հետ խաղաղության և հաշտության հարաբերության։ Ինչպես նշեցի մեր նախորդ ուղերձի մեջ, այս մեծագույն փափագի իրականացած չլինելը լիարժեքության պակասի և դատարկության մի անհասկանալի զգացողություն է ծնում մարդու սրտում, որը ոչ հոգևոր մարդը ոչ մի կերպ չի կարողանում բացատրել։
Բազմաթիվ են վկայությունները, երբ մարդիկ ասում են, որ իրենց կյանքում արտաքինից ամեն բան լավ է եղել՝ առողջություն, ընտանիք, աշխատանք, հարաբերություններ և այլն, սակայն ներսում մի սարսափելի անդունդ ու դատարկություն են զգացել, որը լցվել է միայն Տեր Աստծուն ճանաչելու և Նրա հետ հաշտության հարաբերության մեջ մտնելուց հետո։
Իսկ ինչպե՞ս է հնարավոր գտնել Աստծու հետ նման հաշտություն։ Արդյոք մարդն անհա՞շտ է Աստծու հետ, որ հաշտության հարաբերության կարիք ունի։ Հնարավոր չէ՞, որ մարդն ապրի սովորական բարի կյանքով և իր սրտում ունենա խաղաղություն, թե՞ պարտադիր է հավատացյալ դառնալը կամ հավատքի կյանքով ապրելը։ Այս և նման շատ հարցերի պատասխանները մենք գտնում ենք գրքերի Գիրք և բացարձակ ճշմարտության միակ Աղբյուր Աստվածաշնչի մեջ։
«Արդ մենք, հավատով արդարացած լինելով, Աստծու հետ խաղաղություն ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Որովհետև եթե այն ժամանակ, երբ թշնամի էինք Աստծուն, Նրա հետ հաշտվեցինք Իր Որդու մահով, ապա որքա՜ն առավել կփրկվենք Նրա կյանքով, երբ հաշտվել ենք։ Եվ ոչ միայն այսքանը, այլ նաև Աստծով ենք պարծենում մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, որով հիմա հաշտությունն ընդունեցինք» (Հռոմեացիս 5․1,10-11):
Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված Իր Խոսքին անհնազանդ յուրաքանչյուր մարդու տեսնում է որպես ապստամբ և թշնամի։ Բարի լուրն այն է, որ Նա չի դադարում մեզ սիրել անգամ մեր՝ թշնամի եղած ժամանակ։ Սակայն սիրելը Նրան մղում է ոչ թե մեզ մեր թշնամական ու ապստամբ վիճակում ներելուն և մեր թշնամության հետ հաշտվելուն, այլ դեպի Իր հետ հաշտության ու խաղաղության վիճակին մեզ բերելուն։ Հե՛նց սա է փափագում մարդու հոգին։ Իսկ դա հնարավոր է միայն Տեր Հիսուսի զոհին ու ուսուցումներին հավատալու շնորհիվ։
Մենք Տեր Աստծու հետ հաշտություն ենք գտնում միայն Տեր Հիսուսի մահվան շնորհիվ։ Ավելի պարզ ասած՝ Գողգոթայի խաչի վրա Տերը վճարել է մեր ապստամբության ու Աստծու դեմ մեր թշնամանքի պատիժը։ Նրա տառապանքն ու մահը մեր մեղքերի պատիժն էր։ Եվ երբ մենք ապաշխարում ենք՝ հավատալով Նրա Խոսքերին և որոշում կայացնելով այսուհետ ապրելու ո՛չ թե մեր ցանկություններով ու պատկերացումներով, այլ Աստծու Խոսքին ու Նրա կամքին հնազանդության ընթացքով, մենք ներում ենք ընդունում մեր գործած մեղքերի համար և մտնում Տեր Աստծու հետ հաշտության հարաբերության մեջ։
Ինչպիսի՜ անցյալ էլ ունեցած լինես, ինչպիսի մեղքեր էլ գործած լինես․․․ Եթե անգամ ինքդ ամաչում ես դրանց մասին մտածելիս միայն, այսօր քեզ համար Բարի Լուր ունեմ։ Տեր Հիսուսի զոհը Գողգոթայի խաչի վրա կարող է հիմք լինել քո ցանկացած մեղքի ներման համար, եթե միա՜յն որոշում կայացնես այսուհետ ապրելու Տիրոջ համար և Նրա հավատարիմ աշակերտի կյանքով։
«Հիմա եկե՛ք վիճաբանենք,- ասում է Տերը,- եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն. եթե դրանք որդան կարմիրի նման են, բրդի պես սպիտակ կդառնան։ Եթե դուք հոժար լինեք ու լսեք, կճաշակեք երկրի բարիքը։ Բայց եթե մերժեք և ապստամբեք, սուրը պիտի ուտի ձեզ, քանզի Տիրոջ բերանն է, որ ասաց սա» (Եսայիա 1․18-20):
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը